«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2012-08-28 | #148, 2012-08-29 | #149, 2012-08-30


ԹԵՀՐԱՆ ՄԵԿՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ

Այսօր եւ վաղը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թեհրանում մասնակցելու է «Չմիավորված երկրների շարժման» վեհաժողովին: Ավելի վաղ ասվում էր, որ այդ վեհաժողովին մասնակցելու է Հայաստանի նախագահը, այդ մասին լուրը իրանական աղբյուրներից էր, որտեղ նշվում էր, թե Հայաստանի նախագահին այդ հրավերն արել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Հայաստանում այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել: Նշենք, որ ըստ ադրբեջանական աղբյուրների` այդ վեհաժողովում Ադրբեջանը ներկայացնելու է ԱԳ-ի փոխնախարարը, այնպես որ Հայաստանը բավական բարձր մակարդակով է ներկայացված:

Այդ վեհաժողովը տեղի է ունենում բավական լարված տարածաշրջանային ֆոնի վրա, ու Հայաստանի` վեհաժողովին Հայաստանի նախագահի մակարդակով մասնակցելը տարբեր հարաբերությունների համատեքստում բոլորովին տարբեր դիտանկյուններից էր դիտվելու: Մի քանի նրբերանգ միայն հիշեցնենք: Օրինակ, երեկ լուրեր կային, որ Իրանը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ջոկատ է ուղարկում Սիրիա` Բաշար Ասադին պաշտպանելու եւ դիմադրությունը ճնշելու. «Այժմ Սիրիան ծանր կացության մեջ է, մենք պարտավոր ենք աջակցել եւ կանխել երկրի անկումը», հայտարարել էր պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավար եւ երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի վստահելին համարվող Մուլահ Հուսեյն Թայեբը: Իսկ տարվա սկզբին էլ Իրանը 1 մլրդ դոլար էր տրամադրել Ասադի կառավարությանը` հաշվի չառնելով Սիրիային ուղղված միջազգային պատժամիջոցները:

Մյուս կողմից էլ Ռուսաստանն է անընդհատ ՀԱՊԿ-ից ու Եվրասիական միությունից խոսում` հավանաբար նաեւ Հայաստանի նախագահի հետ իրանյան ուղղությամբ քննարկումներ տանելով (օգոստոսի 8-ին տեղի ունեցավ Պուտին-Սարգսյան հանդիպում): Իրան-Հայաստան սահմանը շատերի մտքի երեւակայությունն է շարժում, իսկ դա ընդամենը մեզ համար կենսական անհրաժեշտության գոտի է` մեր հարեւանի հետ:

Այնպես որ` օր օրի ավելի դժվար է այսպիսի տարածաշրջանում մանեւրել` քանի որ Հայաստանի համար նույնքան կարեւոր են ե՛ւ հայ-իրանական, ե՛ւ հայ-ռուսական հարաբերությունները, եւ այդ երկուսի հետ նույնաչափ կարեւոր` եվրոպական եւ ամերիկյան ուղղությունները: Այդ բոլոր ուղղություններով հարաբերությունները տարածաշրջանային սրումների դեպքում հավասարակշռելը դառնում է ավելի ու ավելի դժվար: Առայժմ դիմանում ենք:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4