Բուքմեյքերները հավատում են Արթուրի հաջողությանը
Այսօր Բեռլինի «02 World» մարզասրահում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկար սպասված մենամարտը Արթուր Աբրահամի եւ 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի միջեւ: Մենամարտն ուղիղ եթերում կցուցադրեն գերմանական ARD հեռուստաընկերությունն ու Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը:
32-ամյա Արթուր Աբրահամը որոշ ընդմիջումից հետո կրկին իրավունք է ստացել վիճարկելու աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ժամանակին հայ բռնցքամարտիկին էր պատկանում միջինքաշային կարգում IBF-ի վարկածով չեմպիոնական գոտին: Սակայն Արթուրը որոշեց տեղափոխվել քաշային հաջորդ կարգ, որպեսզի մասնակցի Super Six մրցաշարին: Ուստի նա ստիպված էր հրաժարվել միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսից:
Ինչպես հայտնի է, Արթուրի համար հաջող չդասավորվեցին մենամարտերը Super Six մրցաշարում: Մինչ այդ անպարտելի Աբրահամը ռինգում 3 անգամ զիջեց մրցակիցներին: Անդրե Դիրելի հետ 2010-ի մարտի 27-ին անցկացված մենամարտում Արթուրը մրցավարի հրահանգներից հետո մրցակցին հարվածելու համար որակազրկվեց ու նրան պարտություն գրանցվեց: Դա Աբրահամի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում: Այնուհետեւ հետեւեցին պարտությունները Կառլ Ֆրոչից ու Անդրե Ուարդից:
Այդ անհաջողություններից հետո Արթուրը որոշեց աստիճանաբար նվազեցնել քաշը, որպեսզի վերադառնա միջինքաշային կարգ: Այդ նպատակով հայ բռնցքամարտիկն այս տարի 2 մենամարտ անցկացրեց, որոնք ցույց տվեցին, որ Արթուր Աբրահամը կրկին լավ մարզավիճակ է ձեռք բերում, փոխել է մարտավարությունն ու ավելի ագրեսիվ է գործում ռինգում հենց առաջին ռաունդներից: Հունվարի 14-ին Արթուրը 5-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Օսկար Ֆարիասինՙ նվաճելով WBO-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնի թափուր տիտղոսը: Իսկ մարտի 31-ին Աբրահամը 12-ռաունդանոց մենամարտում միավորներով պարտության մատնելով լեհ Պյոտր Վիլչեւսկուն, պահպանեց Եվրոպայի չեմպիոնի իր տիտղոսը:
Արթուր Աբրահամը լրջորեն է նախապատրաստվել այսօրվա մենամարտին ու վստահ է իր ուժերին: Նրա լավ մարզավիճակի մասին է խոսել Արթուրի ակումբակից Դոմինիկ Բրիչը, որը մարզումների ժամանակ մենամարտեր է անցկացրել Աբրահամի հետ:
«Արթուրը հիանալի բռնցքամարտիկ է նաեւ մարզվելու համար: Մենք շատ լավ աշխատեցինք միմյանց հետ: Արթուրը շատ մենամարտեր է ավարտել նոկաուտով: Նա տիրապետում է հուժկու հարվածների, որը մարզումների ժամանակ ցնցում է նույնիսկ սաղավարտ կրող բռնցքամարտիկին: Եթե այդպիսի մի հարված դիպչի Շտիգլիցին, ապա մենամարտը կարող է ժամկետից շուտ ավարտվել: Շնորհիվ արագության եւ դիմացկունության, մարզումների ժամանակ առանձնակի դժվարությունների չհանդիպեցի: Քանի որ ես էլ շատ արագ հարվածներ էի հասցնում, Արթուրը մարզումների ժամանակ իր դիմացկունությունն էր փորձում:
Երկու բռնցքամարտիկներն էլ ուժեղ են, որոնք մի շարք հիանալի մենամարտեր են անցկացրել: Կարծում եմ, որ հավասար մենամարտ կլինի: Սակայն ծանոթ լինելով Արթուրին, կարծում եմ, որ նա կկարողանա նոկաուտի ենթարկել Շտիգլիցին: Այնպես որ Արթուրի հաղթելու հնարավորությունները բարձր եմ գնահատում: Հուսով եմ, որ նա կհաղթի, երկրպագելու եմ նրան», նշել է Դոմինիկ Բրիչը:
Արթուր Աբրահամի հաջողությանը հավատում են նաեւ բուքմեյքերները: Արթուրի հաղթանակի համար խաղադրույքներ են ընդունվում 1.36 գործակցով, իսկ Շտիգլիցի հաղթանակի գործակիցը 3,25 է: Ոչ-ոքին գնահատվում է 23 գործակցով: Միավորներով հաղթելու դեպքում Աբրահամի հաջողության գործակիցը 2,35 է, Շտիգլիցինըՙ 4,3:
Առաջին ռաունդում հաղթելու դեպքում խաղադրույք կատարածները 20 անգամ ավելի մեծ գումար կվաստակեն: Եթե Արթուրը հաղթի 2-7-րդ ռաունդներում, գործակիցը 15 է: 8-10-րդ ռաունդների գործակիցը 13 է, 11-րդինըՙ 15, 12-րդինըՙ 20:
32-ամյա Արթուր Աբրահամը 37 մենամարտերից 34-ում հաղթել է, 3-ում պարտվել: Ռոբերտ Շտիգլիցը ծնունդով ռուսաստանցի է, ներկայումս մարզվում ու բնակվում է Գերմանիայում: Նա անցկացրած 44 մենամարտերից 42-ն ավարտել է իր օգտին, 2-ում պարտվել է: