Մինչ անցած օրերին բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդին, տեղեկագրեցին, որ Միացյալ Նահանգների վարչակազմը «կողմ է Իրանի միասնականության պահպանմանը», ադրբեջանական «Պոլիգոն» կայքը երեկ լուր է տպագրել` «Միասնական Ադրբեջանի գաղափարին «այո» ասաց նաեւ Հիլարի Քլինթոնը» ինտրիգող վերնագրի տակ (տես`http://www.pia.az/index.php?l=az&m=news&id=24262):
Իր հերթին հղում անելով lent.az-ի` «ամերիկյան մամուլից քաղած տեղեկություններին», ադրբեջանական լրատվամիջոցը հայտնում է, որ պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդը ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է, որ «պետքարտուղար Քլինթոնը կոնգրեսական Դանա Ռորաբախերի նամակին պատասխանում ողջունել է Հարավային Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետությանը միավորելու գաղափարը, սակայն (Նուլանդը) չի բացահայտել պատասխան (Քլինթոնի) նամակի մանրամասնությունները»:
Ընդսմին, «Պոլիգոնը» մեջբերել է կոնգրեսականի նամակից մի հատված, ըստ որի` «1828 թ. ստորագրված Թուրքմենչայի պայմանագրով Ադրբեջանի տարածքը բաժանվել է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ: Միացյալ Նահանգները պետք է ռազմական համագործակցությունը խորացնի Ադրբեջանի եւ Իսրայելի հետ, քանի որ երկու երկրներն էլ Իրանին թշնամի են»: Սա թերեւս առաջին դեպքն է, երբ ադրբեջանական մամուլը բացահայտորեն գրում է Իրանի հետ թշնամանք տածելու պաշտոնական Բաքվի վերաբերմունքի մասին:
Այս առթիվ ադրբեջանցի քաղաքագետ Փարվին Դարաբադին խորհուրդ է տվել «չափազանց զգույշ լինել, քանի որ առաջին անգամ չէ, որ աշխարհաքաղաքական ազդեցիկ խաղացողները շահարկում են «միասնական Ադրբեջանի» գաղափարը, իսկ թե ինչի հանգեցրեց դա 1945-46 թթ., հայտնի է»:
Այնուամենայնիվ, տարակուսելի է, որ ադրբեջանական անգամ «դեղին» մամուլն իրեն թույլ կտար բացահայտ նենգափոխել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի արտահայտությունները: Ակնհայտ է, որ կոնգրեսական Ռորաբախերը պետքարտուղար Քլինթոնին հասցեագրած նամակում, եթե «Պոլիգոնը» նրա մտքերը ճիշտ է մեջբերել, օգտագործել է պատմական իրադարձությունների ադրբեջանական նենգափոխումները: Չի բացառված, որ հենց նա էլ Բաքվի լրատվամիջոցների համար «տեղեկատվական արտահոսք» է կազմակերպել: Իսկ պետքարտուղարի պատասխան նամակում գուցե իրականում կա՞ն ադրբեջանցիների լսողությունը «շոյող ձեւակերպումներ»:
Վ. Ա.