Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հուլիս-օգոստոս ամիսներին մեկնել էր Ճապոնիա` ճապոնական հայտնի «Մին Օն» կազմակերպության հրավերով 40-օրյա աննախադեպ շրջագայության:
2002 թ. Եվրոպական երգչախմբային Ֆեդերացիայի կողմից «Աշխարհի լավագույն մանկական երգչախմբի» եւ «Եվրոպայի մշակույթի դեսպանի» տիտղոսին արժանացած երգչախմբի համբավը վաղուց էր հասել Ծագող արեւի երկիր, եւ այստեղ 1500-2200 տեղանոց համերգասրահների տոմսերը սպառվել էին դեռ հայկական երգչախմբի տեղ հասնելուց շատ առաջ:
Մեր ընթերցողին արդեն ներկայացրել ենք երգչախմբի սաների գրառումներն առաջին համերգների, հանդիպումների մասին: Այսօր նրանք մեզ են տրամադրել թարմ տպավորություններ` Ճապոնիայի հյուսիսային մասում իրենց ուղեւորության օրերից:
Հովհարների քաղաք Մարուգամեից հետո մեր հաջորդ կանգառը Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկկաիդո կղզու Սապպորո քաղաքն էր, ուր հասանք երկու ինքնաթիռ փոխելով: Երկու միլիոն բնակչություն ունեցող այս գեղեցիկ քաղաքն ամեն տարի իր բնակչության չափ զբոսաշրջիկներ է ընդունում: Հաճելի զուգադիպությամբ մեր այցելության օրերը համընկել էին Սապպորոյի հայտնի ամենամյա գարեջրի փառատոնի հետ, որին մասնակցելու համար հազարավոր զբոսաշրջիկներ են ժամանում աշխարհի տարբեր ծայրերից: Այս անգամ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը նույնպես հնարավորություն ունեցան մասնակցելու այդ հանրահայտ տոնակատարությանը:
Սապպորոյում ջերմ հանդիպում ունեցանք Նակաջիմա ավագ դպրոցի երգչախմբի երեխաների հետ: Մեր մուտքը դպրոց ուղեկցվեց ծափողջույններով, հայկական եռագույնով եւ ճապոնացի երեխաների` հայերեն բացականչություններով: Մեր ելույթից հետո նրանք մեզ ծանոթացրեցին արեւելյան հնագույն օրիգամի արվեստին, իսկ վերջում ներկա գտնվեցինք թեյի մատուցման ավանդական արարողակարգին. եղեգնյա հատակով փոքրիկ մի սենյակ, ավանդական կիմանոյով ծնկաչոք տատիկ, սենյակով մեկ տարածված թեյի անուշաբույր: Ամեն ինչ այնքան խորհրդավոր էրՙ կարծես միանգամից ֆիլմի մեջ հայտնված լինեինք:
Մաեստրոն նաեւ փոքրիկ վարպետաց դաս անցկացրեց ճապոնական երգչախմբի հետ, որից հետո նրանց դիրիժոր Սահոկո Սաիտոյի ոգեւորվածությունն անհնար է խոսքերով նկարագրել: Չնայելով զգացմունքներն ի ցույց չդնելու ճապոնական սովորությանը` նա հուզմունքից այս ու այն կողմ էր վազում, խոսում, ժպտում, արտասվում` բոլոր հնարավոր միջոցներով փորձելով հիացմունքն արտահայտել:
Երկու օր անց մաեստրո Հեքեքյանը նրանից նամակ ստացավ խնդրանքով` իրենց երգչախմբին տրամադրել Ռոբերտ Պետրոսյանի «Ապարան» ստեղծագործության նոտաները, որն ուզում են կատարել առաջիկա մի մրցույթի ընթացքում. «Օր ու գիշեր միայն Ձեր երգչախմբի ֆանտաստիկ երգեցողության մասին ենք խոսում: Երազում եմ կրկին հանդիպել ձեր հիանալի խմբին: Օդանավի տոմս եմ պատվիրել, որ կրկին կարողանամ ունկնդրել ձեր փոքրիկ հրեշտակներին Տոկիոյի հրաշալի դահլիճում...»:
Սապպորոյում եւ մյուս մոտակա քաղաքներում մեր ելույթները փայլուն ընդունելության արժանացան: Դահլիճներում, որոնք առանց բացառության 1500-2200 տեղանոց էին, ոչ մի ազատ աթոռ չէր լինում:
Անգամ օգոստոսի 2-ին, երբ համաշխարհային լրատվամիջոցներն ահազանգում էին դեպի Չինաստան եւ Ճապոնիա շարժվող հզոր թայֆունի մասին, եւ հրավիրող կողմն անհանգիստ էր վտանգի գոտում գտնվող Միյազակի քաղաքի համերգի ճակատագրով, դա չխանգարեց ճապոնացիներին շտապել համերգադահլիճ: Թայֆունն իր ամբողջ ուժով հայտնվեց Միյազակի քաղաքում համերգից մեկ ժամ առաջ եւ հեռացավ համերգի ավարտին: Չնայած դրան` համերգը կայացավ, այն էլ, ինչպես միշտ, լեցուն դահլիճում:
Դժվար է նկարագրել ոգեւորության չափը, երբ հետնաբեմից տեսնում ես, որ փոքր ճապոնական քաղաքի երկու հազար տեղանոց դահլիճը ամբողջությամբ լի է հանդիսատեսով:
Հատկապես հուզիչ է, երբ համերգից հետո ճապոնացիներից նրանք, ովքեր երբեւիցե առնչություն են ունեցել Հայաստանի հետ, հպարտությամբ ուզում են անպայման հայտնել այդ մասին. դա Լիբանանում հայ ընտանիքում բնակված ճապոնացի երիտասարդն է, Սվետլանա Նավասարդյանի համերգների կազմակերպիչներից մեկը, Արամ Խաչատրյանի ճապոնացի աշակերտի մասին գիրք գրող հեղինակը եւ այլք: Անգամ կցկտուր անգլերենը, որ քիչ հետո վերածվում է ճապոներենի, բավարար է զգալու համար, թե որքան ջերմ է նրանցից յուրաքանչյուրը վերաբերվում մեր երկրին: Իսկ երբ մարդիկ, ովքեր անկեղծ խոստովանում են, թե մեր երգչախմբի շնորհիվ առաջին անգամ լսեցին Հայաստանի մասին, համերգից հետո ցանկություն են հայտնում անպայման այցելել ու իրենց աչքերով տեսնել մեր երկիրը, հասկանում ես, որ քեզ վստահված գործը պատվով ես հաղթահարել:
Անչափ հուզիչ էր նաեւ, երբ մարդիկ մեզ իրենց պատրաստած փոքր նվերներն էին մատուցում: Հուզվել էինք, երբ Օկազակիի մեր համերգից հետո իննսունամյա սպիտակահեր պապիկը բոլորիս նվիրեց օրիգամիից պատրաստված ծաղիկներ: Հաշվի առնելով օրիգամիիՙ մեր վերջերս ունեցած փորձը` կարող ենք ասել, որ դա մի քանի օրերի, իսկ միգուցե եւ շաբաթների աշխատանք էր: Ու այս ամենըՙ հայ մանուկներին ժպիտ պարգեւելու համար:
Մեր շրջագայության լավագույն ելույթներից մեկը, թերեւս, Նագոյայի «Աիչի մշակութային կենտրոն» հայտնի համերգասրահում ունեցածն էր, երբ համերգի ավարտին դահլիճը մեկ մարդու նման ոտքի կանգնեց` չլսված-չտեսնված մի բան զուսպ ճապոնացիների համար: Այս համբավավոր համերգասրահն իր ավանդույթն ունի. այստեղ ելույթ են ունենում աշխարհի ամենանշանավոր կատարողները եւ խմբերը, եւ դահլիճի ճեմասրահում մնում են փակցված նրանցից լավագույնների ազդագրերը` որպես հիշատակ: Այս մասին տեղեկացանք դահլիճի պատասխանատու ներկայացուցչից, որը մեր մաեստրոյին խնդրեց ինքնագիր թողնել «Հայաստանի փոքրիկ երգիչների»` հայկական բնաշխարհի եւ Մասիս սարի պատկերով ազդագրի վրա, այն եւս սյունազարդ ճեմասրահում զետեղելու համար` Միշա Մայսկու, Ֆրանկֆուրտի սիմֆոնիկ նվագախմբի, Բարբրա Հենդրիքսի եւ այլոց անունների կողքին: Ինչ խոսք, մեզ համար այս իրողությունը դահլիճի պատերը թնդացնող ծափերից պակաս ոգեւորիչ չէր:
Իսկ ծափերն իսկապես չէին պատրաստվում լռել: Ելույթից հետո մարդիկ հիացած իրենց զարմանքն ու հույզերն էին պատմում: Մեջբերենք հանդիսատես Կայոոկո Իտոյի կարծիքը. «Հիանալի համերգ էր: Ձեր կատարման մեջ` հոգի, իսկ ձայների մեջ լույս կա: Զգացումները, որ ներդրել էիք ամեն ստեղծագործության մեջ, ալեկոծեցին հոգիս»:
«Բրավո, ասում էր Նոմուրա Միկուկոն,- հիացած եմ: Համերգն անչափ բովանդակալից էր: Շատ հետաքրքրական ու բազմազան ծրագիր ունեք: Ձեր կատարումների մեջ առնականություն եւ քաջություն կա: Այս պահին մեզ շատ անհրաժեշտ հույսով լցվեցինք: Շնորհակալ եմ Մաեստրոյին` այսպիսի միասնական խումբ ստեղծելու համար»:
Մեր առօրյայում, համերգներից բացի, տեղ են գտնում նաեւ զանազան զբոսանքները` ճանաչողական այցելությունները թանգարաններ, պատմամշակութային կառույցներ եւ այլն: Սրանցից էր նաեւ մեր այցը Նագոյայի բնագիտության թանգարան, որտեղ տեսանք, թե ինչպես են առաջանում բնության տարբեր երեւույթներ` կայծակ, քամի, ցունամի, լարում, զգացինք մինուս երեսուն աստիճան ցուրտը մեր մաշկի վրա: Տեսանք անգամ Անտարկտիդայից բերված սառույցներ: Այս մի քանի շաբաթների ընթացքում հնարավորություն ունեցանք ապրելու ճապոնական կենցաղով, համտեսելու ճապոնական ավանդական ուտեստներ, անգամ մեր իսկ ձեռքերով ճապոնական խորոված պատրաստեցինք:
Լինելով Նագասակիում` չէինք կարող չայցելել այն վայրը, ուր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընկել էր ատոմային ռումբը: Աղետի տարելիցը, որը Ճապոնիայում նշվում է պետական մակարդակով, լրանում է օգոստոսի 9-ին: Այցելեցինք թանգարան, որտեղ կային այդ սարսափելի աղետից մնացած իրեր, պատկերված դրվագներ: Խորը ցավով էինք նայում այրված մարմնով երեխաների նկարներին.... Ինչպես կարելի է ինչ-որ քաղաքականության պատճառով սպանել մարդկանց: Բոլորս շատ հուզված էինք: Միանգամից հիշեցինք Եղեռնը: Այդ աղետը եւս ազգի ողբերգություն է: Միայն մի բան կար, որ այդ վայրում հույս ու լույս էր խորհրդանշում` հենց պայթյունի վայրի կենտրոնում կանգնեցված հուշարձանը, որը կոչ էր անում «Խաղաղություն ամբողջ աշխարհում» եւ պատկանում էր բոլոր ազգերինՙ անկախ կրոնական դավանանքից: Երգեցինք Ալեքսանդր Հարությունյանի «Մանկական աղոթքը», հարգեցինք զոհերի հիշատակը: Չափազանց տպավորված էինք, եւ յուրաքանչյուրիս հոգում ինչ-որ բան երեւի փոխվեց...
Հաջորդ մեր համերգները Յամագուչի եւ Կանազավա քաղաքներում էին` գեղեցիկ եւ անմոռանալի պահերով լի: Իսկ հերթական մեծ կայանն Օսական էր, որի աշխարհահռչակ «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում մեր առաջիկա համերգի տոմսերը վաղուց էին սպառվել: Այս դահլիճում, որտեղ ելույթ են ունեցել այնպիսի աշխարհահռչակ մեծություններ, ինչպես Հերբերտ ֆոն Կարայանը, Ռիկարդո Մուտին, Կլաուդիո Աբադոն եւ այլք, մեծ պատասխանատվություն էինք զգում բեմահարթակ դուրս գալիս: Բարեբախտաբար մեր մաեստրոյի գլխավորությամբ կարողացանք այս անգամ եւս պատվով դուրս գալ եւ ունեցանք մեր երգչախմբի պատմության ամենահիշարժան, հաջող ելույթներից մեկը: Հանդիսատեսը, որ հիմնականում շատ կիրթ եւ գիտակ մարդկանցից էր կազմված, ցնծության մեջ էր: «Հրաշալի համերգ էր: Կարծես հոգիս մաքրվեց ձեր հրեշտակային ձայներից: Հուսով եմ ինձ բախտ կվիճակվի եւս մեկ անգամ ունկնդրել այս երգչախմբի հոգեթով կատարումները»,- խմբավար Շուն Նիչուորա: Մի կույր ճապոնացի էլ` Վաանոբե Տանջիկու անունով, ասաց. «Իմ նեղ եւ մութ տեսադաշտում ես տեսա աղջիկների, որոնց ողջ էությունը փայլում էր երաժշտությամբ: Հուզված եմ արտասվելու աստիճան»:
Իսկ առջեւում մեզ ողջ շրջագայության ամենակարեւոր կետն է սպասում` վերջին համերգը Տոկիոյում: Պատասխանատու այդ օրվան սպասել ենք հուզմունքով եւ սրտի թրթիռով: Թող հաջողությունը չլքի մեզ, եւ մինչ նոր հանդիպում` Տոկիոյի «Օպերա-Սիթի» համերգասրահում:
ՎԱՐՍԵՆԻԿ ՆԵՐՍԵՍՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ
ՏԱԹԵՎԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ
ԼՈՒՍԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆ
ԱՆԻ ՎԱՆՅԱՆ
Նկար 1. Խանդավառ են երգչախմբի անդամները:
Նկար 2. Մաեստրոն Նագասակիի փոքրիկ բնակչի հետ
Նկար 3. Հուզիչ հրաժեշտ