«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2012-08-28 | #148, 2012-08-29 | #149, 2012-08-30


ԻԶԱԲԵԼԱ ՅԱՅԼՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Գեւորգ Սարիբեկյանն արծաթե մեդալակիր

Բուխարեստում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել է 9 ծանրորդով (7 տղա, 2 աղջիկ):

Մրցումների առաջին օրը մրցահարթակ դուրս եկած մեր 2 պատվիրակներն էլ հաջող ելույթներ ունեցան եւ կանգնեցին պատվո պատվանդանին:

Մինչեւ 53 կգ քաշային աղջիկների մրցավեճում 2-րդ տարին անընդմեջ Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց Իզաբելա Յայլյանը: Պոկում վարժությունում հայ մարզուհին բոլոր 3 փորձերն էլ հաջող կատարեցՙ հաջորդաբար բարձրացնելով 73, 76 եւ 80 կգ: Նա 9 կգ-ով առաջ անցավ 2-րդ արդյունքը ցույց տված ռումինուհի Լաուրա Պրիկոպից եւ չեմպիոնուհու տիտղոսը նվաճելու լուրջ հայտ ներկայացրեցՙ պոկում վարժությունում արժանանալով ոսկե մեդալի:

Ինչպես ցույց տվեց հրում վարժությունը, այդ առավելությունը վճռորոշ եղավ: Թեեւ Իզաբելան 2-րդ վարժությունում բավարարվեց 97 կգ-ովՙ 3-րդ մոտեցմամբ չկարողանալով բարձրացնել 100 կգ-անոց ծանրաձողը, սակայն երկամարտի 177 կգ (80+97) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Նա 6 կգ-ով առաջ անցավ 2-րդ տեղը գրաված իր հիմնական մրցակցուհի Լաուրա Պրիկոպից, որը հրում վարժության 100 կգ արդյունքով ոսկե մեդալ էր նվաճել 2-րդ վարժությունում: Իսկ Իզաբելան հրումում բավարարվեց արծաթե մեդալով: Այսպիսով, մեր մարզուհին նվաճեց 2 ոսկե եւ մեկ արծաթե մեդալ: Երկամարտի 161 կգ (70+91) արդյունքով բրոնզե մեդալակիր դարձավ ռուսաստանցի Էլվինա Խանովան:

Պատանիների մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճում Հայաստանը ներկայացրած Գեւորգ Սարիբեկյանը երկամարտի 218 կգ (103+115) արդյունքով գրավեց 2-րդ տեղը: Նա 12 կգ-ով զիջեց իտալացի Միրկո Սկարանտինոյին, որը երկամարտի 230 կգ (100+130) արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Սարիբեկյանը գերազանց հանդես եկավ պոկում վարժությունումՙ հաջորդաբար իրեն ենթարկելով 95, 100 եւ 103 կգ ծանրությունները: Նա արժանացավ ոսկե մեդալի: Արծաթե մեդալը նվաճեց ռուսաստանցի Մաքսիմ Կոնոպլյովը (101 կգ), որին մեկ կգ զիջեց իտալացի Միրկո Սկարանտինոն:

Ցավոք, հայ ծանրորդն անհաջող ելույթ ունեցավ պոկում վարժությունում: Առաջին մոտեցմամբ հրելով 115 կգ, նա հաջորդ 2 փորձերի ժամանակ չկարողացավ բարձրացնել 124 կգ-անոց ծանրաձողը: Չնայած, ինչպես պարզվեց հետագայում, բարձրացնելու դեպքում էլ Սարիբեկյանը չեմպիոն չէր դառնա, քանի որ իտալացին 2-րդ մոտեցմամբ բարձրացնելով 130 կգ, ապահովել էր ոսկե մեդալը: Ճիշտ է, եթե 124 կգ-ը ենթարկվեր հայ ծանրորդին, նա հրում վարժությունում արծաթե մեդալակիր կդառնար: Այս վարժությունում նա գրավեց 4-րդ տեղըՙ միայն անձնական ավելի ծանր քաշի պատճառով բրոնզե մեդալը զիջելով ռումինացի Ֆլորին Վիզիտիուին: Հենց նա էլ երկամարտի 216 կգ արդյունքով դարձավ 3-րդ մրցանակակիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4