Օգոստոսի 23-ին, Հայ առաքելական ուղղափառ սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալիի» անվան մանկապատանեկան համույթը ազգանվեր նախաձեռնությամբ շաբաթօրյակ անցկացրեց Թբիլիսիի Հայոց մեծաց պանթեոնում: Համույթի անդամները, ծնողների հետ, խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ եւ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի, տեխնիկական համակարգի պատասխանատու Վալերի Բադալյանի ուղեկցությամբ, ամառային հանգստի մեկ օրը տրամադրեցին հանրօգուտ աշխատանքինՙ Թբիլիսիում հանգչող ազգի մեծամեծների շիրիմների եւ տապանաքարերի մաքրմանը, պանթեոնի տարածքի բարեկարգմանը:
Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնը մեր հպարտությունն է, վկանՙ ազգի հանճարեղ զավակների թբիլիսյան գործունեության եւ ապացույցըՙ նրանց տաղանդի: Եվ զարմանալի չէ, որ աշխարհասփյուռ հայերի Թբիլիսի այցելության առաջին ցանկությունը Խոջիվանքի պանթեոն այցելությունն է եւ խոնարհումը ազգի մեծերի շիրիմների առջեւ: Ուստի զարմանալի չէր, որ Ռուսաստանի Դաշնությունից, Բեյրութից ժամանած այցելուներին առանձնահատուկ ուրախություն պատճառեց ներսեսշնորհալցիների կազմակերպած գեղեցիկ շաբաթօրյակը: Խանդավառված փոքրերի ոգեւորությամբ, պանթեոնի այցելուները նույնպես ընդգրկվեցին շաբաթօրյակի աշխատանքներին եւ միասին բարեկարգեցին պանթեոնի տարածքը:
Պարբերական այցելությունները հայ գրողների եւ հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն յուրաքանչյուր հայի հոգու պարտքն է, իսկ այն բարեկարգ պահելու հարցըՙ թբիլիսաբնակ հայերի պարտականությունը: Շաբաթօրյակի խորհուրդը անգնահատելի է, նպատակըՙ վեհ-մատաղ սերնդին մոտեցնել ազգի պատմությանը, ներշնչել հպարտություն ազգի մեծերի նկատմամբ եւ առաջացնել պարտքի զգացումՙ պանթեոնը բարեկարգ եւ խնամված պահելու եւ այցելուներին ներկայացնելու համար:
Վիրահայոց թեմի մամլո դիվան, պատասխանատուՙ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ