Երեք որդիների եւ դստեր հայր, ֆրանսիացի, ծնունդով` Փարիզից Ֆրանսիս Ժելիբտերը երկուշաբթի առավոտյան` ժամը 8:30-ին իր երեխաներին երեւանյան դպրոց կտանի, այնուհետեւ 10-ին կգա իր նոր աշխատավայրը` Օրանժ Արմենիա ընկերություն. Ժելիբտերը նշանակվել է Օրանժ Արմենիայի նոր գլխավոր տնօրեն` փոխարինելով Հայաստանում Օրանժ Արմենիան հիմնադրած եւ 3,5 տարի գլխավորած Բրունո Դյութուային, որը մեկնում է Եթովպիա` նոր աշխատանքի: Ժելիբտերն ու Դյութուան 18 տարվա ընկերներ են, ուշագրավ է, որ Ժելիբտերը մինչ Հայաստանում նշանակում ստանալը գլխավորել է Օրանժ Մոլդովան, եւ այդ պաշտոնում փոխարինել է հենց Բրունո Դյութուային: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Ժելիբտերը նշեց. «Երբ ես իմացա, որ գալու եմ Հայաստան ու փոխարինելու Բրունոյին, գիտակցեցի, որ աշխատանքս սկսելու եմ բարձր նշաձողից»: Ժելիբտերը զբաղեցրել է նաեւ Ռուսաստանում Օրանժ Բիզնես ծառայությունների ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, 54-ամյա Ժելիբտերն ավարտել է Սորբոնի համալսարանը, ունի տնտեսագիտության եւ միջազգային ֆինանսների դոկտորի գիտական աստիճան, եւ ֆրանսերենից բացի տիրապետում է անգլերենին ու ռուսերենին:
Բրունո Դյութուան իր հաջորդին է փոխանցում մի ընկերություն, որն այսօր Հայաստանում ունի 600 հազար բաժանորդ, եւ գործունեության մի քանի տարիների ընթացքում մեր երկրում արդեն ներդրել է 250 մլն եվրո: Ֆրանս Տելեկոմ-Օրանժ խմբի եվրոպական շուկաների գործադիր փոխնախագահ Բենուա Շինը, որը մեր երկրում է եւ հանդիպել է վարչապետին, կառավարության այլ անդամների, երեկ ընդգծեց, որ «Օրանժն այլեւս նոր ընկերություն եւ բրենդ չէ Հայաստանում: Մեր հայկական ընկերությունն արդեն իր կայուն տեղն ունի մարդկանց կյանքում եւ կարեւոր դերակատարություն երկրի տնտեսության մեջ: Այսօր Օրանժը սիրված բրենդ է Հայաստանում, եւ հենց սա էր մեր գլխավոր նպատակը ծառայությունները մեկնարկելիս: Այս եւ այլ բազմաթիվ ձեռքբերումները մեր ուժեղ հայկական թիմի նվիրված աշխատանքի արդյունքն են»:
Անշուշտ Օրանժ Արմենիան իր մեկնարկից ի վեր մի շարք նշանակալից հաջողություններ ունեցել է, որոնց մեջ առավելություն են կազմում նորարարությունները, ինչպես օրինակՙ HD որակով ձայնի ներդրումը, 42Մբ/վ արագությամբ ցանցի կառուցումը Հայաստանի երեք խոշոր քաղաքներում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, հանրային ավտոբուսներում WiFi-ի ներդրումը, եւ Հայաստանում առաջին անգամ 1 դրամով հեռախոսների եւ սմարթֆոնների առաջարկները: Օրանժ Արմենիան բավական ակտիվություն ցուցաբերել է նաեւ սոցիալական ոլորտում` ներդնելով էներգիայի խնայողության քաղաքականություն, հոգածություն դրսեւորել շրջակա միջավայրի նկատմամբ: Ընկերությունն առաջինն էր տարածաշրջանում, որը ներդրեց հեռախոսների էկո-վարկանշման համակարգ: Արդեն Օրանժ-հիմնադրամի գործունեության միջոցով ընկերությունը հոգ է տանում հաշմանդամ եւ խոցելի անձանց` տրամադրելով անվճար ակնաբուժական ծառայություններ ստանալու հնարավորություն, աջակցելով աուտիզմով հիվանդ երեխաներին եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ նպաստելով համայնքների զարգացմանը: «Ես մեկնում եմ մի երկրից, որտեղ իսկապես սիրեցի ապրել եւ աշխատել: Այստեղ անցկացրած տարիների ընթացքում առիթ եմ ունեցել ճանապարհորդել եւ հիանալ Հայաստանի բնությամբ եւ մշակույթով: Այժմ իմ հաջորդի հերթն է` բացահայտելու այս հրաշալի երկիրը եւ առաջնորդելու Օրանժն ավելի մեծ նվաճումների», ասաց Բրունո Դյութուան : Իսկ Օրանժ Արմենիայի նոր գործադիր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասաց. «Ես իսկապես խանդավառված եմ գալու Օրանժ Արմենիա` երիտասարդ ու շատ դինամիկ ընկերություն, որը գործում է չափազանց մրցակցային շուկայում: Ոգեւորված եմ այն մարտահրավերներով, որոնց պետք է հանդիպեմ»: Բենուա Շինն իր հերթին հավաստիացրեց, որ. «Ֆրանսիս Ժելիբտերի գլխավորությամբ Օրանժ Արմենիան կշարունակի շեշտը դնել բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու վրա եւ կշարունակի ներկայացնել նորարարական ծառայություններ»: Շինը նշեց նաեւ, որ Օրանժ-Արմենիան, չնայած գործում է փոքր շուկայում, կարեւոր դեր է խաղում Օրանժ խմբում. «Օրանժ Արմենիան, իհարկե, տնտեսական, բիզնես քայլ է` ընդլայնելու մեր ընկերությունը: Հայաստանը եվրոպական տարածքում մեր ամենահեռավոր գործունեության երկիրն է», ասաց Շինը:
Իսկ Ֆրանսիս Ժելիբտերը, որն առաջին անգամ չէ, որ Հայաստանում է, փարիզեցի լինելովՙ արդեն իսկ հասցրել է խանդավառվել Երեւանում ապրելու հեռանկարով. «Իմ ընտանիքն էլ ինձ հետ խանդավառ է», ասաց Օրանժ Արմենայի նոր գործադիր տնօրենը:
Հ. ԱՖՅԱՆ