Իսրայելի դատարանը երկրի իշխանություններին անմեղ է ճանաչել ամերիկյան ակտիվիստուհի Ռեյչել Կորիի մահվան համար: Ֆրանսպրեսը հիշեցնում է, որ 2003-ին նրան ճզմել էր բանակային բուլդոզերներից մեկը:
2003-ին Կորին 23 տարեկան էր, երբ զոհվեց Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի կողմից պաղեստինցիների տների քանդման դեմ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ:
Դատավոր Օդեդ Գերշունը դատավճիռն ընթերցելիս ասել է. «Ես եզրակացրել եմ, որ բուլդոզերի վարորդը անփութություն չի դրսեւորել»: Նրա խոսքերով, Կորիի մահը եղել է դժբախտ պատահարի հետեւանք:
Ցույցի ժամանակ Կորին կանգնել էր բուլդոզերի ճանապարհին, փորձելով կասեցնել նրա ընթացքը: Ականատեսների վկայությամբ, դա վարորդին չէր խանգարել շարունակել ընթացքը, որի հետեւանքով ծանր վիրավորված Կորին որոշ ժամանակ անց մահացել էր:
Միջադեպից յոթ տարի անց Կորիի ընտանիքը, ապացույցներ հավաքելով, քաղաքացիական հայց էր ներկայացրել Իսրայելի կառավարության եւ պաշտպանության նախարարության դեմ, որպես փոխհատուցում պահանջելով 1 դոլար խորհրդանշական գումար: Սակայն դատարանը հրաժարվել էր գործին կցել ապացույցների մի մասը, մասնավորապեսՙ իշխանությունների կողմից այն տեսագրության ոչնչացմանն առնչվող տվյալները, որտեղ երեւում է դեպքերի ընթացքը:
Ընտանիքի փաստաբան Հուսեյն Աբու Հուսեյնը հայտարարել է, որ դատավճիռը հիմնված է փաստերի խեղաթյուրման վրա: «Այն տպավորությունն ենք ստանում, թե վճիռը ջրվել է պատասխանողների կողմի թելադրանքով», ասել է նա: Զոհվածի ընտանիքը եւ կողմնակիցները մտադիր են գանգատարկել վճիռը:
Պ. Ք.