«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2012-08-28 | #148, 2012-08-29 | #149, 2012-08-30


ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ, ԿԱՄ` ՍԵՎ ԾՈՎԸ

Արդեն երկար տարիներ Սեւ ծովի վրացական ափը հայաստանցիներիս սիրելի հանգստավայրն է դարձել, եւ ամառային այս վերջին օրերին հայկական պետհամարանիշներով վերջին մեքենաներն են վերադառնում Հայաստան, Բաթում-Երեւան երկաթուղին սեզոնի վերջին մարդաշատ չվերթն է անում...:

Թե ինչո՞ւ ենք հայրենի Սեւանն ու Ծաղկաձորը թողնում հանուն Սեւ ծովի, շատ է խոսվել, մասնավորապես հայաստանյան հանգստավայրերում իսկը «զբոսաշրջության զարգացման համար» դրած գնային քաղաքականության պատճառով, սակայն, մյուս կողմից, ծովային հանգստի հայաստանցի երկրպագուները հայրենիքում իրենց հետաքրքրություններին համապատասխան հանգստանալու հնարավորություն ուղղակի չունեն. Միջերկրական կամ այլ ծովեր քչերը հնարավորություն ունեն մեկնելու, իսկ Սեւ ծովը, որի ափին ամառային այս սեզոնին ավելի շատ հայ կա, քան վրացի, այս մատչելի հնարավորությունը հայաստանցուն տալիս է: Այնպես որ դեպի Բաթում-Քոբուլեթի-Ուռեկի շրջակայք հայերի հոսքը պետք չէ բացառապես պայմանավորել Հայաստանում հանգստավայրերի բարձր գներով, նախասիրությունների խնդիր էլ կա:

Երեւանցի Ռուբենը Բաթում էր եկել ընտանիքի հետ. կինը, երկու երեխաները: Ռուբենն ունի ավտոսարքավորումների խանութ, փոքրիկ, բայց ինչպես ինքն է ասում` «հերիքում է», կինն ուսուցչուհի է: Ամբողջ տարվա ընթացքում խնայելով շուրջ 1000 ԱՄՆ դոլարՙ ընտանիքը այս տարի որոշել էր հանգստանալ Բաթումում, այնտեղ էին մեկնել սեփական մեքենայով, միայն մի ուղղությամբ ճանապարհին երկու անգամ ամբողջովին լիցքավորելով 40 լիտրանոց բենզաբաքը:

Ինչո՞ւ են հայերը նախընտրում Քոբուլեթը

Թողնենք առայժմ Ռուբենին եւ նրա ընտանիքին` փչելու փոքրիկ որդու` Տիգրանի համար լողալու ռետինե նավակը, եւ անցնենք Քոբուլեթով: Ընդհանուր առմամբ այս գյուղակը նման է մի երկար, եթե շատ հոգնած ես` ծայրը չերեւացող փողոցի, որի աջ եւ ձախ կողմերում տներ են, մանրածախ խանութներ, լողալու համար նախատեսված եւ անհրաժեշտ պարագաների վաճառքի կետեր եւ ...վերջ: Ծովից այս «փողոց-գյուղ» մի քանի քայլ է, ընդ որում քոբուլեթյան լողափն անհամեմատ հաճելի է Բաթումի լողափից: Կարելի է պնդել, թե հենց այս պատճառով էլ հայերի զգալի մասը նախընտրում է Քոբուլեթը, սակայն պատճառը միայն սա չէ, ավելի ճիշտ` վերջին հերթին է սա: Պարզապես Քոբուլեթում ավելի էժան է` բնակարաններից սկսած մինչեւ սնունդն ու ապրանքը, կա նաեւ հոգեբանական գործոն: Քոբուլեթին Երեւանից Բաթում ճանապարհի վրա է, իսկ քանի որ հայաստանցիների մեծ մասը Սեւ ծով` Բաթում է գալիս սեփական մեքենաներով, ապա առաջին իսկ պատահած` ծովին մոտ բնակավայրը հարմար է դառնում: Սակայն եթե դուք մեկնել եք Սեւ ծովի ափ` ոչ միայն լողալու եւ հիանալու ծովի արշալույսներով ու մայրամուտներով, այլեւ քաղաքի տեսարժան վայրերով, կամ եթե դուք ձեր երեխային խոստացել եք մի օր անպայման ցույց տալ իսկական մեծ նավ, ապա Քոբուլեթը սրա համար ամենեւին էլ հարմար չէ. ծովի այս ափին նավեր չեն լինում, Քոբուլեթը տեսարժան վայր առհասարակ չունի: Հենց այդ պատճառով էլ կարելի է մեկական գավաթ ռոմ խմել Սեւ ծովի քոբուլեթյան ափին ու շարունակել ճանապարհը դեպի... «վրացակական երազանքի» քաղաք. այս կոչմանն առանց չափազանցելու արժանի է աջարական Բաթումը:

Մինչ մեկնելը, սակայն, մի տիպիկ քոբուլեթյան պատմություն: Հայաստանից վեց ընկեր բնակարան էին փնտրում այնտեղ: Ու տեսնելով հյուրանոցըՙ ներս մտան: Մի աջար, հիսունն անց, հենց հյուրանոցի բակում այս երիտասարդներին հարցրեց. «Սենյա՞կ եք փնտրում», «Այո», պատասխանեցին երիտասարդները` կարծելով, թե տղամարդը հյուրանոցի աշխատակից պետք է լինի: Բայց աջարը խնդրեց երիտասարդներին մեքենայով հետեւել իրեն, իսկ ինքը, հեծանիվը նստելով, առաջ շարժվեց: Հենց այդ ճանապարհին էլ պարզվեց, որ իրականում Քոբուլեթը «մի փողոցի բնակավայր» չէ, այլ մի շարք` ավելի խորքն ընկած, ծովից ավելի հեռու փողոցներ ունի, որոնցից մեկի` կարմիր տանիքով տան դիմաց էլ հեծանիվից իջավ մեզ արդեն հայտնի աջարը: Երիտասարդները մտան ներս: Պարզվեցՙ բնակարանն առանձնատուն է` երկուհարկանի, առաջին հարկն արդեն զբաղեցված է, եւ ոչ թե մի ընտանիքի կամ խմբի կողմից, այլ ամեն սենյակում իրար անծանոթ մարդիկ էին ապրում: Երկրորդ հարկում, հյուրասենյակում փոքրիկ երեխայի մահճակալ էր, իսկ բացված անկողինը ոչ միայն թափթված էր, այլեւ, մեղմ ասած, մաքուր չէր: Հյուրասենյակում կային կահույք, առատ սպասք, անգամ Դյումայի «Կոմս Մոնթե Քրիստո» վեպի երկրորդ հատորը ռուսերենով եւ ակվարիում, որտեղ, եզակի ձկնային նմուշներ կային: Տանտերը երիտասարդներին հյուրասենյակին ծանոթացնելուց հետո առաջնորդեց դեպի ննջարան. մաքուր էր, երկու մահճակալ, մեծ պահարան, մեծ պատուհան, որից, դժբախտաբար, տեսարանը դեպի ծովը չէր բացվում, այլՙ հարեւանի հավերը: Լոգարանն ու սանհանգույցը այս տան լավագույն հատվածն էին: Հոգնած երիտասարդներին, երկու աղջիկ էին, չորս տղաներ, տան պայմանները դուր եկան, եւ սկսվեց զրույցը գումարի ու, այսպես ասած, «տան բարոյահոգեբանական վիճակի» հետ կապված: Տանտերը, որը մինչ այդ հավաստիացնում էր, թե տան երկրորդ հարկը ամբողջովին տրամադրում է խմբին, հանկարծ փոխեց խոսքը. «Գիտե՞ք, հյուրասենյակում ընտանիք է ապրում, ահա նրանց երեխայի մահճակալը, բայց վաղը պետք է մեկնեն, ուղղակի հիմա ծովում են, ես չեմ կարող նրանց զգուշացնել: Դե լոգարանն ու սանհանգույցն էլ ընդհանուր կլինեն ձեզ համար»: Հոգնածությունից ամեն մեկը մի տեղ նստած երիտասարդները այս նորությունը դեռ նոր էին մարսում, երբ տանտիրուհին ասաց. «Բայց գիտե՞ք, ննջարանում էլ երկու երիտասարդ տղա են ապրում, ձեր հայերից են, նրանք էլ պետք է մեկնեն արդեն»:

Մեր երիտասարդները, իհարկե, այդ տանը չմնացին, սակայն աջարի հաշվարկը կարիք ունի, թերեւս, պարզաբանման: Տեսեք, լավ հասկանալով, որ գործ ունի երկար ճանապարհից հոգնած երիտասարդների հետ, նա առաջարկում է բնակարան, որը տվյալ պահին դատարկ չէ, վստահ լինելով, որ ծով եկած երիտասարդները իրենց ուսապարկերը սենյակներից մեկում տեղադրելուց հետո, գնալու են ծով, ու վերադառնալու են ուշ գիշերին: Իսկ այդ ժամանակ արդեն, երիտասարդները ոչ ժամանակ, ոչ հնարավորություն չեն ունենա` նոր տուն փնտրելու, ստիպված առնվազն մեկ գիշեր կմնան` բնականաբար վճարելով դրա համար, իսկ դրանից հետո, ո՞վ գիտե, գուցե եւ սենյակներից մեկը, կամ փոքրիկ երեխայով ընտանիքը, կամ երկու տղաները ազատե՞ն...:

Այս անունը մի քանի տարուց ավելի զիլ կհնչի` Բաթում

Ռուբենի ու իր ընտանիքի օրը Բաթումում սկսվում է աջարական խաչապուրիից, ընտանիքում միայն Ռուբենն է, որ ամբողջությամբ ուտում է այն. իսկական աջարական խաչապուրին, ինչպես իսկական աջարներն են հպարտորեն նշում` «ամբողջովին կշտացնում է իսկական տղամարդուն»: Այնուհետեւՙ ծով, հետոՙ տնային հանգիստ, հետոՙ կրկին ծով, եւ երեկոյան-գիշերային Բաթումի հրաշք զբոսանքով ընտանիքն ավարտում է իր հերթական հանգստյան օրը: Այս քաղաքում տպավորությունն այնպիսին է, որ կա ամեն ինչ. լուցկու ձողերից ու անորակ սոսնձով պատրաստված նավերից սկսած, որոնք, ի դեպ, ամբողջ հինգ լարի արժեն, մինչեւ թանկարժեք ռեստորաններ, ընտիր վրացական (եւ ոչ միայն) խոհանոցով: Ընթացող շինարարությունը Բաթումում առավել աչքի ընկնող իրադարձություններից է, ու տեսնելով, թե ինչ շենք-շինություններն են այստեղ կառուցել արդեն, կասկած չի առաջանում, որ մի քանի տարի անց Բաթումը մարմնավորելու է վրացական երազանքը. այստեղ կա ծով, քաղաքը նավահանգիստ է, ամբողջովին կանաչի մեջ, որտեղ կողք կողքի աճում են արմավենին ու եղեւնին, հետեւում` լեռներ, որոնց մեջ արդեն իսկ հանրահայտ բուսաբանական այգին է, սալահատակ փողոցներ, լավ կառուցված ու դեռ կառուցվող ճանապարհներ, եւ ահա նաեւ նորաոճ, բազմահարկ շենքեր, ռեստորաններ նավի վրա, նավի տեսքով, հենց ծովի վրա` բացօթյա, եւ այլն: Անհնար է չնկատել քաղաքային (ոչ ծովային հանգստի) համար ստեղծված պայմանները. այգիներ, պուրակներ, կանաչ տարածություններ, խաղահրապարակներ: Ճիշտ է, հատկապես երեկոյան ժամերին այգիներում տեղադրված բիլիարդի սեղաններից հարկավոր է զգուշանալ, քանի որ բարետես օրիորդներն առաջարկում են հիմնականում զբոսաշրջիկներին` խաղալ իրենց հետ գումարով, եւ... տանում զբոսաշրջիկի ողջ դրամակապանակը: Բացի բազմաթիվ հայկական պետհամարանիշներով մեքենաներից, հայկական ներկայությունը Բաթումում կարելի է զգալ նաեւ առաջին հերթին ռեստորաններում, երեկոյան ժամերին, երբ վրացի երգիչը արդեն որերորդ անգամ ստիպված կրկնում է բառերը. «Իսկ այս երգը նվիրվում է Հայաստանին, Երեւանին, Ղարաբաղին»: Բացի սրանից, Բաթումի կենտրոնական փողոցում է տեղակայված ՀՀ հյուպատոսարանը, օրինակՙ ադրբեջանականն ու թուրքականն այսչափ աչքի ընկնող վայրում չեն: Չնայած սրան, վրացական, ռուսական, հայկական, պարսկական պետհամարանիշներով մեքենաների կողքին անարգել երթեւկում են թուրքական եւ ադրբեջանական համարներով մեքենաները, եւ այս առումով Վրաստանը աննախադեպ երկիր է տարածաշրջանում, եթե կուզեք, կենտրոնական երկիր:

«Դիդի մաթլոբա»

Ռուբենի երեխաների ամենասիրելի բանը ծովափին եփած եգիպտացորենն է, որը հիմնականում արդեն սառը վիճակում, աղի հետ, «սիմնեբի» կանչելով, ծովափում հանգստացողներին առաջարկում են տեղացիները, որոնց մեջ գերիշխում են ծերերն ու երեխաները` մրի պես սեւ: Մեկ եփած եգիտացորենը անմիջապես լողափին արժե մեկ լարի, մեկ գավաթ սառը սուրճը, ինչպես վերը նշեցինք, երկու լարի, ճիշտ այդքան արժե նաեւ զովացուցիչ ըմպելիքը: Այսինքն, եթե ցանկանում եք հենց լողափին վայելել աջարական իրոք համեղ եգիտացորենը` մեկ զովացուցիչ ըմպելիքով, հետո սուրճ խմել, ապա պատրաստ եղեք ծախսելու 5 լարի (1000 դրամից քիչ ավել): Վարկածը, թե «Բաթում-Քոբուլեթիում ամեն բան էժան է», ճիշտ չէ, գները նույնն են, ինչ Հայաստանում, դեռ որոշ ապրանքատեսակներ, օրինակ` սիգարետն ու կաթնամթերքը, ավելի թանկ են, քան Երեւանում: Պարզապես, քանի որ դու եկել ես այստեղ հանգստանալու, տրամադրված ես փող ծախսելու, ինչը չես կարող ասել Հայաստանի մասին, քանի որ, «ինչպես հայտնի է». «այստեղ գոյատեւում են, ոչ թե ապրում»: Մնում է միայն պարզել, թե այդ ինչպե՞ս է «գոյատեւող հայությունը» ամեն տարի «զավթում» ծովափնյա Բաթումն ու երեկոյան ռեստորանում 10-15 լարի շռայլում իր նախընտրած ռաբիս երգը լսելու եւ «վրացիներին տրաքացնելու» համար:

Ռուբենն ընտանիքով ապրում է Բաթումի ծայրամասում` վրացի Զազայի եւ նրա երաժիշտ կնոջ առանձնատանը: Եռահարկ տան երկրորդ հարկը Զազան ամբողջովին տրամադրել է հայ ընտանիքին, երեկոները, սովորաբար այս երկու հայ-վրացական ընտանիքները միասին են ընթրում, բնականաբար` կենացներ, երգեր, պարեր... Մեկ շաբաթ այստեղ ապրելու համար Ռուբենը Զազային վճարել է 250 ԱՄՆ դոլար, սա համարվում է «գտած բան» Բաթումում, մանավանդ որ Զազայի տունը որեւէ կոմունալ, տեխնիկական, բարոյական խնդիր չունի. ճիշտ է, վրացու 5-ամյա որդին եւ 4-ամյա դուստրը առավոտյան շատ շուտ են զարթնում ու խիստ չարաճճի են, բայց...Զազան եւ Ռուբենը դարձան ընկերներ, վերջինս հաճույքով խոստացավ, որ հաջորդ տարի էլ կհյուրընկալվի Զազայի տանը. թերեւս սա հենց կոչվում է զբոսաշրջության զարգացում:

Իսկ վերադառնալիս Ռուբենի դուստրը միայն վրացերերով դիմեց Զազայի ընտանիքին, որն ամբողջ կազմով բակում ճանապարհում էր հայաստանցիներին. «Դիդի մաթլոբա» (շատ շնորհակալություն), ասաց աղջիկը, ինչին Զազայի որդին հայերով արդեն ասաց. «Խնդրեմ»: Ծնողները ժպտացին ու գուցե եւ հասկացան, թե այս մեկ շաբաթվա մեջ իրենք ինչ կարեւոր գործ արեցին...:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ, Երեւան-Քոբուլեթ-Բաթում

Հ. Գ. - Վրաստանից Հայաստան վերադարձանք Նինոծմինդա-Բավրա անցակետով: Բացի նրանից, որ Ջավախքում Ռուբենի եւ Զազայի պետությունների կողմից անտեսում տեսանք, հայկական Բավրա անցակետում փոքր-ինչ ամաչեցինք, որ ՀՀ քաղաքացի ենք, որի դրոշը ծածանվում է զույգ «բուդկաների» վրա, որոնք կոչվում են միջպետական անցակետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4