Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ համապատասխան կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մինչեւ նոյեմբերի 15-ը ավարտել քաղաքապետարանի ենթակայության 17 եւ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության 9 չջեռուցվող դպրոցների ջեռուցման համակարգերի անցկացումն ու դրանց լիարժեք գործարկումը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, մինչեւ հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը, մայրաքաղաքի դեռեւս չջեռուցվող բոլոր դպրոցները կապահովվեն ջեռուցմամբ:
Տարոն Մարգարյանը նշել է, որ մինչ 2011-ը ամբողջությամբ ավարտել են մանկապարտեզների ջեռուցման աշխատանքները, դա համարելով մեծ ու կարեւոր ձեռքբերում: Չջեռուցվող դպրոցները ջեռուցմամբ ապահովելուց հետո, հետագա ծրագրերում կընդգրվեն նաեւ չջեռուցվող մշակութային օջախները, գրադարաններն ու մարզադպրոցները: