Պրահայում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում իր վստահ ելույթներով հիացնում է Հայկ Մարտիրոսյանը: Պատանի շախմատիստն առայժմ միավորի ոչ մի կորուստ չի ունեցել եւ վստահորեն ընթանում է դեպի նպատակակետը: 7-րդ տուրում նա հերթական հաղթանակը տոնեց իր գլխավոր մրցակիցներից մեկիՙ Կասպեր Գրելայի նկատմամբ: Այժմ Հայկը մինչեւ 12 տարեկանների մրցաշարում մեկ միավորով է գերազանցում իրեն 6-ական միավորով հետապնդող Երգուս Պեչակին եւ Դանիլա Բիլանին: Հենց Երգուսն էլ կլինի Մարտիրոսյանի մրցակիցը 8-րդ տուրում: Արամ Հակոբյանը վաստակել է 5,5 միավոր: Նա հաղթեց Վիկտոր Գազիկին եւ պահպանում է մրցանակակիր դառնալու հնարավորություն:
Մրցանակային տեղի հավակնորդներ են նաեւ Շանթ Սարգսյանն ու Հովհաննես Գաբուզյանը, որոնք ունեն 6-ական միավոր: Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Սեմյոն Լոմասովին: Հայ շախմատիստը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող Անդրեյ Եսիպենկոյին, որը 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:
Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում էլ առանց պարտության ընթացող Հովհաննես Գաբուզյանը հաղթեց Դավիթ Անտոնին: Հայ շախմատիստը Վադիմ Մոիսեենկոյի հետ 6 միավորով գլխավորեց աղյուսակը:
Առաջնության պարգեւներին տիրելու հնարավորություններ են պահպանում նաեւ Տիգրան Հարությունյանը (մինչեւ 16 տարեկաններ) եւ Մանուել Պետրոսյանը (մինչեւ 14 տ.), որոնք վաստակել են 5,5-ական միավոր: Մանուելը հաշտություն կնքեց Կիրիլ Կոզիոնովի հետ: Նա 8 շախմատիստների հետ հետապնդում է աղյուսակը 7 միավորով գլխավորող լեհ Յան-Կրժիժտոֆ Դուդային: Տիգրան Հարությունյանը հաղթելով Գարի Գիրոյանին, ընթանում է 5-րդ տեղում: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է Իսրայելը ներկայացնող Ավիթալ Բորուչովսկին, որին 6-ական միավորով հետապնդում են լեհ Կասպեր Դրոզդովսկին ու բելառուս Ռոման Գրիբը:
Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիա Գեւորգյանը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց ու զգալիորեն նվազեցրեց մրցանակային տեղ զբաղեցնելու իր հնարավորությունները: Մարիան զիջեց Անաստասիա Ռահմանգուլովային ու 4,5 միավորով նահանջեց 11-րդ հորիզոնական: 5,5-ական միավորով առաջատարներն են Ալեքսանդրա Գորյաչկինան, Ամալիա Արանազը, Տատյանա Խլիչկովան եւ Աիսա Իմեեւան:
Մինչեւ 10 տարեկան աղջիկների մրցաշարում հաջող է խաղում Կարինե Բեգլարյանը, որը վաստակել է 4,5 միավոր: Նա հաշտություն կնքեց Եկատերինա Գոլցեւայի հետ: Այս մրցաշարում 6-ական միավորով աղյուսակը գլխավորում են Անաստասիա Զոտովան, Նադիա Շպանկոն եւ Անդրեա Լենգուելը: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր: