Հայտնի դարձան չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի արգելքը հաղթահարած առաջին 5 ակումբները, որոնք իրավունք ստացան պայքարը շարունակելու խմբային մրցաշարում:
2-րդ տարին անընդմեջ Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ն հանդես կգա խմբային մրցաշարում: Այդ իրավունքը թիմը նվաճեց «Հապոել Իրոնիի» հետ պատասխան հանդիպումն ավարտելով ոչ-ոքիՙ 1-1: Սեփական հարկի տակ ԲԱՏԷ-ն հաղթել էր 2-0 հաշվով: Կրկին ԲԱՏԷ-ի կազմում բացակայում էր Զավեն Բադոյանը, որը նույնիսկ Իսրայել չէր մեկնել:
Իսպանական «Մալագան» էլ խմբային մրցաշարի ուղեգիր նվաճեց առաջին խաղում հունական «Պանատինաիկոսին» 2-0 հաշվով հաղթելու շնորհիվ, քանի որ պատասխան հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:
Իսկ ահա պորտուգալական «Բրագայի» եւ իտալական «Ուդինեզեի» մրցավեճի ելքը վճռվեց միայն հետխաղյա 11 մ հարվածաշարում, քանի որ 2 հանդիպումներն էլ ավարտվել էին ոչ-ոքիՙ 1-1: Ավելի դիպուկ գտնվեց «Բրագան», որը հաղթեց 5-4 հաշվով:
Զագրեբի «Դինամոն» 2-րդ խաղում էլ հաղթեց Սլովենիայի «Մարիբորին» (1-0) եւ մտավ խմբային փուլ: Այստեղ հանդես կգա նաեւ բելգիական «Անդերլեխտը», որն առաջին խաղում Կիպրոսի ԱԵԼ-ից կրած պարտության դիմաց (1-2) ռեւանշի հասավ 2-0 հաշվով: