Երեկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը, լրագրողների հետ հանդիպելով` մի շարք հետաքրքրական բաներ է ասել: Նա նշել է, որ Վանո Սիրադեղյանի վերադարձը ձեռնտու չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար, ու Վանոյի վերադարձի դեպքում Տեր-Պետրոսյանը «կփախնի», քանի որ ժամանակին Վանոն չէր կարող միայնակ ինչ-որ բան անել. Բաբուխանյանը, սակայն, ճիշտ է համարել, որ Սիրադեղյանը վերադառնա, դատական գործընթացով անցնի ու պատասխան տա: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործոնին` Հ. Բաբուխանյանը կարծիք է հայտնել, որ Ռ. Քոչարյանը ժողովրդի մեջ հենարան չունի եւ չի կարող վերադառնալ քաղաքականություն, եւ իր նախագահելու օրոք շատ սխալներ է թույլ տվել: Սխալների թվում նա նշեց Տեր-Պետրոսյանի ժամանակից ծնունդ առած քրեաօլիգարխիկ համակարգի զարգացումը Ռ. Քոչարյանի օրոք, որի դեմն այսօր փորձ է արվում առնել, ու բերեց նոր Ազգային ժողովի առավել քաղաքականացված լինելու հանգամանքը:
Մ. Խ.