«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2012-08-28 | #148, 2012-08-29 | #149, 2012-08-30


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՌԱԿ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) վարչության գործադիր մարմնիՙ դիվանի ներկայացուցիչներինՙ վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

Հայաստանում վերջերս պաշտոնապես գրանցված եւ ՀՌԱԿ ու Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդն ու իրավաժառանգորդը հանդիսացող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին ներկայացրել են կուսակցության առաջիկա ծրագրերը, խոսել Հայաստանի քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն սկսելու, նաեւ Սփյուռքում կուսակցությունը միավորված տեսնելու ՌԱԿ նպատակադրումների մասին: Հանդիպման մասնակիցները Նախագահից հետաքրքրվել են ՀՀ տնտեսական, քաղաքական կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող որոշ հարցերի մասին, իրենց մտահոգություններն արտահայտել Սիրիայում ապրող մեր հայրենակիցների վիճակի կապակցությամբ եւ նրանց աջակցության հետ կապված առաջարկություններ ներկայացրել:

ՌԱԿ-ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ Մայր հայրենիքում իրենց միավորումը եւ քաղաքական կյանքում հաջողությունները կարող են նպաստել Սփյուռքում եւս կուսակցության միավորմանը: Նրանք նշել են, որ ՌԱԿ-ը որոշել է ՀՀ քաղաքական կյանքում ակտիվ գործունեություն ծավալել, մասնակցել տեղական ինքնակառավարման ու համապետական ընտրություններին, եւ այդ ուղղությամբ կուսակցությունն արդեն առաջին քայլերն արել էՙ առաջիկա ՏԻՄ ընտրություններին ՌԱԿ-ի կողմից թեկնածուներ առաջադրելով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4