1906 թվականից, երբ առաջին սոցիալական գովազդը պատրաստվեց ԱՄՆ-ում, այն դարձավ հոգեբանական մեխանիզմ, որը փայլուն աշխատում է ամբողջ աշխարհում: Հասարակության մեծամասնությունն ունի սոցիալական որոշակի խնդիրներ, սակայն նրանց մեջ թուլանում է լարվածությունը, երբ տեսնում են, որ իրենց սոցիալական հիմնախնդիրների մասին բարձրաձայնում են զանգվածային լրատվամիջոցների մակարդակով: Հայաստանում, սակայն, սոցիալական գովազդի մշակույթը դեռեւս պատշաճ մակարդակով ձեւավորված չէ:
«Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի» նախագահ Արզուման Հարությունյանը կարծում է` եթե պետական մակարդակով հնարավոր չէ լրացնել սոցիալական գովազդի բացը, ապա այդ պատասխանատվությունը պետք է ստանձնի հասարակական հատվածը:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արզուման Հարությունյանը նշեց, որ սոցիալական գովազդները պետք է հեռարձակվեն ոչ միայն առիթից առիթ: Ըստ նրա` կառավարության ֆինանսավորմամբ կազմակերպվում են թրաֆիքինգի դեմ պայքարի բավականին հաջող ակցիաներ, սակայն դրանք կատարվում են թրաֆիքինգի միջազգային օրվա շրջանակներում, իսկ հաշմանդամների մասին հիշում են ընտրությունների ժամանակ` ապահովելու համար նրանց ընտրություններին մասնակցելու իրավունքը:
Արզուման Հարությունյանը ճիշտ քայլ է համարում, որ ստեղծվի սոցիալական գովազդի լաբորատորիա, ինչը սոցիալական գովազդ ստեղծել ցանկացողներին կսովորեցնի` ինչպես կիրառել համաշխարհային փորձը, կազմակերպել մոնիտորինգներ` պարզելու համար, թե որքանով է տվյալ սոցիալական գովազդը եղել նպատակային ու լուծելով մի հիմնահարց` արդյոք չի՞ նպաստել այլ հիմնահարցի առաջացմանը:
Այս տարի սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի սոցիալական գովազդի վիրտուալ փառատոն:
Փառատոնի հաղորդակցման հարցերով խորհրդատու Մարիամ Մովսիսյանը նշում է, որ փառատոնի ծրագրի միջոցով ուզում են խրախուսել սոցգովազդի տարածումը` որպես սոցիալական խնդիրների լուծման ճանապարհ:
Փառատոնը կկազմակերպվի առաջին անգամ ու կընթանա մի քանի փուլով: Առաջին փուլում բոլոր ցանկացողները կարող են մասնակցել հնգօրյա անվճար դասընթացի, որի շրջանակում կծանոթանան սոցիալական գովազդի հիմունքներին, խնդիրներին ու կստանան սոցգովազդի պատրաստման մասին նախնական գիտելիքներ:
Ի. Պ.