«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2012-08-23 | #145, 2012-08-24 | #146, 2012-08-25


ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գոդոյին սպասելիս(*)

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Միացյալ նահանգներում ընտրությունների տարում բոլոր լրատվամիջոցները գերհագեցած են միայն այդ թեմայովՙ ընտրությունների մասին լուրեր հաղորդելով, հաճախ մոռանալով, որ այլ արժանի լուրեր եւ զարգացումներ եւս կատարվում են աշխարհում, որոնք արժանի են լուաբանման, քանի որ կարող են այս կամ այն կերպ ազդել մեր ապրուստի եւ, ինչու չէ, նաեւ մեր երկրի ապագայի վրա:

Այսօր Բուշի վարչակարգի սկսած երկու պատերազմները (Իրաքի եւ Աֆղանստանի) միեւնույն վայրագությամբ շարունակվում են եւ հյուծում մեր տնտեսությունը:

Քլինթոնի վարչակարգն իր երկրորդ շրջանն ավարտեց բյուջեի ավելցուկով: Բուշ-Չեյնիիի վարչակարգն այդ ավելցուկն սպառելուց բացի բյուջեի հսկայական պակասորդ թողեց իր հետեւից:

Բարաք Օբամայի նախագահ ընտրվելուց ի վեր օրենսդրական ամեն մի նախաձեռնություն ընդդիմության արժանացավ հանրապետականների կողմից (նույնիսկ երկրին վնաս հասցնելու գնով) պարզապես նրան ընտրվելու երկրորդ հնարավորությունից զրկելու նպատակով: Դա, իհարկե, հանրապետականներին հաջողվեց եւ որպես զենք կարող է ծառայել նրանցՙ բարձրաձայնելու, որ Օբամայի վարչակարգին չհաջողվեց բարելավել տնտեսությունը, ինչ որ արտաքուստ կարող է ճիշտ լինել, եթե հաշվի չառնենք Բուշի ժամանակաշրջանի ձախողումները:

Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Միթ Ռոմնին իր ընտրարշավն սկսեց տնտեսական ճգնաժամի բարձրակետում եւ կարողացավ դրական շրջադարձ հաղորդել այդ արշավին որպես հաջողակ գործարար, որը հույս էր ներշնչում, թե տնտեսության մռայլ պատկերը կփոխվի: Բայց քանի արշավն առաջ ընթացավ, նրա «հավատարմագրերը» խստագույն քննարկման ենթարկվեցին, եւ հեղինակությունըՙ որպես կարող եւ ազնիվ գործարարի, խաթարվեց, հատկապես այն բանից հետո, երբ հակառակորդներն սկսեցին փորփրել «Բեյն կապիտալի» սկանդալային գործը, որը նրան 473 միլիոն դոլարի զուտ եկամուտ էր ապահովել:

Որեւէ նախագահ կամ նախագահական թեկնածու անգամ երկինքը կարող է խոստանալ իր հանրությանը, սակայն եթե չունի օրենսդիր մարմնի պաշտպանությունը, չի կարող պահել իր խոստումը: Դա պարունակում է պաշտպանական մի մեխանիզմ, որը թույլ է տալիս ձախողության դեպքում մեղադրել Կոնգրեսին: Այս նախագահական ընտրությունների հետ կապված հարցերն այնքան շատ ու բազմազան են, որ յուրաքանչյուր կողմ պիտի փորձի ծայր աստիճան փորփրել դրանք, որպեսզի վարկաբեկի հակառակորդին:

Ներկայումս Պոլ Ռայան անունով հանարապետական մի եռանդուն երիտասարդ է ասպարեզ իջել որպես փոխնախագահի թեկնածուՙ խորտակելու Օբամայի առողջապահական ծրագիրը: Սկզբնական շրջանում Ռոմնիի եւ Ռայանի առողջապահական ծրագրերն իրարից խիստ տարբերվում էին եւ նույնիսկ հակադրվում միմյանց: Բայց երկու թեկնածուները շատ արագ կարողացան հաշտեցման եզրեր գտնել, հասկանալով, որ առողջապահության խնդիրը դառնալու է, ավելի ճիշտՙ արդեն իսկ դարձել է, ընտրարշավի ամենաթեժ խնդիրներից մեկը:

Արտաքին քաղաքականությունը չի նշվում ընտրարշավի քննարկումներում, որովհետեւ ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները կարող է լուծել եւ կլուծի բոլոր խնդիրները զենքի ուժով: Բայց խոստովանենք, որ պաշտպանական հարցը մնում է առաջնային, եւ Օբամայի վարչակազմը ամեն ինչ անում է կրճատելու օտարերկրյա պատերազմները եւ աննպատակ ծախսերը:

Միացյալ Նահանգները ոչ միայն գերտերություն է, այլեւ գեր-գերտերություն, որը կարող է իր ամենաարդիական զինապաշարով ծնկի բերել հնարավոր որեւէ հակառակորդի կամ թշնամու: Սակայն Ամերիկայի ուժեղ կեցվածքն ու ապահովությունը դարձել են էվֆեմիզմներ լիցքավորելու ռազմարդյունաբերության ամբողջ համակարգը, մի բան, որին ընդդիմանում էր նախագահ Դուայթ Այզենհաուերը եւ զգուշացնումՙ իր իշխանության վերջին օրերին: Բացի երկու կողմերի մի քանի գաղափարական մոլեռանդներից, ամերիկացիների մեծամասնությունը ընտրությունների ժամանակ քվեարկում է տնտեսության վիճակից ելնելով: Եթե տնտեսությունը բարելավման նշույլներ ցույց տա ընտրարշավի մնացած օրերին, ապա հաստատ կարելի է ասել, որ ներկայի վարչակազմը կմնա տեղում, իսկ եթե է՛լ ավելի վատթարանա, ապա, անկախ իրենց ընտրության հետագա արդյունքից, քաղաքացիները նախընտրելու են փոփոխությունը, եւ քվեարկելու են հօգուտ նոր «փրկարարի»:

Շահագրգռված խմբակցություններն անշուշտ ունեն իրենց սեփական գործելաոճը եւ օրակարգը: Տասնմեկ միլիոն անօրինական օտարականների հանդեպ Օբամայի վարչակարգի ցուցաբերած մեղմ քաղաքականությունը անտարակույս իր դրական ազդեցությունը թողնելու է լատինամերիկյան համայնքների վրա: Մյուս կողմից, սակայն, այդ մեղմ քաղաքականությունըՙ հանդեպ Կուբայի նոր ղեկավարի, կարող է վտանգի ենթարկել ընտրարշավի գլխավոր մարտադաշտերից մեկիՙ Ֆլորիդայի քվեարկության արդյունքները: Այնպես որ վարչակազմը պարտավոր է չափավորել իր քաղաքականությունը եւ համաձայնեցնել այն հասարակության տրամադրություններին, որպեսզի կարողանա ապահովել նախագահ Օբամայի վերընտրությունը:

Հրեաների քվեները անշուշտ վճռորոշ են որեւէ թեկնածուի համար: Իսրայելական քարոզչությանը սիրաշահելը դեռ բավական չէ: Բենջամին Նաթանյահուն «ամբողջական կապիտուլյացիայից» բացի որեւէ այլ իրավիճակի չի համաձայնելու: Երկու պետություն ստեղծելով պաղեստինյան թնջուկը լուծելու առաջարկը այնքան էլ լավ չընդունվեց Իսրայելի բարեկամների կողմից: Այնպես որ հակառակ Իսրայելի անվտանգությանը ցուցաբերած իր պարտավորվածությանը, Օբաման կարող է սառն ընդունելության արժանանալ իր հրեա ընտրազանգվածի կողմից:

Մյուս կողմից, հանրապետականների խոստումնալից թեկնածուն առավելագույն ծառայությունը մատուցեց անձամբ Իսրայել այցելելով եւ փորձելով սիրաշահել հրեաների քվեները: Նա Երուսաղեմը հայտարարեց Իսրայելի մայրաքաղաքՙ այդպիսով գերադասություն ձեռք բերելով Մ. Նահանգների ավանդական դիրքորոշման հանդեպ, որ Թել Ավիվն է ճանաչում որպես Իսրայելի մայրաքաղաք: Սա, իհարկե, հակամարտության ապագա հանգուցալուծումը թեքելու է մի կողմի վրա, քանի որ պաղեստինցիներն էլ իրենց հերթին պայքարում են, որ արեւելյան Երուսաղեմը դառնա իրենց մայրաքաղաքը:

Հաշվի առնելով, որ ներկա վերիվայրումների հետեւանքով արաբական աշխարհը ի վիճակի չէ հակընդդեմ քայլեր ձեռնարկելու, Ռոմնին մեկ այլ թունոտ արտահայտություն ունեցավՙ համեմատելով պաղեստինցիների ձեռքբերումները իսրայելցիների նվաճումների հետ: Նա նշեց, որ պաղեստինցիները շատ չեն առաջադիմել «մշակութային որոշ տարբերությունների» հետեւանքով, ինչպես օրինակՙ ստորադասության բարդույթը (մոռանալով, որ Իսրայելի կառավարությունը նրանց կոկորդից բռնած է): Նա գովաբանեց Իսրայելի ծաղկուն տնտեսությունը, դարձյալ մոռանալով, որ Ամերիկայի հարկատուների փողերով է սնվում այդ տնտեսությունը: Նրա ծիծաղելի արտահայտությունը ցնցեց նույնիսկ հյուրընկալ երկրի ղեկավարներին, իսկ պաղեստինցները նրան արդարացիորեն «ռասիստ» անվանեցին:

Քանի որ յուրաքանչյուր խմբավորում առաջնորդվում է իր շահերից ելնելով, հայերը նույնպես իրավունք ունեն օգտվելու այդ հնարավորությունից: Մեզ համար առաջնային խնդիրներ են Ցեղասպանության ճանաչումը, ամերիկյան օգնությունը Հայաստանին եւ Արցախին, Ղարաբաղի հակամարտությունը:

Մինչեւ օրս կողմերից ոչ մեկը չի անդրադարձել այս խնդիրներին, իսկ ժամանակը սպառվում է: Հանրապետականների խոստումնալից փոխնախագահի թեկնածու Պոլ Ռայանը, ըստ լուրերի, Հայկական Ցեղասպանության ճանաչման վերջին բանաձեւի համահովանավորներից է: Բայց դա մեծ արժեք չունի, քանի որ Օբաման եւ Բայդենը նույնպես կողմնակից էին ցեղասպանության ճանաչմանը մինչեւ իրենց ընտրվելը: Ընտրվելուց հետո նրանք պար են բռնել «ց» տառի շուրջը, որովհետեւ դարձել են գերիՙ իրենց քաղաքական համակարգին:

Արդար լինելու համար, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Օբաման ամենամոտ գնաց Ցեղասպանություն բառի իր բնորոշման մեջ: Նա համարձակվեց Անկարայում իր ելույթի ժամանակ թուրքերին հիշեցնել, որ պետք է առերեսվեն իրենց պատմության գորշ էջերի հետ: Բայց դա, իհարկե, չի համապատասխանում այն գրավոր պարտավորվածությանը, որ նա կատարել էր նախքան նախագահ ընտրվելը:

Ընտրվելուց հետո ամենաբարոյական թեկնածուն անգամ դրժում է իր խոստումըՙ առաջնությունը տալով քաղաքական նպատակահարմարությանը:

Բայց հայերն արդեն սովորել են նման քաղաքական մեքենայություններին եւ երդվել են հավատարիմ մնալ Ցեղասպանության ճանաչման հարցին: Չմոռանանք ֆրանսիական տարբերակը, երբ Սարկոզին շատ մոտ էր վավերացմանը, բայց նա ձեռքից բաց թողեց հնարավորությունը եւ թույլ տվեց, որ ընդդիմադիրները ոչ սահմանադրական հռչակեն օրինագիծը:

Նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը նույն խոստումն է տվել, բայց երկրի արտգործնախարարի վերջերս տված հարցազրույցը «Էքսպրես» շաբաթաթերթին կասկածի տեղիք է տալիս: Այն հարցին, թե ինչպե՞ս է նախագահը խոստումը պահելու առանց վիրավորելու Անկարային (քանի որ Ֆրանսիան Թուրքիայի աջակցության կարիք ունի սիրիական հարցում), նախարար Լորան Ֆաբիուսը պատասխանել է. «Մենք փորձում ենք ճանապարհներ որոնել երկու հարցերը միմյանց հետ համաձայնեցնելու համար» երկիմաստ կամ բազմիմաստ բառերով: Եթե մենք պատմությունից դասեր քաղել ենք, ապա շատ լավ գիտենք, թե ինչ է նշանակում այդ նախադասությունը: Դա միանշանակ մի նոր դրժում է նշանակում:

Վերադառնալով ընտրությունների թեմային, ինչպես նշեցինք, կողմերից ոչ մեկը չի արձագանքել դեռ հայկական հարցերին: Սա հայ քվեարկողներին թողել է մի անորոշության մեջ: Օբամայի դեպքում որեւէ խոստում նվազ նշանակություն ունի այլեւս, քանի որ նա կարող էր եւ հիմա էլ դեռ կարող է իրականացնել այն, քանի դեռ նախագահ է: Իսկ Ռոմնին կարող է որոշակի քանակի քվեների տիրանալ, եթե վերջին րոպեին դրական արտահայտություններով հանդես գա:

Պետք է նշել, սակայն, որ ոչ բոլոր հայերն են Ցեղասպանության հարցը վճռորոշ գործոն համարում քվեարկության պարագայում:

Ներկայումս չարակամ մի արշավ է մղվում Օբամայի դեմ ռասայական հողի վրա, եւ դժբախտաբար հայերից շատերը ներգրավվել են դրանում: Նախագահի մաշկի գույնն ու միջին խավի նրա պաշտպանությունը կարծես խրտնեցրել են այդ հայերին:

Առայժմ հայերն սպասողական դրության մեջ են: Նրանք սպասում են Գոդոյին:

(*) «Գոդոյին սպասելիս», վերնագիրն է Սամուել Բեքեթի աբսուրդի ժանրի պիեսի, որտեղ գործող անձինք հույսով սպասում են մի փրկարարի:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4