«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2012-08-24 | #146, 2012-08-25 | #147, 2012-08-28


ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԳՈՐԾԵՐԸ, ՆՐԱ ՀԻՇԱՏԱԿԸ

Հենրիկ Լիլոյանի ծննդյան 80-ամյակի առիթով

Օգոստոսի 27-ին լրացավ լրագրող, դիվանագետ, պատմաբան, կուսակցական եւ պետական գործիչ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի (1932-1999) ծննդյան 80 տարին: Անվիճելիորեն վառ, ինքնօրինակ, տաղանդավոր այդ անձնավորությունը պատկանում է «վաթսունականների» սերնդին, նրա անունը լայնորեն հայտնի էր հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս:

Հենրիկ Լիլոյանի հետ իմ ծանոթությունը կայացավ 1950-ական թթ., երբ ես գլխավորում էի Հայաստանի կոմերիտմիությունը, իսկ նա սովորում էր Երեւանի պետհամալսարանում: Բայց դեռ ծանոթանալուց առաջ ես լավ ճանաչել էի նրա հորը, երբ Ռազմաքաղաքական ակադեմիան ավարտելովՙ նշանակվեցի 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիայի քաղբաժնի պետի կոմերիտական աշխատանքների գծով տեղակալ: Հայրենական Մեծ պատերազմի մասնակից, փոխգնդապետ Ցոլակ Լիլոյանը գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի հրամանատարությամբ մեր փառապանծ հայկական զորամիավորման ամբողջ մարտական ուղին անցել է Կովկասի նախալեռներից մինչեւ Բեռլին: Կաղզվանի (Կարսից ոչ հեռու) ծնունդ այդ ազնիվ եւ սկզբունքային մարդը, իսկական ռազմիկն արժանի հարգանք ու հեղինակություն էր վայելում զինվորների, սպաների եւ դիվիզիայի ղեկավարության շրջանում: Եվ զարմանալի չէ, որ որդին հորից ժառանգել էր բազմաթիվ դրական հատկանիշներ:

Հենրիկ Լիլոյանը իր հասակակիցների մեջ աչքի էր ընկնում գիտելիքներով, մտահորիզոնով, խորագիտակությամբ, լիդերի ակտիվ դիրքորոշմամբ, կազմակերպչական ունակություններով: Համալսարանն ավարտելուց հետո նա աշխատել է «Կոմունիստ» հանրապետական պաշտոնաթերթի խմբագրությունում որպես Սեւանի ավազանի շրջանների թղթակից, հետոՙ Հայաստանում «Մեդիցինսկի ռաբոտնիկ» («Բուժաշխատող») մոսկովյան թերթի սեփական թղթակից, ավելի ուշ վերադարձավ «Կոմունիստ» թերթի խմբագրություն:

Այդ տարիներին ես աշխատում էի Մոսկվայում եւ Երեւան տեղափոխվեցի 1961-ին, երբ ընտրվեցի Հայկոմկուսի Կենտկոմի քարտուղար: Ասեմ նաեւ, որ «Կոմունիստի» այն տարիների խմբագրակազմն առանձնանում էր տաղանդավոր հեղինակների համաստեղծությամբ, որոնք հետագա տարիներին անցան կուսակցական աշխատանքի, պատասախանատու պաշտոններ վարեցին կուսակցական եւ պետական մարմիններում:

Ուստի պատահական չէ, որ 1963-ին Լիլոյանն աշխատանքի հրավիրվեց (ինչպես ասում էին այն ժամանակՙ առաջ քաշվեց) ՀԿԿ Կենտկոմում, նախՙ որպես տեղեկատվության գծով հրահանգիչ, իսկ մեկ տարի անց նշանակվեց Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանի օգնական: Դա խրուշչովյան «ձնհալի» թեժ շրջանն էր, երկրում մեծ վերափոխումների ժամանակը, եւ մենք հաճույքով կուսակցական աշխատանքի էինք ընդունում թարմ կադրերիՙ լավ կրթություն ստացած խելացի երիտասարդների: Անկասկած, նման կադր էր Լիլոյանը:

1965 թ. Հենրիկին գործուղեցին ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայի (ՀԳԱ) ասպիրանտուրա, որտեղ նա հետաքրքրական թեզ գրեց 1904-14 թթ. հայ բոլշեւիկյան հրապարակախոսության մեջ ազգային հարցի լուսաբանման պատմության վերաբերյալ: Հատկանշական է, որ Լիլոյանը միանգամից ընդգրկվեց գաղափարախոսական կադրերի այդ հեղինակավոր դարբնոցի երկրորդ կուրսում. դրա համար ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարության հատուկ որոշում անձամբ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի ստորագրությամբ. «Ընկեր Հ. Ց. Լիլոյանին, բացառության կարգով, ընդունել ԽՄԿԿ Կենտկոմին կից ՀԳԱ երկրորդ կուրսՙ ատենախոսության վրա աշխատանքն ավարտելու համար»: Նման բան խիստ հազվադեպ էր պատահում:

Թեզը պաշտպանելովՙ Հենրիկը վերադարձավ Երեւան, եւ մենք (այդ ժամանակ ես արդեն Կենտկոմի երկրորդ քարտուղար էի) նրան անմիջապես ՀԿԿ Կենտկոմում ընդունեցինք որպես արտասահման կապերի սեկտորի վարիչ: Ճիշտ է, այդ պաշտոնում նա աշխատեց ընդամենը 3 ամիս: Երբ 1967-ի սեպտեմբերին Կենտկոմում սեկտորը վերափոխվեց ինֆորմացիայի եւ արտասահմանյան կապերի բաժնի, Լիլոյանը նշանակվեց հանրապետության ողջ արտաքին քաղաքական գործունեությունը համակարգող այդ ստորաբաժանման վարիչի տեղակալ:

Դա Հայաստանի արտասահմանյան կապերի, միջազգային շփումների ակտիվ զարգացման ժամանակաշրջան էր, ըստ որում, մեզ այցելում էին ոչ միայն սոցիալիստական երկրների եւ եղբայրական կոմունիստական ու բանվորական կուսակցությունների ղեկավարներ, այլեւ զանազան պետությունների ներկայացուցիչներ: Այդ ամենը ենթադրում էր մեծ պատասխանատվություն եւ պահանջում էր լարված աշխատանք, մասնավորապեսՙ այնպիսի ծրագրերի մշակման նպատակով, որոնք հնարավորություն էին տալիս հյուրերին ցուցադրել ինչպես հայ ժողովրդի պատմական հարուստ անցյալը, այնպես էլ նորՙ Խորհրդային Հայաստանի ձեռքբերումներն ամենատարբեր ոլորտներում, ընդսմին պահպանելով արարողակարգի նորմերը, որոնցից հանրապետությունում այն ժամանակ քչերն էին գլուխ հանում:

Այսօր ես գոհունակությամբ եմ վերհիշում, որ բաժնի բազմամյա վարիչ Լեւոն Մանասերյանն ու նրա տեղակալ Հենրիկ Լիլոյանն աշխատում էին ներդաշնակ, համերաշխ եւ բավական արդյունավետ: Այդ տարիներին մենք Հենրիկի հետ շփվում էինք ամեն օր, եւ մեր հարաբերությունները վերաճեցին ընկերականի եւ, նույնիսկ, բարեկամականի, իսկ ժամանակի ընթացքում էլ ավելի ամրապնդվեցին:

Հայաստանի ղեկավարությունում մենք Անտոն Քոչինյանի, Նագուշ Հարությունյանի եւ Բադալ Մուրադյանի հետ բարձր էինք գնահատում Լիլոյանին իբրեւ բարեխիղճ, քաղաքականապես գրագետ աշխատակցի, բարի ու մարդամոտ անձնավորություն, որն աշխատանքի իր հատվածում միշտ ստանձնում էր հիմնական բեռն ու պատասխանատվությունը: Որպես կանոն, օտարերկրյա պատվիրակությունների բոլոր ղեկավարները իրենց պարտքն էին համարում մեկնելուց առաջ Լիլոյանին շնորհակալություն հայտնել Հայաստանում իրենց այցը լավ կազմակերպելու համար: Հենրիկի աշխատանքն, իրոք, շատ էր, մանավանդՙ ամռանը եւ աշնանը, երբ Հայաստանում լինում էր միաժամանակ երեք-չորս պատվիրակություն, եւ դա չէր կարող չանդարդառնալ մեր աշխատակիցների վրա: Կենտկոմի բյուրոյի նիստերից մեկի ժամանակ Հենրիկը (չտեսնված դեպք) նույնիսկ քնեց, եւ ես ստիպված էի բաժնի փարիչին գրել այսպիսի անսովոր երկտող. «Ձեր տեղակալին ուղարկեք տուն, թող քունն առնի» (ես կմոռանայի այդ դեպքը, եթե դրա մասին ինձ չհիշեցնեին Լիլոյանի որդին եւ դուստրըՙ Տիգրանը եւ Նինան, հանձնելով իմ այդ «ուղերձի» պատճենը):

Հենրիկ Լիլոյանի կենսագրության հաջորդ փուլը դարձավ դիվանագիտական աշխատանքը Ֆրանսիայում: Այսօր շատերին թվում է, թե հայկական դիվանագիտությունը ծագել է դատարկ տեղում, քչերն են հիշում, որ 1960-82 թթ. Փարիզում ԽՍՀՄ դեսպանությունում մշտապես աշխատել է հանրապետության ներկայացուցիչը, որին իրավամբ անվանում էին Հայաստանի դեսպան: Ֆրանսիայի մայրաքաղաքում Հայաստանի ներկայացուցիչների շարքում էին Լեւոն Մանասերյանը, Մարատ Խարազյանը, Հենրիկ Լիլոյանը, Ռուբեն Սահակյանը: Խորհրդային դեսպանությունում հիմնական պարտականությունների կատարմանը զուգընթաց, նրանք, փաստորեն, կամրջում էին հանրապետությունը ֆրանսահայ համայնքին, ապահովում մշտական կապը մեր հայրենակիցների, հասարակական եւ կրոնական կազմակերպությունների հետ:

Փարիզի համար Լիլոյանի թեկնածությունը ԽՄԿԿ Կենտկոմում եւ ԽՍՀՄ ԱԳՆ-ում շատ դրական ընդունվեց, քանի որ այդ ժամանակ նա ուներ կուսակցական աշխատանքի հարուստ փորձ, առավել եւսՙ կապված միջազգային գործերի հետ: Իսկ նախքան արտերկիր մեկնելըՙ 1970 թ. առաջին կիսամյակում Հենրիկը գործուղվեց Մոսկվաՙ ԽՍՀՄ ԱԳՆ բարձրագույն դիվանագիտական դպրոցի ղեկավար դիվանագիտական աշխատողների կատարելագործման դասընթացների:

Ֆրանսիայում արգասավոր աշխատանքի ամբողջական 5 տարիների ընթացքում Հենրիկ Լիլոյանը նախաձեռնեց հայկական խաչքարի հանձնումը Լուվրի աշխարհահռչակ թանգարանի հավաքածուին, կազմակերպեց հայ մշակույթի բազմաթիվ հայտնի գործիչների երկերի եւ արխիվների «վերաբնակեցումը» Հայաստան, ինչպես նաեւ ֆրանսիական մեդալների եզակի հավաքածուի հանձնումը Պատմության պետական թանգարանին, մի շարք հին ձեռագրերինըՙ Մատենադարան: Նա օժանդակեց Ֆրանսիայում Հայաստանի զբոսաշրջության օրերի (1973 թ.) եւ հայկական կինոյի փառատոնի (1975 թ.) կազմակերպմանը, բազմաթիվ կատարողների եւ ստեղծագործական կոլեկտիվների հյուրախաղերի, հայ գեղանկարիչների ցուցահանդեսների անցկացմանը: Փարիզում նա էր «հոգ տարել» Արամ Խաչատրյանի, մարշալ Բաղրամյանի ու Վիլյամ Սարոյանի, Կոնստանտին Սիմոնովի, Սերգեյ Միխալկովի ու Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Առնո Բաբաջանյանի եւ Մարիետա Շահինյանի այցերի ընթացքում, շփվել է Մարկ Շագալի, Մորիս Դրյուոնի ու Լուի Արագոնի հետ, բարեկամություն արել Գառզուի ու Ժանսեմի, Գրիգոր Շլտյանի, Անրի Վերնոյի ու Շառլ Ազնավուրի հորՙ Միշա Ազնավուրյանի հետ:

Լիլոյանը նպաստել է Վազգեն Ա Ամենայն հայոց երջանկահիշատակ կաթողիկոսի Փարիզ կատարած մի շարք այցերի հաջող կազմակերպմանը. Վեհափառը շատ ջերմ էր վերաբերվում Հենրիկին ու բարձր գնահատում նրան:

Հենրիկ Լիլոյանի առաջարկով ՀՀԳ-Արմենպրեսի Հայաստանի նորությունների հայերեն հեռատիպային ժապավենը սկսեց ՏԱՍՍ-ի միջոցով առաքվել նաեւ Փարիզ (մինչ այդ այն ուղարկվում էր Բեյրութ ու Նյու Յորք)ՙ այնտեղ տպագրվող հայկական թերթերի, այդ թվում, ոչ միայն խորհրդամետ ուղղություն ունեցող հրատարակությունների համար:

Այն տարիներին, երբ ինձ ուղարկեցին Սենեգալում ու Գամբիայում ԽՍՀՄ դեսպան, Լիլոյանի հետ շփումներս չդադարեցին: Դակար գնալիս կամ Մոսկվա վերադառնալիս, լինում էի Փարիզում, ուր Հենրիկը մեզ ընդունում էր իրեն բնորոշ ջերմությամբ, սրտաբացությամբ ու հյուրընկալությամբ: Եվ մենք միասին հաճույքով վերհիշում էինք մեր համատեղ աշխատանքը, անցած ժամանակները, մեր ընկեր-բարեկամներին: Իրենց հերթին, Ֆրանսիայում ԽՍՀՄ դեսպաններՙ ականավոր խորհրդային դիվանագետներ Վալերիան Զորինը, Պյոտր Աբրասիմովը եւ Ստեփան Չեռվոնենկոն միշտ ջերմ էին խոսում Լիլոյանի մասին, նրա գիտելիքների, ձիրք ու շնորքի, դիվանագիտական կոլեկտիվում աշխատելու հմտության, ընդհանուր առմամբ արգասաբեր գործունեության մասին:

Հենրիկին գնահատում էին նաեւ Մոսկվայումՙ դրանում համոզվում էիՙ գալով արձակուրդ կամ գործուղման: Այսպես, աշխատելով դեսպանության մշակույթի բաժնում, Լիլոյանը ֆրանսիական կողմի հետ ամենաակտիվ բանակցողներից էր Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա (Ջոկոնդա)» գլուխգործոցի Մոսկվայում ցուցադրելու հարցի շուրջը: Դրա մասին ինձ պատմել է ԽՍՀՄ մշակույթի այն ժամանակվա նախարար Եկատերինա Ֆուրցեւան եւ նրա տեղակալ Վլադիմիր Պոպովը:

Վերադառնալով արտերկրից, Հ. Լիլոյանը կրկին աշխատանքի անցավ ՀԿԿ Կենտկոմի ինֆորմացիայի եւ արտասահմանյան կապերի բաժնում: Հայաստանի ազգային արխիվում երբեմնի գաղտնի փաստաթղթերի թվում հետաքրքրական է կարդալ նրա նախապատրաստած ու զեկուցած որոշումները, օրինակՙ լիբանանահայ համայնքին օգնություն ցույց տալու, կամ էլ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին Աստվածաշունչը վերահրատարակելու թույլտվություն տալու մասին...

1982-89 թթ. Հենրիկը գլխավորել է Հայկական ԽՍՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությունը, եղել հանրապետության կառավարության անդամ: Դրանք տուրիզմի ոլորտի սրընթաց զարգացման տարիներն էին, երբ զբոսաշրջությունը դարձավ հայաստանյան էկոնոմիկայի կարեւոր ճյուղ: Հայաստան էին գալիս ոչ միայն մեր սփյուռքահայ հայրենակիցները, այլեւ հազարավոր զբոսաշրջիկներ ամենատարբեր երկրներից: Այդ շրջանում շահագործման հանձնվեց «Արմենիա» հյուրանոցի 2-րդ մասնաշենքը, կառուցվեց «Ինտուրիստի» կոնֆերենս-դահլիճը (այժմՙ Երաժշտական կոմեդիայի թատրոնը):

Երբ 1989 թ. ողջ ԽՍՀՄ-ում լուծարեցին արտասահմանայն տուրիզմի հանրապետական գերատեսչությունները, Լիլոյանին տեղափոխեցին Հայաստանի պետական հանրային գրադարանՙ տնօրենի պաշտոնով: Նրա նախաձեռնությամբ գրադարանը անվանափոխվեց Ազգայինի, լույս տեսան 1988 թ. ավերիչ երկրաշարժի ու Հայաստանի դաժան շրջափակման մասին փաստաթղթերի ու նյութերի բազմահատոր ժողովածուները: Ցավոք, ավելին Հենրիկին անել չհաջողվեց, քանի որ նրան «նեղեցին», ազատեցին աշխատանքից:

Հետագայում նա դարձավ արդեն նորանկախ Հայաստանի ԱԳՆ պատմադիվանագիտական բաժնի առաջին վարիչը, ԱԳՆ «Դիվանագիտական բանբերի» գլխավոր խմբագիրը, դասավանդեց դիվանագիտության պատմություն ու միջազգային հարաբերություններ առարկան Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում: ՀՀ ԱԳՆ-ում պաշտոնավարելիս եւս Լիլոյանի «բախտը չբերեց»ՙ եկան նոր ժամանակներ, եւ նա մնաց առանց աշխատանքի...

Պատմագիտության թեկնածու Հենրիկ Լիլոյանը շարունակում էր զբաղվել լրագրությամբ ու հրապարակախոսությամբ, մասնավորապես «Ազգ» օրաթերթում: Նրա գրչին են պատկանում բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հոդվածներ, նոթագրություններՙ տարբեր մայրցամաքներ կատարած ուղեւորություններից ու հանդիպումներից, խորհրդային խոշոր դիվանագետ Լեւ Կարախանի (Լեւոն Կարախանյան) կյանքի ու գործունեության մասին հետազոտությունը, «Վերածնված Հայաստանի մշակույթը» գիրքը, որն ուկրաիներեն լույս է տեսել Կիեւում: Լիլոյանը հայերեն առաջին Դիվանագիտական բառարանի հեղինակն է, որը ծանր հիվանդության պատճառով չհասցրեց ավարտին հասցնելու ու հրատարակել:

Չէր ընկճվում, մեր վերջին հանդիպման ժամանակ պատմում էր խորհրդային հայազգի դեսպանների մասին գիրք գրելու մտադրության շուրջ...

Հենրիկ Լիլոյանի մասին խոսելիս, չեմ կարող չհիշել ու արժանին չմատուցել նրա հմայիչ տիկնոջըՙ Սեդային, որը, ցավոք, եւս շատ վաղ հեռացավ կյանքից:

... 2003 թվականին Երեւանում, Մաշտոցի պողոտայի այն շենքի ճակատին, ուր ապրել են Լիլոյանները, հանդիսավորությամբ բացվեց Հենրիկի հուշատախտակը: Ինձ շատ հաճելի է, որ արդեն երկար տարիներ Ռուսաստանի դիվանագետի օրը հուշատախտակի մոտ ծաղիկներով գալիս են ՌԴ դեսպանն ու դեսպանության աշխատակիցները:

Ուրախալի է, որ հետայսու Դիվանագետի օր է սահմանվել նաեւ Հայաստանում եւ, վստահ եմ, այդ օրը, ՀՀ ԱԳՆ աշխատակիցները հիշատակի տուրք կմատուցեն նաեւ Հենրիկ Լիլոյանինՙ լրագրողին, դիվանագետին, պատմաբանին, կուսակցական եւ պետական գործչին:

ԳԵՈՐԳԻ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՑ, Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4