«Ու՞ր է քայլում երաժշտությունը: Երաժշտությանը պետք չէ հետեւել: Այն ունի իր անձնական ուղին: Ուզենք թե չուզենք, ակամա գնում ենք նրա հետեւից: Եթե նույնիսկ փորձում ենք շեղվել, միեւնույն է, նորից վերադառնում ենք»:
Հայկ Մելիքյան
Դաշնակահար, կոմպոզիտոր Հայկ Մելիքյանը համաշխարհային ճանաչում ձեռք բերած այն երաժիշտներից է, ով աչքի է ընկնում իր հազվագյուտ տաղանդով, վառ երեւակայությամբ, վիրտուոզ եւ ինքնատիպ կատարողականությամբ:
Նա ծնվել է 1980թ Երեւանում: Սովորել է Ալ.Հեքիմյանի անվան թիվ 13 երաժշտական դպրոցում (Իրինա Գրիշինիսկայայի դասարան), այնուհետեւ Ալ.Սպենդիարյանի անվան դպրոցում (Ալեքսանդր Գուրգենովի դասարան): 2002թ ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը` պրոֆ. Ալեքսանդր Գուրգենովի ղեկավարությամբ, իսկ 2005թ` նույն բաժնի ասպիրանտուրան (պրոֆ. Ա.Գուրգենովի դասարան): 2006-2009թթ սովորել է Երեւանի պետական կոնսերվատորիայի Կոմպոզիցիայի բաժնում (պրոֆ.` Վարդան Աճեմյանի դասարան):
Հայկ Մելիքյանը առավել հայտնի է որպես դաշնակահար. «Իմ առաքելությունը դաշնամուրային գործունեությունն է»: Նա հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2000 թվականից բազմաթիվ համերգներով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: Նրա նվագացանկը միշտ հագեցած է եւ բազմազան, որտեղ ժամանակակից երաժշտությունը գերակշռող մաս է կազմում: Մելիքյանը հայ եւ այլազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Նշենք, որ դաշնակահարը 2009թ հիմնել է «1900+» համերգաշարը` նվիրված 20-րդ դարի եւ ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությանը, որի յուրաքանչյուր համերգ նվիրվում է մի ժողովրդի երաժշտությանը: Կայացել են ռուսական, ֆրանսիական, ճապոնական, լեհական, շվեյցարական եւ հայկական 20-րդ դարի եւ ժամանակակից դաշնամուրային երաժշտությանը նվիրված համերգներ, որոնց ընթացքում եղել են շատ գործերի պրեմիերաներ. «Առաջին կատարումները, որոնք իրականացվում են իմ կողմից, ինձ համար, եւ պարտավորեցնող են: Ներկայացնելով ստեղծագործությունը` ես փնտրում եմ կոմպոզիտորի անձնական երաժշտական լեզուն, տվյալ ժողովրդի կոմպոզիտորական դպրոցը: Նրանք ունեն տարբեր լեզուներ եւ ինձ համար հետաքրքրական է ուսումնասիրել դրանք»: Նշենք նաեւ, որ «1900+» համերգաշարի շրջանակներում, 2010 թվականին կայացավ երիտասարդ հայ կոմպոզիտորների մրցույթ, որի ժամանակ բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործություններից Մելիքյանն ընտրեց չորս կոմպոզիտորների գործեր: Նպատակն էր այդ ստեղծագործությունները կատարել, ձայնագրել, հրատարակել նոտային տեսքով, կատարել դրանց պրեմիերաները աշխարհի տարբեր երկրներում եւ թողարկել ձայնասկավառակ: Վերջինս, դաշնակահարի նշմամբ, լույս կտեսնի այս տարվա վերջում: Հ. Մելիքյանի կատարումները թողարկվում են ե՛ւ սոլո ալբոմների ձեւաչափով, ե՛ւ հավաքածուներում: 2010-2012թթ նրա եւ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ձայնագրվել եւ թողարկվել է Ա. Բաբաջանյանի դաշնամուրային մենանվագ ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն: Բացի դրանից, վերջերս թողարկվեց թավջութակահար Լեւոն Մուրադյանի հետ կատարած չորս հայ կոմպոզիտորների սոնատների ձայնասկավառակը: Այն կամերային երաժշտությանը նվիրված Մելիքյանի առաջին ձայնասկավառակն է:
Իր վառ երեւակայության շնորհիվ Հայկ Մելիքյանը հանդես է գալիս որպես իմպրովիզացիայի փայլուն վարպետ, ինչը դաշնակահարի համերգները դարձնում է առավել հագեցած, բազմիմաստ եւ գունավոր: Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր` Աննա Արեւշատյանի բնորոշմամբ. «Իր բոլոր համերգային ծրագրերը Հ. Մելիքյանն ավարտում է իմպրովիզացիաներով` դահլիճի կողմից առաջադրված թեմաների հիման վրա, ցուցաբերելով տարբեր դարաշրջանների, ոճերի փայլուն իմացություն, արտասովոր հնարամտություն, ճաշակ եւ հումոր, որը շատ հազվագյուտ շնորհ է»:
Դաշնակահարը շարունակում է ակտիվ համերգային գործունեություն ծավալել արտերկրում նաեւ այս տարի: 2012թ Ճապոնիայում Անգլիայի Էլիզաբեթ թագուհու հոբելյանական տարվա կապակցությամբ «Backes & Strauss»-ի կողմից թողարկված անգլիական ժամացույցի շնորհանդեսի համար Մելիքյանին առաջարկվել էր գրել երաժշտություն: Նաեւ ունեցել է մենահամերգ Տոկիոյի «Roppongi»-ի սրահում, որտեղ դաշնակահարն ընդգրկել էր անգլիացի, ճապոնացի եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինպես նաեւ` իմպրովիզացիայի հատուկ համերգ, որտեղ իմպրովիզացրել էր անգլիական հանրահայտ թեմաներ: Այս ծրագիրը շարունակվում է աշխարհի տարբեր երկրներում: Այդ նպատակով առաջիկայում դաշնակահարը կմեկնի Մոնակո եւ Տորոնտո: Բացի դրանից Մելիքյանը հոկտեմբերին կմասնակցի Հռոմում կայանալիք «Nuovi Spazi Musicali» ժամանակակից երաժշտության փառատոնին, որտեղ կկատարի նաեւ հայ երիտասարդ կոպոզիտորների ստեղծագործություններ: Իսկ վերջերս նա փայլուն համերգով հանդես եկավ Ֆրանսիայում կայացած ամենամյա «Festival de Valmagne» փառատոնին ռուսական երաժշտության ծրագրով, որտեղ ներկայացրեց նաեւ Ի. Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործությունը իր իսկ կողմից կատարված փոխադրմամբ: Ի դեպ այս փառատոնին դաշնակահարը մասնակցում էր երկրորդ անգամ:
Որպես կոմպոզիտոր Հ. Մելիքյանին բնորոշ է հետաքրքրական եւ ինքնատիպ մտածելակերպը: Գրել է սիմֆոնիկ, կամերային, խմբերգային, անսամբլային, վոկալ-գործիքային, սոլո դաշնամուրային ստեղծագործություններ, ինչպես նաեւ դաշնամուրային փոխադրումներ, համերգային պարաֆրազներ ու մշակումներ, որոնք պարբերաբար կատարվում են իր եւ աշխարհի շատ դաշնակահարների կողմից:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը հետեւյալ խոսքերով է արտահայտվել Հ. Մելիքյանի մասին. «Դուք ասում եք գոյության տոնական զգացողություն, ասում եք ապրելու անխառն ուրախություն... Կարծում եմ սրանք եւ այս շարքի շքեղությունները Հ. Մելիքյանն առավել խորքով վայելում է այն պահերին, երբ դաշնամուրի առջեւ է, երբ նվագում է: Այս պահերին է, որ նա հավասարապես մերթ դաշնակահար է, մերթ կոմպոզիտոր: Ապրվող մնացյալ ժամերը նա նվիրում է այս պահերն առավել հասուն դարձնելուն, հնարավոր խորքով կայացնելուն: Ինչ կա ավելի հրաշալի, քան երբ մեկը ինքն է ստեղծում իր ուրախությունը` վայելելու համար այն եւ բաժանելու նրանց, ովքեր ունակ են այդ ուրախությունը իրենցը դարձնելու»:
Ինչպես հայ մեծ բանաստեղծ Պարույր Սեւակն է ասել. «Չլինել ժամանակից դուրս, բայց լինել ժամանակից վեր»: Դաշնակահար, կոմպոզիտոր Հայկ Մելիքյանն իր տաղանդով, աշխատասիրությամբ, խանդավառությամբ, սեփական գործի հանդեպ մեծագույն սիրով եւ ազգանվեր գործունեությամբ, կարելի է ասել, գտնվում է այդ ուղու վրա` «լինել ժամանակից վեր»»:
ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ, Երաժշտագետ, կոմպոզիտոր