Ձմռանը Երեւանի քաղաքային ավագանին աղբահանության սակագների ու դրանք ժամանակին չմուծելու տուգանքների չափ էր որոշում: Սովոր ենք. տարբեր ծառայությունների (առաջնահերթ կենսականության) գներ, նոր հարկեր ու հարկաչափեր, տուգանքներ ավելացնելուց ավելի հեշտ բան Հայաստանում չկա: Հայ ղեկավարը, իշխանավորը երկրի, իր ժողովրդի անվտանգության, սոցիալական ապահովության երաշխավո՞րն է, ի՞նչ է: Այդ երաշխավորը ՀՀ Սահմանադրությունն է, նա էլ թող մտածի իր քաղաքացիների մասին: Ու մտածում է, երկար, շատ երկար է մտածում:
Ավագանու մտքով չանցավ էլ, որ որոշման մյուս երեսն էլ պետք է լինի, պետք էր հստակեցնել ոչ միայն ծառայության գինը, այլեւ կանոնակարգվեր դա, որ բնակիչը իմանա, թե աղբահանությունը ինչ պարբերությամբ են պարտավոր կատարել: Ստացվում էՙ մի կողմը պատժվում է, մյուս կողմըՙ շահում: Իսկ իրականում տուժում է քաղաքը, տուժում ենք մենք, որ ահա ամռան տոթ այս օրերին ստիպված ենք լինում եւՙ հաճախակի չշնչելու, որովհետեւ օդը ապականված է, կամ շատ արագ, նույնիսկ վազքով անցնել ահռելի աղբակուտակներով լցված փողոցները:
Իսկ բարձրահարկ շենքերում աղբը կուտակվում է բունկերներում ու կուտակվում, եւ ով գիտի, որքան է այդպես թթվում-մնում, մինչեւ նեխահոտը շենքը, ողջ տարածքը չբռնի, մինչեւ բնակիչները տնետուն ընկած ստորագրություններ չհավաքենՙ դիմում-բողոքներ, որ աղբը ժամանակին եկեք-տարեք, թե չէՙ խեղդվում ենք:
Պարզվում էՙ շենքի բնակիչները (Քեռու փողոց, թիվ 58) հենց սկզբից, դեռ 21 տարի առաջ դատապարտված էին. աղբատարի հարցում բախտները չէր բերել. սխալ դիրքով էր տեղադրվել հարկերից մեկում աղբատարի մետաղաթիթեղը: Ու սրանից միշտ տուժել են, եւ նաեւՙ որովհետեւ աղբը ամիսներով կուտակվում ու տեր դարձող չկա, փոխարենըՙ բնակիչներից կանոնավորապես փող հավաքողը կա, դեռ չտալու դեպքում էլՙ տույժերը կան: Տարիներն անցնում եւ մետաղաթիթեղները շարքից դուրս են գալիս, ծակծկվում, եւ ահա կուտակված աղբի կեղտաջրերը ոչ միայն հոսում են բակով մեկ, որտեղ երեխաներ են խաղում ու ամենավատըՙ համարյա միշտ գնդակով, այլեւ արդեն լցվում են 2-րդ հարկի միջանցքներըՙ ստեղծելով հակասանիտարական վիճակ, զանազան միջատների ու կրծողների համար նպաստավոր պայմաններով: Արդեն որերորդ օրն է վերելակի մոտ կանգնելն ուղղակի վտանգավոր է, հոտը անմիջապես ազդում է սրված նյարդերիդ վրա, ուզում ես փախչել, ոտքով բարձրանալ, բայց նույն հոտը հետապնդում է հարկից հարկ անցնելիս, գլխապտույտ-գլխացավ առաջացնում: Ամեն հարկում աղբատարին փակցված գրությունը խնդրում է բնակչին աղբը իջեցնել ներքեւ, այսինքնՙ բացել բունկերի մետաղյա դուռը, զգուշորեն կանգնել, որ կեղտաջուրը չընկնես ու ստիպված շնչել երկար ժամանակ կուտակված հսկա աղբակույտի սուր նեխահոտը: Հետո ավագանին տուգանքների նոր չափաբաժին կավելացնի, կյանքդ, առողջությունդ անտեղի վատնած անցած օրերիՙ այս գաղջ, անմարդկային պայմանների ու զրկանքների համար:
Քաղաքը շոգի մեջ տապակվում է, բնության քմահաճույքն է, որի մեջ մեր մեղքի բաժինը որքա՞ն է, չգիտենք, կամ ձեւացնում ենքՙ թե չգիտենք: Շոգի դեմ ոչինչ չենք կարող անել, բայց հո կարող ենք փողոցների աղբը մաքրել: Թվում էրՙ փողոցային աղբահանությունը, գոնե ամռանը, ավելի կանոնավոր ու ժամանակին պիտի որ արվի: Բայցՙ ոչ: Օրվա որ ժամին դուրս գասՙ փողոցներում տեղադրված մետաղյա աղբատարները ցուցադրում են իրենց այլանդակությունը, միշտ լեփ-լեցուն, կատուներն էլ թառած, անպակաս: Իսկ հո՞տը: Այդ հոտը արդեն քաղաքի նկարագիրն է. աղբահավաք մեքեենան անցնում, հետեւից թողնում է հետքըՙ կեղտաջրերը հոսում, անցնում են փողոցից փողոց, ու բարձրանում է քաղաքի գաղջ հոտըՙ մեր անմաքուր կյանքի ամենասուր նշանը:
Շենքի բնակիչները դիմում-բողոքով խնդրում են ազատել իրենց աղբահոտից, ճարահատ համաձայնում աղբատարը հանելուն, չեն էլ մտածում, թե աղբը տնից հանելուց հետո ուր են թափելու, շատերի համար գուցե թե մեկ է, կարելի է փողոցի մի անկյունում, ծառի բնի, էլեկտրասյան կողքը կամ պատի տակ շարել: Միեւնույն է, սովոր ենք, քաղաքը սովոր է, ինչ տարբերություն, աղբատար կա, թե չկա, սրանք պռնկեպռունկ լիքն են միշտ, կողքերինՙ դիզված, թափված, շաղ տված ամեն աղտեղությամբ: Նեխահոտը գրավել է քաղաքի մթնոլորտը, լցվում է տները (բնակիչները գրում են, որ պատուհաններն այս շոգին ստիպված են փակել կեղտահոտից չխեղդվելու համար), վտանգում մեր առողջությունը, քայքայում նյարդերը ու ամենավտանգավորըՙ այն սպառնում է մյուս ախտ-արատների նման դառնալ սովորական, այսինքնՙ սովորեցնել իրենՙ հոտին, այն ամեն այլանդակի պես, ինչին տարիների ընթացքում վարժեցրին, ընտելացրին բոլորին. լսել անլսելին, անել անկարելի թվացողը, անտարբերանալ, ծախվել-ծախել, քծնել-խաբել, ստորանալ-ստորացնել, կաշառել ու կաշառվել, թքել պատվի, արժանապատվության, հարգանքի, մարդկային ամեն բարոյականի վրա, սովորել վատին, տրվել մտքի ծուլությանը, անկարողությանը, անճարակությանը, մի խոսքովՙ մոռանալ մարդավարի, քաղաքավարի ապրելը, քո բնակավայրը, քաղաքը աղբանոց չդարձնելը- ամեն առումով:
«Քաղաքում մի ծաղիկ են տնկում, քաղաքապետը մի դյուժին լրագրող հետեւից գցած, գնում-ներկայանում է, բա՞ փողոցների աղբը, տրանսպորտից կախ ընկած շունչները կտրող մարդկանց, գետնուղիների առեւտրի հեղձուկը, քաղաքի հոտը չի՞ տեսնում»,- ասում է ստորագրություն հավաքող կինը:
Չէ՛, հոտը չի «տեսնում»: Հոտը նկարագրել չի լինում, ձայնագրել չի լինում, պատմել չի լինում. այս հոտը արդեն անշնչելի է դարձնում քաղաքը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ