ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Վահե Ավետյանի սպանության գործի նախաքննության արդյունքները երեկ ներկայցրին «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, «Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամները եւ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները:
Փաստաբան Տիգրան Եգորյանը , անդրադառնալով գործի նյութերում առկաՙ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, ասաց, որ փորձաքննությունում արձանագրված տվյալների պարագայում արվել է դրանցից չբխող, ակնհայտ սխալ հետեւություն, որ Վահե Ավետյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որը վտանգ է ներկայացնում կյանքի համար, իսկ տվյալ դեպքում հանգեցրել է մահվան: «Չհամաձայնելով այս հետեւությանը եւ խորհրդակցելով ոլորտի լրջագույն մասնագետների հետ` մենք, ի թիվս բազում այլ միջնորդությունների, պահանջել ենք նախաքննություն իրականացնող մարմնից նշանակել կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն` հրավիրելով հանրապետության բոլոր հիվանդանոցների նյարդավիրաբուժական բաժինների ղեկավարներին, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե արդյոք մենք գործ ունենք տվյալ դեպքում մահվան հանգեցրած վնասվածքների, թե՞ ամեն դեպքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետ: Նախաքննության մարմինը` հանձին քննչական խմբի ղեկավար Ռուբեն Մկրտչյանի , առանց հիմնավոր պատճառաբանության, մերժել է մեր միջնորդությունը` փաստացի զրկելով մեզ նախաքննության օբյեկտիվության նկատմամբ կասկածները փարատելու օրենսդրական հնարավորությունից:
Համակարգչային հետազոտմամբ արձանագրվել են հետեւյալ բժշկական տվյալները. հավասարաչափ լայնացած եւ միջին գծով ֆիքսված բիբեր, կոռնեալ ռեֆլեքսների բացակայություն, ցավային գրգիռների նկատմամբ ռեակցիայի բացակայություն, գլխուղեղի մոտ 4,0 սմ դիսլոկացիա համախտանիշ աջից ձախ: Վահե Ավետյանի ախտորոշումը եղել է դիֆուզ աքսոնալ ախտահարում` գլխուղեղի մահ, այն է` գլխուղեղի կենսագործունեության լրիվ եւ անդառնալի դադարում, ինչը քրեաիրավական առումով համարժեք է մարդու մահվան»:
«Հատկանշական է, որ քրեական գործի նյութերում առկա են նաեւ փաստեր, որոնք ցույց են տալիս, որ վեց մեղադրյալներից հինգը, բացի մատուցողից, այդ օրն ուղեկցել են ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին Երեւանից Սեւան գնալու եւ հետ վերադառնալու ընթացքում: Սա ապացուցում է, որ հակառակ գործում առկա կեղծ պայմանագրերի եւ ոստիկանության ՀԿԳ քննչական վարչության պետ Վահագն Հարությունյանի պնդումների` այս մարդիկ եղել են Ռուբեն Հայրապետյանի անձնական թիկնազորի անդամները», ասաց փաստաբան Լուսինե Հակոբյանը :
Նա հավելեց, որ այս կապակցությամբ միջնորդել են քննչական խմբին որպես կասկածյալ ներգրավելու Ռուբեն Հայրապետյանին եւ պատշաճ հարցաքննության ենթարկել նրան, քանի որ նրան որպես վկա հարցաքննած քննիչ Ռուբեն Մկրտչյանի հարցաքննությունը պարզապես սուրճի գավաթի շուրջը մտերմիկ խոսակցություն էր հիշեցնում. «Ի պատասխան մեր այս միջնորդության` քննիչ Ռ. Մկրտչյանը նշել է, որ օրենսգիրքը «որպես կասկածյալ ներգրավելու» հասկացություն չի նախատեսում: Մինչդեռ համաձայն քրեադատավարական իրավունքի տեսության` կասկածյալն այն անձն է, որը կասկածվում է հանցանք կատարելու մեջ: Տվյալ դեպքում առկա էին անհրաժեշտ եւ բավարար բոլոր հիմքերը` կասկածի տակ առնելու Ռ. Հայրապետյանի առնչությունը վերոնշյալ հանցագործությանը»:
Ընդգծենք, որ սույն թվականի օգոստոսի 20-ին քսանից ավելի միջնորդություններ են ներկայացվել նախաքննություն իրականացնող մարմնին, սակայն նույն օրը` միջնորդություններն ստանալուց ընդամենը մի քանի ժամ անց, քննիչ Ռուբեն Մկրտչյանն ամբողջությամբ մերժել է դրանք: Ինչպես իր հերթին նշեց փաստաբան Տիգրան Եգորյանը , ներկայացված միջնորդությունները պարունակում էին կոնկրետ կասկածներ եւ պահանջներ, որոնք քննիչը պարտավոր էր բավարարել դրանք հերքելու եւ համապատասխանաբար նախաքննության բազմակողմանիության եւ օբյեկտիվության հարցը կասկածից դուրս դնելու համար. «Նույն օրը նա գործի մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատախազություն, որն իր հերթին անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 267-րդ հոդվածով սահմանված նորմի պահանջը, համաձայն որի մենք ունենք մեզ հանձնելու պահից սկսած երկօրյա ժամկետում այդ որոշումը դատախազին բողոքարկելու իրավունք, դրսեւորելով սույն գործի շահերից չբխող անհասկանալի փութաջանություն, գործը ստանալուց հետո երեք օր անց` օգոստոսի 23-ին, ուղարկել է դատարան` չսպասելով նույնիսկ մեր բողոքին: Որոշումը մեզ հանձնվել է օգոստոսի 23-ին եւ մեկ օր հետո մենք ներկայացրել ենք մեր բողոքը դատախազություն: Դատախազությունն իր նման գործելակերպն արդարացնում է այն անհեթեթ պատճառաբանությամբ, թե քննիչը գործին է կցել նաեւ մի տեղեկանք, ըստ որի փաստաբանները հրաժարվել են մերժման որոշումն առձեռն ստանալուց: Իրականում այս տեղեկանքը սույն քրեական գործում առկա հերթական կեղծ փաստաթուղթն է»:
Փաստաբանների տեղեկացմամբՙ կեղծվել են մեղադրյալների իբրեւ «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցներ հանդիսացող պայմանագրերի ստորագրությունները: Դա ակնհայտ է դառնում, երբ համադրում են մեղադրյալների աշխատանքային պայմանագրերի եւ ցուցումունքների տակ դրված ստորագրությունները: Հատկանշական է, որ նախաքննական մարմինը մերժել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը, եւ ինչպես փաստաբան Լուսինե Հակոբյանն ասաց, եթե նախաքննությամբ հաստատվի, որ մեղադրյալները Հայրապետյանի թիկնազորի անդամներն են, ապա պարզ կդառնա, որ այդ ամենը կատարվել է նրանց տիրոջ իմացությամբ:
Հետաքրքրական մի փատ եւս, ինչպես բանախոսները տեղեկացրին, հեռախոսազանգերի վերծանումից պարզ է դարձել, որ միջադեպից հետո ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը զանգահարել է Նորայր Հայրապետյանին, եւ Հայրապետյանն իր ցուցմունքում նշել է, որ ցանկացել է ճշտել դեպքի մանրամասները, սակայն ցուցմունքով այդ գիծը չի շարունակվել, մոռացության է մատնվել: Սակայն հետո ներկայացվում է, թե Ռուբեն Հայրապետյանը դեպքի մանրամասներից տեղյակ չէ, որը խիստ հակասական եւ կասկածելի է:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն իր հերթին հավելեց. «Հասարակությունն այս երկուսուկես ամսվա ընթացքում գոնե պետք է տեսներ, որ դաժանությամբ կազմակերպված եւ անպատժելիության շվաքի ներքո սադիստական հանցագործությունը ուսումնասիրվել եւ պատժվել է, մենք տեսնում ենք հակառակ արդյունքը` ոչնչացվել են հիմնական ապացույցներն ու հետքերը: Այսինքն սա սադիստների խրախուսման մի ճանապարհ է, որը հանդուրժելը նշանակում է երկրում քրեական կարգեր սահմանել: Լ. Ալավերդյանը նաեւ ասաց. «Կարծում եմ նրանք նույն մարդիկ են, որոնք մարտի 1-ին սպանություն են կատարել: Ո՞վ կարող է ասել «ոչ»: Չէ՞ որ մարտի 1-ի սպանություն կատարողները եւս մնացել են ազատության մեջ, իսկ հիմա էլ այս հանցագործությունն է պարտակվում»: