Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանն իր տեսակետն է արտահայտել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ օգոստոսի 28-ին Zham.am կայքէջում տպագրված հարցազրույցի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ընթերցողներին:
Օլիմպիական կոմիտեի նախագահի երեկվա հարցազրույցին ողջ մարզաշխարհը տեղյակ է: Ցավոք, վնասվածքի պատճառով չկարողացա մասնակցել օլիմպիական խաղերին, սակայն, ամեն վայրկյան մեր թիմի հետ էի: Վստահ կարող եմ ասել, որ մեր մարզիկներն արժանի են ամենաջերմ խոսքերի, իսկ անհաջողություններ, իհարկե, կլինեն. դա սպորտ է:
Անկախ մեր երկրի տնտեսական վիճակից, մեր մարզիկները Ծառուկյանի շնորհիվ ունեցել են բոլոր պայմանները օլիմպիադային նախապատրաստվելու ու հաջող հանդես գալու համար:
Ինձ հարցազրույցում ամենաշատը հետաքրքրեց մանկապատանեկան սպորտին առնչվող հատվածը: Մենք ունենք փայլուն երեխաներ, որոնց համար պայմաններ են պետք, որպեսզի վաղը դառնան իսկական չեմպիոններ: Եթե Ծառուկյանն ասում է, որ ինքը մեծ ուշադրություն է դարձնելու մանկապատանեկան սպորտին, վստահ եմ, որ դա այդպես էլ լինելու է: Ես ինքս պատրաստ եմ իմ բոլոր գիտելիքներն ու եռանդը դնել նոր չեմպիոնների պատրաստման հարցում: