Սոցիալական ցանցերը մի շարք կարեւոր խնդիրներ են լուծում: Հատկապես դրական է, որ դրանք շատ արագ օգտատերերին են հասցնում այն ինֆորմացիան, որը ոչ մի ուրիշ աղբյուրից հնարավոր չէ քաղել: Սակայն, ի թիվս մի շարք հարմարությունների եւ անհարմարությունների, սա մի տարածք է, որտեղ կեղծել հնարավոր չէ, եւ կեղծիքը երեւում է հազար կիլոմետրերից: Ու պտտվելով սոցիալական ցանցերում` կարելի է իսկապես հասկանալ` ո՞վ ինչ է մտածում եւ ո՞վ ինչի է ընդունակ :
Մի կողմ թողնելով այդ ցանցերի` կենցաղային մակարդակի կպչունությունն ու շատ հաճախ էթիկայի տարրական կանոնների չպահպանումը, նաեւ` պարզապես ժամերով ժամավաճառությունը շատ օգտատերերի պարագայում, նշենք, որ այս ցանցերը հիմա ավելի կարեւոր ասպարեզ են մեր քաղաքական գործիչների ու ընդհանրապես հանրային մարդկանց համար, որոնց հետ կարելի է բանավիճել, ոչ պաշտոնական ու այդ առումով իրականությանն ավելի մոտ նրանց գնահատականն ընթերցել, արձագանքել, հարցնել ու պատասխան ստանալ, մի խոսքով` անփողկապ հարաբերվել: Բնականաբար այդ ցանցերում գրանցված են այն քաղաքական գործիչներն ու հանրային մարդիկ, ովքեր չեն վախենում հասարակության հետ հարաբերվել:
Երեկ պտտվելով սոցիալական ցանցերում, սակայն, տեսանք, որ սովորաբար ակտիվ գործիչների մի մասը վերջին օրերին այնքան էլ ակտիվ չէ` նշանակություն ունի ամառային վերջին օրերի արձակուրդային ռիթմը երեւի: Օրինակ` Վարդան Օսկանյանը , որ սովորաբար անընդհատ քաղաքական գնահատականներ էր դնում Facebook-ի իր էջում, երեկ գովազդում էր Սիվիլնետի հեռուստառեպորտաժներից մեկը, կամ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն անձամբ գրառումներ իր էջում վերջին օրերին չէր արել: Բայց վերջինիս էջը պարապ չէր մնացել նորություններից, եւ ահա թե ի՞նչ էր դրել օգտատերերից մեկը` Կարեն Թումանյանն այնտեղ. «Դիմում եմ որոշ պաշտոնյաների` ձեզ հարցրե՞լ եք, թե ինչո՞ւ ժողովրդի նույնիսկ անապահով հատվածը, այս մարդու անունը լսելուց, իրեն պաշտպանված էր զգում (խոսքը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին է- Մ.Խ), իսկ ձեզ հետ շփվելիս անմիջապես պաշտպանվելու ցանկություն է ի հայտ գալիս. պատասխանը հետեւյալն է` կառուցում եք դղյակներ, ապրում եք, ինչպես աստվածներ, պաշտում եք ճոխությունը, ոչ մի բանով ձեզ չեք սահմանափակում, չքավորներից խուսափում եք, ինչպես բորոտներից, հասարակությունը բաժանել եք կայացածների եւ չկայացածների եւ այսպես շարունակ... http://blognews.am/arm/news/17972/haxtanakin-khajordi-partutyun-ete.html: Կարծես թե շատ բան է ասել օգտատեր Կարեն Թումանյանը` այս գրառումը կամ ստատուսը տեղադրելով Արտակ Զաքարյանի էջին:
Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի վերջին գրառումներից վերցրինք երկու կարճը. «Այս ստատուսը արդեն քանի օր պտտվում է մտքիս մեջ, բայց դե անհարմար էի զգում գրել: Բայց այն, ինչ տեսա այսօր առավոտյան, ջնջեց անհարմարության զգացողություններս. «Փողոցում կանանց քայլվածքից կարելի է ենթադրել, թե ի՛նչ երկրում ես դու գտնվում» (՞-Մ.Խ.): Մյուս գրառումը. «Ընկերներիցս մեկը նոր գրեց, թե մի շնչում կարդացել է իմ «Պապ թագավոր կամ մայրամուտից առաջ» վեպը: Խիստ նեղացա: Ասացիՙ «Երկու տարի չարչարվում, գրում ենք, բռնում-մի շնչում կարդում եք: Գոնե մի քանի օր գիրքը շուռումուռ տվեք»: Հա, սա գրողական սովորական զգացում է, ուրիշ գրողներից էլ եմ լսել այս կարգի բան:
«Ժառանգության» նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը , որ ամենից ակտիվ ստատուսագիրներից է, եւ ամեն օր տարբեր իրողությունների վերաբերյալ մի շարք գրառումներ է դնում իր էջում, երեկվա գրառումներում մեկնաբանել էր թերթերից մեկին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքը. «ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի արձագանքը Դավութօղլուին. Ահմեդ, բռնվի, գծերից գցելու ենք», ուրախացել էր Ս. Սաֆարյանը: Նրա կուսընկերուհի Անահիտ Բախշյանի էջից մեզ դուր եկավ տիկին Անահիտի սիրելի ցիտատը. «Չպլանավորելով ժամանակդ` պլանավորում ես անհաջողությունդ»:
«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը օգոստոսի 23-ին, անկախության հռչակագրի օրը գրառել է. «Ինձ թվում է` մենք այն ժամանակ լիարժեք անկախ կլինենք, երբ Հայրիկյանը կդադարի այս օրը ասուլիս տալ»: Վստահ եղեք` նրա հետ անհամաձայն բանավիճողներ եղել էին:
ՀՅԴ Հայաստանի Հայ դատի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը , պարզվում է, բավական ռոմանտիկ մարդ է, եւ իր էջի վերջին գրառումը «Լեռներ Հայրենի» բանաստեղծությունն է` «էրգրից» նկարով եւ «Արտահանէն Արդուին ճամբու ընթացքին (11 Օգսոտսոս 2012)» պարզաբանմամբ.
Ա՜խ, ինչքա՜ն, ինչքա՜ն կարօտել եմ ձեզ,
Սիգապանծ լեռներ հայոց աշխարհի,
Վազել եմ, յոգնել ձեր լանջերում ես,
Իմ լեռնե՛ր, լեռնե՛ր, լեռնե՛ր հայրենի: Եվ այլն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի էջում Գոհար Սահակյան անվամբ մի տիկին գրառել է. «Հարգելի քաղաքապետ, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի Մինաս Ավետիսյան 4 փողոցի 2 շենքին հարող մայթը, որը նախատեսված է հետիոտնի համար, արդեն 2 տարուց ավելի զավթվել է բնակիչների կողմից եւ այժմ ծառայում է որպես հանգստի գոտի 2- 3 բնակիչների համար , որտեղ արդեն խորովածանոց են բացել... Կարճ ասած, տարածքի բնակիչները մայթից չեն կարողանում օգտվել ապօրինի մայթ զավթողների պատճառով... Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակիցները ոչ մի միջոց չեն ձեռնարկում այդ ապօրինությանը վերջ տալու համար... Ինչ է ստացվում` մայթերը եւս պետք է «սեփականաշնորհվեն»: Սա` ի թիվս տարբեր իրազեկումների ու շնորհակալությունների, որով լի է քաղաքապետի էջը:
Ինչպես տեսնում եք` Facebook-ում շրջելիս նախ չեք տխրի, կիրազեկվեք, հետո կիմանաք, թե ինչ են մտածում ամեն օր էկրանից ձեզ երեւացող հայտնի մարդիկ ու գուցե պաշտոնյաների էջերում ինֆորմացիա տեղադրելով` կարողանաք հարց լուծել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ