«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2012-08-24 | #146, 2012-08-25 | #147, 2012-08-28


ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑԵ՞Լ Է

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուրքախոս երկրների համագործակցության խորհրդի բիշքեկյան գագաթաժողովը կուրյոզներ արձանագրեց: Նախ, Թուրքիայի նախագահ Գյուլը «ականջախոռոչի հետ կապված առողջական խնդիրներ» ունեցավ, շտապ ընդհատեց այցը եւ վերադարձավ Անկարա: Այդ առթիվ նրան «շուտափույթ ապաքինում են ցանկացել» մի շարք երկրների` Պակիստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի նախագահները, Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը: Գյուլին «ցավակցող» երկրների շարքում, սակայն, Ղըրղզստանը չկա, թեեւ դիվանագիտական պատշաճությունը պահանջում էր, որ, իբրեւ հյուրընկալ կողմ, Բիշքեկն առաջինը մտահոգված լիներ «թուրքական աշխարհի առաջնորդի առողջությամբ»: Գյուլի «ականջախոռոչային հիվանդությանը» չեն արձագանքել նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրները` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Թեեւ «Ասադին շուտափույթ հեռացնելու հետ կապված հարցերը» պետքարտուղար Քլինթոնը քննարկել է հատկապես Թուրքիայի հետ:

Ըստ երեւույթին, Գյուլի «հիվանդությունը» քաղաքական է, ուստի քչերն են դրան կարեւորություն տալիս: Իսկ Regnum-ի մեկնաբան Տարասովը բացահայտ կարծիք է հայտնել, որ Գյուլը «հիվանդացել է, որպեսզի Թեհրան չմեկնի»: Երկրորդ անսպասելին Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կոշտ եւ անհիմն հայտարարությունն էր Լեռնային Ղարաբաղի խնդրի «լուծման» շուրջը, որին հետեւեց Ստամբուլում «հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելու» Թուրքիայի առաջարկությունը:

Բիշքեկում է ստորագրվել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու բազմակողմ հռչակագիրը, որին լիիրավ կողմ է ԼՂՀ-ն: Եվ երբ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը Դավութօղլուի հայտարարությունը գնահատել է իբրեւ վերջինիս կողմից միջազգային իրավունքի բնագավառի գիտելիքների զրոյացում, ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել առաջին հերթին այն, որ ԼՂ խնդրի կարգավորման ամենաարդյունավետ եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ներգրվող տարբերակը Բաքու- Ստեփանակերտ ուղղակի բանակցություններն են:

Ընդ որում, միջազգային պրակտիկայում ընդունված չէ այլ ձեւաչափի հանդիպումներում անդրադառնալ տվյալ օրակարգին չառնչվող խնդիրների. ԼՂ հարցի չկարգավորվածությունը խոչընդոտ չէ թուրքախոս երկրների համագործակցության կայացմանը եւ խորացմանը: Հակառակ դեպքում նման ֆորմատ ընդհանրապես չէր ձեւավորվի: Ինչպես նաեւ` թուրքախոս երկրների «չհամագործակցությունը» պայմանավորված չէ ԼՂ խնդրի «կարգավորվածությամբ»: Այլապես հարկ կլինի արձանագրել, որ այդ երկրները համագործակցության են նպատակադրվում` ի վնաս ԼՂՀ-ի, Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի շահերի: Իսկ դա արդեն բոլորովին այլ «ռեպերտուար» է, ինչին ուշադրություն պետք է դարձնի միջազգային հանրությունը:

Թուրքիայում հռչակված «նեոօսմանիզմն» ակնհայտորեն ճգնաժամ է ապրում: Պաշտոնական Անկարան, չնայած ջղաձիգ ջանքերին, ակնկալած աշխարհաքաղաքական դերակատարություն չի ստանում: Ավելին, այսօր Թուրքիան գրեթե բոլոր հարեւանների հետ լարված հարաբերություններ ունի, գումարած` որ չափազանց հրատապ է դարձել քրդական հարցը: Ստեղծված իրավիճակում հուսալ, որ Անկարային կհաջողվի «առաջ մղել ԼՂ կարգավորման գործընթացը», ինչպես կարծում է իշխող կուսակցությունից ադրբեջանցի մեջլիսական Մուսա Գասըմլին, կամ չափազանցված լավատեսություն է, կամ թուրք-ադրբեջանական հարաբերություններում վստահության պակասը քողարկելու անհաջող փորձ:

Ամենայն հավանականությամբ, գործ ունենք երկրորդ հանգամանքի հետ: Նման եզրահանգման է մղում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի` վերեւում նշված, գնահատականի դեմ ադրբեջանական կողմից ուղղորդված քարոզչությունը, որտեղ տրամաբանությունը փոխարինված է մերկապարանոց-ցածրակարգ հարձակումներով եւ անձնական բնույթի վերագրումներով: Բայց դա դեռ ամբողջը չէ: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները եւ վերլուծաբանական հանրությունը բացահայտ անուշադրության են մատնել Ստամբուլում «հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելու» Դավութօղլուի առաջարկությունը: Տպավորությունն այնպիսին է, որ հարեւան երկրում լսել են միայն Դավութօղլուի բիշքեկյան հայտարարությունը, իսկ երկրորդը տեղ չի գտել ադրբեջանական դիվանագիտության հիշողության մեջ:

Խնդիրն այն չէ, որ Դավութօղլուի առաջարկությունը հայկական կողմի համար անընդունելի է: Իհարկե այդպես է: Բայց ինչո՞ւ է լռում Բաքուն: Չի ուզում «ծանր տեղը թեթեւանա՞լ»: Նախ, դա հարեւան երկրի դիվանագիտությանը յուրահատուկ չէ: Երկրորդ, նման դեպքերի համար իշխանությունը «բուծած ունի» քաղաքագետների եւ վերլուծաբանների մի ամբողջ «կոհորտա»` նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեւի «նահապետությամբ», որը սնուցվում-փայփայվում է, որ ասի այն, ինչ ԱԳՆ-ն իր «մակարդակից ցածր է» համարում: Մինչդեռ «կոհորտան» նույնպես լռում է: Նա ակնհայտորեն դեռեւս չի հրահանգավորվել:

Regnum-ը, հղում անելով իր լավատեղյակ աղբյուրներին, վկայակոչում է Դավութօղլուի «անսպասելի անկեղծացումը», թե «տառացիորեն աղերսել է հայկական կողմին` Ադրբեջանին «վերադարձնել» (չակերտները մերն են- Վ. Ա.) գոնե մի շրջան, որից հետո կհամոզի Իլհամ Ալիեւին` Հայաստանի հետ ստորագրել պատերազմական իրավիճակին վերջ դնող համաձայնագիր, ինչից հետո կբացվեին սահմանները, կվերականգնվեր հաղորդակցությունը»: Որքանո՞վ է հավաստի ռուսաստանյան լրատվամիջոցի մեջբերումը` դժվար է դատել: Սկզբունքայինը Regnum-ի մեկնաբանի եզրահանգումն է, որ «առաջարկության ձախողման դեպքում Թուրքիան Արեւմուտքին ( ՞- Վ. Ա.) եւ Ադրբեջանին մեղադրելու առիթ կունենա, որպեսզի դրայֆ կատարի դեպի Ռուսաստան` տարածաշրջանային լուրջ խաղացող մնալու համար»:

Գուցե Իլհամ Ալիեւը արդեն ավելի մեծ սպասելիքնե՞ր ունի: Գուցե «գտել է» ավելի վստահելի երաշխավո՞ր, իսկ Դավութօղլուն պարզապես գերազանցե՞լ է Ադրբեջանից ունեցած լիազորությունները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4