Գյումրիում վերջին մի քանի օրերին երեկոյան անսովոր տոթ էր, որպիսին այստեղ ամռան ամենաթեժ շրջանում էլ չի եղել: Ցերեկներն էլ, բնականաբար, սաստիկ շոգ է: Երեւի հեռավոր ինչ-որ անապատներից էլի շիկացած օդային զանգվածներ են թափանցել: Օրացույցով ավարտվող ամառը ոչ միայն իր իրավունքներից մի օր իսկ չի ուզում զիջել, այլեւ մարդկանց հաճախ լրջորեն նեղում է:
Դուք երբեւէ երազում տեսե՞լ եք, որ մի այնպիսի անելանելի նեղվածքի մեջ հայտնված լինեք,- ասենք` հասարակական տրանսպորտում,- եւ շրջապատողները ձեր շունչն այնպես կիպ փակած լինեն, որ ահա ուր որ է` շնչահեղձ կլինեք... եւ վերջին պահին հազիվ արթնանում-շունչներդ տեղն եք բերում: Եսՙ պատահել է, այդպիսի երազ տեսել եմ, բայց օրերս նման վիճակում անակնկալ հայտնվեցի նաեւ արթմնի, երբ Գյումրու ծայրամասային Անի թաղամասից ներքաղաքային մի երթուղու միկրոավտոբուս նստելովՙ իջնում էի քաղաքի կենտրոն:
Այդ երթուղու առաջին կանգառներից մեկն էր, եւ նստելուս պահին «Գազել»-ում դեռ ազատ տեղեր էլ կային: Մոտիկ մի երկու «կանգառից» (որտեղ որ ձեռ տնկեցին) հետո նստատեղերը զբաղեցվեցին, բայց երիտասարդ վարորդն անվրդով կանգնում ու նորանոր ուղեւորներ էր վերցնում: Հետզհետե իրար սեղմող կռացած ուղեւորները փակում էին «Գազել»-ի առանց այն էլ նեղվածք տարածքը, ավելի ու ավելի, շնչելը դժվար, արդեն անհնար էր դառնում: 13-տեղանոց փոքրիկ միկրոավտոբուսում հասցրի հաշվել նստած ու կանգնած 20 ուղեւոր... Վերեւի օդանցքն էլ չէր աշխատում, եւ անձամբ ինձ վերջին պահին օգնեց միայն կողքիս լուսամուտի փոքրիկ, մի ճեղքի չափ բացվածքը: Հաջորդ պահին բոլորի ծանր լռությունը խախտեց երիտասարդ մոր ծնկներին նստած գրկանոց երեխայի աղեկտուր ճիչը...
Ինքս այս ամռան ընթացքում նման իրավիճակում հայտնվում էի երկրորդ անգամ (որպես միշտ ոտքով քայլող` երեւի դրանից ավելի անգամ տրանսպորտ չեմ էլ նստել): Բայց քաղաքի շատ ու շատ բնակիչների համար սա ամենօրյա քաշելիք է... Չասեք, թե թող ուրիշ տրանսպորտ նստեն. Գյումրու ներքաղաքային երթուղիներում աշխատող ուրիշ տրանսպորտային միջոց, այլընտրանք վաղուց չկա, վերացված է, իսկ առանձին դեպքերում հատուկենտ հանդիպող կամ բնավ չհանդիպող հին «ՊԱԶ» ավտոբուսներն, ավելի շատ, բացառությունների կարգի են: Եթե այդպես չլիներ ու եթե Գյումրու քաղաքացիներին միշտ կռացած ու կիսաշնչահեղձ երթեւեկել չստիպեին, էլ ինչպե՞ս «գծատերերն» ու այդ «գծերը» տրամադրողները գերշահույթներ դիզեին...
Ահա բազում այն խնդիրներից մեկը, որի լուծում գտնելը, կարծում ենք, լինելու է քաղաքիս սեպտեմբերին ընտրվելիք նոր իշխանության առաջնահերթությունների օրակարգում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ