«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2012-08-28 | #148, 2012-08-29 | #149, 2012-08-30


ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԽՈՒՍԱՓԵՑԻՆ ԱՍԵԼՈՒՑ

Եկամտահարկի փոփոխությունը նաեւ բյուջետային լրացուցիչ մուտքեր ապահովելու համար էր

Սոցվճարների եւ եկամտահարկի վճարումներից 2013-ից միասնական եկամտային հարկին անցնելու հետ կապված ֆինանսների նախարար Վաչե Գարբրիելյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեցին, որ աշխատողների համար այս փոփոխությունը, այսպես ասած, մաքուր աշխատավարձի իջեցման չի հանգեցնի: Եթե սա նրանք կարողացան հիմնավորել, եւ թվում է, թե որեւէ տհաճ անկնկալն այս առումով չի լինի, ապա նույնը չի կարելի ասել գործատուների համար հարկային բեռի փոխվել-չփոխվելու նրանց պարզաբանումների մասին:

Ըստ նախարարների, մեկ հոգուն 100 հազար դրամ աշխատավարձ վճարելիս, որպեսզի վերջինս ստանա նույն աշխատավարձը, գործատուներն այս փոփոխությունից հետո պետք է լրացուցիչ որպես եկամտահարկ վճարեն 775 դրամ: Այս ծախսը, ըստ կառավարության ներկայացուցիչների, կփոխահատուցվի հաշվետվության էլեկտրոնային ձեւին անցնելով եւ այլ ծախսերից ազատվելով: Առաջ անցնելով ասենք, որ չասվեց, թե ինչ այլ ծախսերի մասին է խոսքը, իսկ երկու հաշվետվություն հարկային մարմին ներկայացնելը գործատուի համար արժենում է 100-200 դրամ` փոստով ուղարկելու դեպքում: Ընդ որում, հաշվետվությունների մեծ մասը ուղարկվում են եռամսյակը մեկ, իսկ լրացուցիչ 775 դրամը գործատուները պետք է վճարեն մի քանիսից մինչեւ մի քանի հարյուր կամ որոշ դեպքերում հազար աշխատողների: Այսինքն, հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակին անցնելու հետ կապված ծախսի վերացումը լրացուցիչ եկամտահարկի համեմատ ոչինչ է եւ անգամ համեմատելու եզր չկա այստեղ: Ավելին, հաշվետվությունների էլեկտրոնային տաբերակին անցնելու համար գործատուները պետք է ստանան նույնականացման քարտ եւ էլեկտրոնային ստորագրություն, որը ինքնին լրացուցիչ ծախս է: Այդուհանդերձ, անկախ վերոնշյալից, միասնական հարկին եւ միասնական Էլեկտրոնային հաշվետվություններին անցնելը դրական քայլ է բիզնես միջավայրի համար եւ չի կարելի ասել, թե դա ծանր բեռ կլինի տնտեսվարողների համար, առավել եւս, որ ստվերային շրջանառությունը մեր երկրում դեռեւս մեծ չափեր ունի: Խնդիրն այստեղ այլ է:

Ֆինանսների եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարները պարզապես պետք է անկեղծ լինեին եւ ուղղակի ասեին, որ հարկային բեռի ոչ մեծ ավելացում այնուամենայնիվ տեղի է ունենալու այս փոփոխության հետեւանքով եւ նշեին նաեւ, թե ինչ գումարներ կստանա դրանից պետական բյուջեն: Քանի որ նրանք դա չարեցին, ապա, հիմնվելով վիճակագրական տվյալների վրա, մենք ներկայացնենք, թե ի՞նչ մուտքեր կունենա պետական բյուջեն:

Վիճծառայության հետազոտությունների համաձայն, Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում զբաղված են 1 մլն 75 հազար մարդ: Դրանից հանենք 382 հազար մարդուն` ընդգրված գյուղատնտեսության մեջ, 210 հազարին` ընդգրկված պետական համակարգում, այդ թվումՙ կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ: Այսինքն, մենք ունենք 483 հազար աշխատող արդյունաբերությունում, շինարարությունում, ծառայությունների եւ առեւտրի, տրանսպորտի եւ կապի, ֆինանսական ոլորտներում: Միջին աշխատավարձը Հայաստանում, դարձյալ ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում է 120 հազար դրամ: Դա նշանակում է, որ 100 հազար դրամի դեպքում գործատուի կողմից լրացուցիչ վճարվող 775 դրամի փոխարեն, 120 հազար դրամի համար պետք է վճարվի 910 դրամ: Այժմ 483 հազար աշխատողների թվաքանակը բազմապատկենք 910 դրամով: Կստանանք 439 մլն 530 հազար դրամ ամսական: Սա էլ բազմապատկենք 12 ամսով, կստանանք 5 մլրդ 274 մլն դրամ: Այսինքն, այս փոփոխության շնորհիվ, 2013-ին կունենանք մոտ 5,2 մլրդ դրամ լրացուցիչ մուտք: Ինչը փոքր գումար չէ, հետեւաբար նշանակում է, որ փոփոխությունը կատարվել է նաեւ լրացուցիչ բյուջետային մուտք ապահովելու համար: Ինչը, չգիտես ինչու, խուսափեցին ասելուց ֆինանսների եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4