Սեպտեմբերի 31-ին, ժամը տասին Ազգային ժողովի 329 սենյակում տեղի կունենա Ազգային ժողովի նորաստեղծ էթիկայի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում երկու հարց է ընդգրկված` կանոնակարգի հաստատում, նախապես դրա վերաբերյալ առաջարկները քննարկելով, եւ քաղաքացի Արթուր Զադոյանի դիմումի հիման վրա` հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի զեկույցը: Թե ո՞վ է Արթուր Զադոյանը եւ ո՞ր պատգամավորի վարքի վերաբերյալ է բողոք ներկայացրել` չկարողացանք պարզել, քանի որ հանձնաժողովի նախագահ Դ. Հարությունյանը Հայաստանում չէր, իսկ նրա աշխատակազմից ընդամենը մատնացույց արեցին կանոնակարգը, ըստ որի մանրամասնված է, թե ո՞վ կարող է դիմել հանձնաժողով, եւ այն, որ նիստն ըստ կանոնակարգի փակ է ընթանալու:
Հիշեցնենք, որ Էթիկայի հանձնաժողովը դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում պետք է կամ սկսի դիմումի քննությունը, կամ մերժի, իսկ հարցի քննությունը պետք է ավարտի երեսնօրյա ժամկտում (հատուկ որոշմամբ քննությունը կարող է երկարաձգվել 20 օրով):
Ճիշտն ասած` մի կողմից լավ է, որ այսպիսի հանձնաժողով է ստեղծվել, ու մեր պատգամավորները չեն կարող իրենց անպատժելի պատկերացնել, մյուս կողմից էլ, հայաստանյան իրողությունները նկատի առնելով, չի կարելի վստահ լինել, որ այս հանձնաժողովը մահակ չի դառնա անցանկալի կամ իշխանությանը քննադատող պատգամավորների համար:
Կապրենք, կտեսնենք:
Մ. Խ.