«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2012-08-24 | #146, 2012-08-25 | #147, 2012-08-28


ՀԱԼԵՊԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԹԵՔԵՅԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ «ՀԱՍՄԻԿ» ՃԱՄԲԱՐՈՒՄ

«Ազգի» ընթերցողները տեղյակ են, որ ՀՀ կառավարության աջակցությամբ Հալեպից եւ Դամասկոսից հայ երեխաները հատուկ չվերթերով եկել են Հայաստանՙ երկշաբաթյա ճամբարային հանգստի ու շրջապտույտի: Այդ երեխաների թվում են նաեւ Հալեպի Թեքեյան մշակութային միության սաները, որոնք արդեն մեկ շաբաթ է, ինչ իրենց հանգիստը անցկացնում են Հանքավանի «Հասմիկ» ճամբարում: Երեկ Ռամկավար ազատական կուսակցության փոխատենապետ Կարեն Կակոյանը, ՀԹՄՄ վարչության անդամ Մարիետա Մակարյանը եւ «Ազգ» օրաթերթի լուսանկարիչը այցելեցին թեքեյանցիներին: Հանքավանի չնաշխարհիկ բնության գրկում, անտառներով ու սարերով շրջապատված գողտրիկ մի վայրում է գտնվում «Հասմիկ» ճամբարը, որտեղ Հալեպից ժամանած 23 թեքեյանցիներ վազում էին, խաղում, կատակում, վայելում անկրկնելի բնությունը, շնչում մաքուր օդ եւ իրապես հանգստանում: Թեքեյանցիներն իրենց պատասխանատուներ Սոսի Պլըքեանի, Վարդեվառ Մուղալյանի, Անի Չալյանի ուղեկցությամբ ճամբարի մուտքի մոտ դիմավորեցին հյուրերին, որից հետո սկիզբ առավ ջերմ ու մտերմիկ զրույց ճամբարում անցնող իրենց առօրյայի, տպավորությունների ու նաեւ հարազատներին արդեն իսկ կարոտածՙ նրանց հուզումների մասին:

Սոսի Պլըքեանը Հալեպից է, ավարտել է Դամասկոսի պետական համալսարանը եւ ներկայումս աշխատում է Հալեպի Թեքեյան մշակութային միությունումՙ Զավեն Եկավյանի հաստատած «Գյուլբենկյան» գրադարանում եւ մշտապես շփվում է երեխաների հետ, հասկանում նրանց հոգեբանությունը: Եվ հենց այդ էլ հաշվի առնելով, Հալեպի ԹՄՄ վարչությունը Սոսիին է վստահում Հայաստան մեկնող երեխաների պատասխանատվությունը: Նրա մյուս երկու օգնականներից Անին Հալեպի համալսարանի հայագիտական ամբիոնի շրջանավարտ է եւ աշխատում է Սոսիի հետ նույն գրադարանում: Վարդիվառը լուսանկարիչ է ու բաց չի թողնում մայր հայրենիքում ոչ մի գեղեցիկ տեսարան ու պահ, դրանք անմահացնում է թեքեյանցիների առօրյայի հետ մեկտեղ:

Սոսին «Ազգին» պատմեց. «Երբ լուրը ստացանք, որ Հայաստանի կառավարությունը որոշել է երեխաներին հայրենիք հանգստի տանել, շատ ոգեւորվեցինք: Սակայն այդ ամենն այնքան արագ եղավ, որ միության անդամները մասնակցության հրավերն ստացան միայն հեռախոսով եւ ովքեր ունեին սիրիական անձնագրեր, դրանց էլ ցուցակագրեցին: Իհարկե, ցանկացողները շատ-շատ էին, սակայն այդ օրերին անձնագրային գրասենյակները չէին աշխատել ու փաստաթղթեր չէին կարող տրամադրել: Իհարկե, եղել են ծնողներ, որոնք շատ մտահոգված են եղել իրենց զավակներին Հայաստան մենակ ուղարկելու փաստով, քանի որ կապ չի եղել եւ անգամ չեն կարողացել ինտերնետի միջոցով տեղեկանալ ճամբարի մասին: Իսկ երբ որոշակի ճշտություն է մտցվել, ցանկացողների թիվը բազմապատկվել է, սակայն այս դեպքում էլ թիվը սահմանափակվել է, քանի որ ասվել է միայն 300 երեխա կարող են տեղափոխել Սիրիայից Հայաստան, ասում էր Սոսին: Ի դեպ, արդեն ճամբարում գտնվող 23 թեքեյանցիներին միացել են երկու օր առաջ, կից «Լուսաբաց» ճամբար եկած եւս 6 թեքեյանցի, մեկ պատասխանատուՙ Րաֆֆի Բակալի ուղեկցությամբ: Րաֆֆին ուսանում է Հալեպի համալսարանի տնտեսագիտական բաժնում եւ մեծ սեր ունի պատանեկան աշխատանքի:

«Ազգի» հարցին, թե ինչպես է անցնում ճամբարային հանգիստը, թեքեյանցիներ Սաքոն, Արենը, Ժակլինը, Բարդին, Անին, Մոսին, Հրաչը, Ջորջը, Հովիկը, Արմանը, Գեւորգը, Կարինը, Պարույրը, Արան, Անդրանիկը , որոնք շրջանաձեւ նստել էին խոտերի վրա, միաբերան ասացին. «Շատ լավ, հրաշալի է, միայն մի քիչ կարոտը նեղում է, սակայն դա էլ հաղթահարում ենք հեռախոսով խոսելով, մեր առօրյայի մասինի լուր տալով»: Ի դեպ, Սիրիայից Հայաստան ժամանած բոլոր երեխաներին Վիվասել ՄՏՍ-ի գլխ. տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվիրել է բջջային քարտեր: Տղաներից երկուսը սկզբում դժվարությամբ են հարմարվել ճամբարի ճաշերին: Իհարկե պարզ է, որ մայրիկի ձեռքի պատրաստած համեղ ճաշերից հետո նոր կերակրատեսակները այնքան էլ չեն հավանել: Սակայն այդ հարցն էլ երկու օր անց լուծվել է եւ Երեւանի «Հալեպ» խանութից շատ համեմունքներ հասցվել է ճամբար ու ամեն բան իր տեղն է ընկել: Ահա նաեւ այսպիսի բաներ էլ են լինում: Երեխաները պատմում էին իրենց ճամբարային առօրյայի մասին, սպորտային խաղերի, մրցումների, երգի ու պարի ուսուցման ու արշավների մասին:

Բացի հանգստից, թեքեյանցիները այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Սեւան, Գոշավանք, նաեւՙ Երեւանի տեսարժան շատ վայրեր: Սոսին տեղեկացրեց, որ թեքեյանցիներից շատերը ճամբարային հանգստից հետո կմնան Երեւանումՙ ծնողների ու հարազատների մոտ, որոնք արդեն ժամանակավորապես տեղափոխվել են հայրենիք, իսկ մյուսները կվերադառնան Հալեպ:

Տիգրան Փուշմանյանը (14 տ.), սովորում է ՀԲԲ Միության Լազար Նաջարյան դպրոցում եւ «Ազգի» հետ զրույցում ասաց. «Ես առաջին անգամ եմ հայրենիքում եւ ինձ համար շատ մեծ ուրախություն էր, որ ծնողներս որոշեցին, որ ես գամ: Այս միջավայրը շատ տարբեր է Հալեպից: Այս չքնաղ բնությունը սիրեցի, լեռները, լիճը, ափսոսՙ Արարատը պարզ չտեսա: Ինչպես պատկերացնում էի Հայաստանը, այդպես էլ տեսա: Ուրախ եմ, որ շփվեցի ու ծանոթացա հալեպցի իմ տարեկիցների հետ, որոնց նախապես չէի ճանաչում»:

Խաչիկ Չափառյանը (14 տ.), այնքան էր տպավորված Հայաստանով, որ որոշել է անպայման վերադառնալ. «Հայրենիքես բաժանվելու հեռանկարը շատ տխուր զգացում է արթնացնում եւ ցավում եմ, որ շուտ թռան այս երազածս օրերը: Երբ վերադառնամ Հալեպ, ծնողներիս պիտի պարտադրեմ, որ Հայաստան գանք ապրելու»:

Շաղիկ Բաղդասարյանը (16 տ.), արդեն 3-րդ անգամն է, որ Հայաստան է գալիս ու սեպտեմբերի 1-ին Երեւանի թիվ 114 դպրոցն է հաճախելու: «Մի քիչ մտահոգ եմ, որ սկզբում դժվար է լինելու, նոր միջավայր եւ նոր դասեր, բայց քանի որ մայր հայրենիքում եմ, եւ հույս ունեմ, որ ամեն ինչ հեշտությամբ կհաղթահարեմ»:

Իսկ Սաքոն նշում էր. «Հայրենիքի ջուրը շատ անուշ է, օդը հրաշալի եւ երբ Հալեպ վերադառնամ, Հայաստանից ջուր ու հող պիտի տանեմ, որ քիչ կարոտեմ: Իսկ երբ դրանք վերջանանՙ կրկին կգամ, խոստանում եմ...»:

Այո, դժվար է հայրենիքից հեռու ապրող այս երեխաների համար, որոնք մշտական կարոտը սրտում երազում են վերադարձի մասին: Հուսանք, որ շատ շուտով թեքեյանցի երեխաների երազանքները կիրականան լիովին ու նրանք կբռնեն տունդարձի ճամփան, նախ խաղաղած Սիրիա եւ այնուհետեւՙ դեպի Հայաստան:

Ահա այսպիսի բարեմաղթանքներով հրաժեշտից առաջ թեքեյանցիները կրկին հանմախմբվեցին ու հիշատակի համար լուսանկարվեցին, որ միշտ հիշեն ճամբարային հանգստի երկու շաբաթները մայր հայրենիքում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Հանքավան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4