Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Երեւանի քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել 2012 թվականի ծրագրերի շրջանակում նոր կառուցվող վերգետնյա հետիոտն անցումները մինչեւ սեպտեմբեր 1-ը բնակիչներին հանձնելու ուղղությամբ: Քաղաքապետը հատկապես կարեւորել է ուսումնական հաստատությունների մոտակայքում կառուցվող անցումների շահագործման հանձնումը:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման եւ ընդլայնման շրջանակում Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել մասնավորապես Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից, ինչպես նաեւ Նորքի, Դալմայի այգիների եւ անտառաշերտով պատված այլ տարածքների ոռոգման ցանցերի գործարկման եւ ոռոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ` անկախ, թե ում ենթակայության ներքո են դրանք: Քաղաքապետը հանձնարարել է նաեւ կազմակերպել Հրազդանի կիրճի տարածքի սանիտարական մաքրման աշխատանքները եւ մշտական հսկողություն սահմանել պատշաճ վիճակի ապահովման ուղղությամբ: