Ստամբուլում ընթացող շախմատի համաշխարհային 40-րդ օլիմպիադայի 2-րդ տուրն էլ հաղթական էր Հայաստանի հավաքականների համար: Ի տարբերություն մեկնարկային տուրի, այս անգամ մեր շախմատիստները Բանգլադեշի հավաքականի հետ մրցավեճում մրցակցին նույնիսկ կես միավոր չզիջեցին` հաղթելով 4:0 հաշվով: Նախորդ տուրում մեր թիմի կազմում միակ պարտությունը կրած Սերգեյ Մովսիսյանին առաջին խաղատախտակի վրա փոխարինել էր Լեւոն Արոնյանը, որից առանձնակի ջանքեր չպահանջվեցին Զաուր Ռահմանին պարտության մատնելու: Վերջինս մատի սպառնալիքի տակ 35-րդ քայլին հանձնվեց:
Վլադիմիր Հակոբյանից 2 քայլ ավելի պահանջվեց Ալ Ռակիբ Աբդուլային հաղթելու համար: Ավելի երկար տեւեց Տիգրան Պետրոսյանի եւ Նիազ Մուրշեդի մրցավեճը, որը 60-րդ քայլին ավարտվեց հայ շախմատիստի հաղթանակով: Մրցակցի ջախջախումն ավարտեց Գաբրիել Սարգսյանը, որը վերջինն ավարտեց պարտիան Էնամուլ Հուսեյնի հետ` կատարելով 79 քայլ:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով պարտության մատնեց շվեյցարուհիներին: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Չիբուխչյանն էլ թիմի կազմում չէր ընդգրկել նախորդ տուրում պարտված Լիլիթ Գալոյանին: Փոխարենն օլիմպիադայում իր առաջին մրցախաղն անցկացրեց Էլինա Դանիելյանը` հաղթելով Բարբառա Հունդին: Նրա օրինակին հետեւեցին Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Կուրսովան` առավելության հասնելով համապատասխանաբար Մոնիկա Սեպսի եւ Քամիլե դե Սերոուքսի նկատմամբ: Իսկ ահա վերջինն իր պարտիան ավարտած Աննա Հայրապետյանը պարտվեց Լաուրա Ստոերին:
2 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է թիմային 4 միավոր: Իսկ բոլոր պարտիաներում վաստակած միավորների քանակը 7,5 է: Այս ցուցանիշով մեր շախմատիստները ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Կուբայի, Իրանի հավաքականների հետ բաժանում են 3-8-րդ տեղերը: 8-ական միավորով աղյուսակը գլխավորում են Լեհաստանի եւ Սլովակիայի ընտրանիները, որոնք միեւնույն 4-0 հաշվով պարտության մատնեցին համապատասխանաբար Կոստա Ռիկայի ու Էկվադորի հավաքականներին: Ահա առավել կարեւոր մյուս մրցախաղերի արդյունքները. Քաթար-Ուկրաինա` 1-3, ԱՄՆ-Լիտվա` 3,5-0,5, Ադրբեջան-Իռլանդիա` 3,5-0,5, Հունաստան-Ռուսաստան` 1-3, Անգլիա-Բրազիլիա` 2,5-1,5, Գերմանիա-Վրաստան` 2,5-1,5, Թուրքիա-Չեխիա` 2-2:
Կանանց մրցաշարում հայ շախմատիստուհիները վաստակել են թիմային 4 եւ ընդհանուր` 6 միավոր: Չինաստանի հավաքականը 2-րդ տուրում էլ 4-0 հաշվով հաղթեց, այս անգամ` շվեդներին: Նույնպիսի արդյունքով վրացիները պարտության մատնեցին բելգիացիներին: Ռուսները կես միավոր կորցրին բրազիլացիների հետ մրցախաղում: Նշենք եւս մի քանի հետաքրքրական արդյունքներ. Էստոնիա-ԱՄՆ` 0,5-3,5, Վենեսուելա-Լեհաստան` 0-4, Ֆրանսիա-Չիլի` 4-0, Ադրբեջան-Ռումինիա` 1,5-2,5: