Կամ նախկին ֆաշիստ Հունգարիայից` ընդմիշտ ֆաշիստ Ադրբեջանին
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հունգարական արդարադատությունն «արձակել է հրովարտակ»` հիշեցնելով, որ ինքը ժամանակին ֆաշիստական աշխարհի ամենաամուր` Ավստրո-Հունգարական կայսրության ամենահավատարիմ իրավահաջորդն է: Ըստ այդ հրովարտակի` «այսուհետեւ յուրաքանչյուր ադրբեջանցի աշխարհի ամեն կետում կարող է անարգել սպանել հայի, 7-8 տարի նստել հյուրանոցային համար հիշեցնող բանտում եւ մեկնել հայրենիք` ստանալով այնտեղ հերոսի կոչում ու համաժողովրդական սեր»:
Ամո՛թ, Հունգարիա: Մինչ օրս հունգարական արդարադատությունը նախադեպ չուներ, որ իր երկրում հանցագործություն իրականացրած այլ երկրի քաղաքացուն, ով դատապարտվել է հենց Հունգարիայում` էքստրադիցիայի ենթարկի հայրենիք: Ի դեպ, նման պահանջներ Հունգարիային ներկայացված են տարբեր երկրներից, սակայն Ադրբեջանն ուրիշ է: Օգտվելով հունգարական տնտեսության ծանր իրավիճակիցՙ Ադրբեջանը սկսեց մեծ ներդրումներ իրականացնել Հունգարիայում, մեծ տնտեսական ծրագրեր իրականացնել այս երկրի հետ, նպատակ ունենալով հայրենիք վերադարձնել «կացնով մարդուն»: Հունգարիան ի վերջո վերադարձրեց իր տարածքում, հետեւաբար իր պատասխանատվության տակ գտնվող հայ սպային քնած ժամանակ կացնահարած «կացնով մարդուն» Ադրբեջան, մի երկիր, որտեղ, ինչպես Սաֆարովի փաստաբանն է դատավարության ժամանակ ասել` «Հայ սպանելը հանցագործություն չէ»: Հենց այս տրամաբանությամբ էլ Իլհամ Ալիեւի երեկվա հրամանով Ռամիլ Սաֆարովն ազատ արձակվեց, ինչպես նախորդ համարում ենք ընդգծել` համաձայն միջազգային կոնվենցիայի էքստրադիցիայի պարագայում այն իրականացնող երկիրն այլեւս իրավասություն չունի տվյալ հանցագործի պատժի վրա: Հենց այս նորմից էլ ելնելով Հունգարիայի արդարադատության նախարարությունը մեկնաբանել է Սաֆարովի էքստրադիցիան, ընդգծելով, որ այն իրականացվել է Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983-ի ստրասբուրգյան կոնվենցիայով, որը ստորագրել է նաեւ Ադրբեջանը: Հունգարական նախարարությունը փորձելով ամբողջովին դուրս գալ ամոթիցՙ ընդգծել է. «Համաձայն այդ կոնվենցիայիՙ դատապարտյալին ընդունած երկիրը պատիժն իրականացնում է` լինելով կաշկանդված դատապարտող երկրի վճռի իրավական բնույթից եւ պատժաչափից:
Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին հավաստիացրել է, որ հանցագործությունը, որի համար պատիժ էր սահմանվել, այնպիսի հանցակազմ էր պարունակում, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքով պատժվում էր ցմահ ազատազրկմամբ, իսկ ցմահ ազատազրկված անձինք կարող են ազատ արձակվել ամենաքիչը 25 տարի պատիժը կրելուց հետո», արդարացել է հունգարական արդարադատությունն ու շեշտել` «Բուդապեշտը գործել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:
Իսկ ինչպե՞ս է գործում Հայաստանը. մի խումբ մարդիկ հավաքվեցին ԱԳՆ-ի ու Երեւանում Հունգարիայի պատվավոր հյուպատոսարանի առջեւ` պիկետի. իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Կարեն Ավագյանի ղեկավարությամբ մի քանի հարյուրի հասնող երիտասարդներ Երեւանում հունգարական պատվո հյուպատոսարանը լոլիկով քարկոծեցին, վայր նետեցին հունգարական դրոշը` ոտքերով տրորելով, Շվեդիայի հայկական ասոցիացիան բողոքի նամակով դիմեց այդ երկրում հունգարական դեսպանատուն, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն էլ հայտարարություն տարածեց, թե հունգարական այս որոշումը «տարակուսանք է առաջացնում», իսկ Իլհամ Ալիեւի` Սաֆարովին ներելու հրամանը «վերստին ապացում է, որ այդ երկրում հայատյացությունը պետական հովանավորություն ունի»: Իսկ առհասարակ, Շարմազանովն ասել է, թե «միջազգային հանրությունը պետք է այս իրադարձությանն իր արժանի արձագանքը տա»: Երեւի տա, իսկ եթե շատ անկեղծ լինենք, միջազգային հանրությունն այսօր այնքան շատ խնդիրներ ունի, որ հազիվ թե տա, ու սա մեզ ամենեւին էլ չպետք է անհանգստացի, մենք ի՞նչ ենք անելու, ավելի ճիշտ` ինչո՞ւ մինչեւ հիմա ոչինչ չենք արել: Ավստրիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, որը, սակայն, Հունգարիայում պաշտոնավարելու համար դեռեւս հավատարմագրերը այդ երկրի ղեկավարությանը չի հանձնել, «Ազգ»-ի հետ զրույցում ասել է, թե մենք մեկ շաբաթ առաջ համապատասխան հարցում ենք արել Հունգարիային, արդյոք Սաֆարովին էստրադիցիան կազմակերպելու գործընթաց Հունգարիան սկսե՞լ է: Պատասխանել են. «Չկա այդպիսի բան»: Սակայն նախօրեին ՀՀ-ի պաշտոնական պահանջագրին ստացվել է մեկ այլ պատասխան, թե «Հունգարիայի Արդարադատության խորհուրդը դրական եզրակացություն է տվել Սաֆարովի էքստրադիցիայի վերաբերյալ հարցին»: Ուրեմն ինչ-որ քննարկումներ եղել են, չէ՞, որ դրանց հիման վրա եզրակացություն է կազմվել, իսկ այդ քննարկումները հո մեկ-երկու օրում չեղա՞ն, որ Հունգարիան ՀՀ-ի պաշտոնական պահանջագրին մեկ շաբաթ առաջ պատասխանել է, թե «Չկա այդպիսի բան»: Չէ՞ որ նման գործընթացները տեւական ժամանակ են պահանջում, եթե, իհարկե, նման գործընթացներից նավթի ու կոռուպցիայի հոտ չի գալիս...
Գուցե դեսպան Կիրակոսյանը դեռ երկար մտածի՞ նախքան Հունգարիայում պաշտոնավարելու իր հավատարմագրերը հանձնի համապատասխան մարմիններին, գուցե Հայաստանը պաշտոնական նոտա՞ հղի Հունգարիայի ԱԳՆ, գուցե Հայաստանը հենց այսօր հայտարարի, որ «անորոշ ժամկետով» հետաձգում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի Երեւան, սեպտեմբերի 5-6-ը կատարելիք ա՞յցը: Չէ՞ որ Գուրգեն Մարգարյանը սպանվեց հենց ՆԱՏՕ-ի պատասխանատվությամբ նաեւ, ու չէ՞ որ Սաֆարովը կացնահարեց նաեւ ՆԱՏՕ-ի հեղինակությունը:
Ինչեւէ, ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել. «Գլխավոր դատախազությունը հանդես կգա հարցմամբ` պարզելու, թե Հունգարիայի արդարադատության նախարարութունն ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ պայմաններով է իրականացրել այդ դատապարտյալի հանձնում», երբ այդ հիմքերն ու պայմանները Հունգարիայի արդարադատության նախարարությունն, ինչպես վերը տեսանք, արդեն իսկ ներկայացրել է: ՀՀ ԱԺ նախագահն էլ անորոշ ժամկետով հետաձգել է Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված այցը, ՀՀ նախագահի մոտ հրավիրվել է ԱԱԽ արտահերթ նիստ, որտեղ քննարկվող հարցերից մեկը հենց սա է եղել, եւ որտեղ ՀՀ նախագահը մասնավորապես ասել է. «Գիտեք, թե ինչ է տեղի ունեցելՙ Գուրգեն Մարգարյանին սպանած բաշիբոզուկը Հունգարիայի իշխանությունների կողմից վերադարձվել է Ադրբեջան, իսկ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել այդ մարդասպանին: Բնականաբար, մենք չենք կարող դա հանդուրժել եւ պետք է որոշենք մեր անելիքները: Առաջինը, որ միանշանակ է եւ արդեն արված էՙ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից եւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից բարձրացվել է մեր զորքերի զգոնությունը: Դա անհրաժեշտ պայման է: Երկրորդ, Գորիկ Գուրգենիչ (ՀՀ ԱԱԾ տնօրեն), խորհրդակցությունից անմիջապես հետո կգաք ինձ մոտ` հատուկ հանձնարարություն ունեմ Ձեզ տալու: Երրորդ, ուզում եմ, որ հիմա մենք քննարկենք Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը: Չորրորդ, կարծում եմ` ճիշտ կլինի, որ ՀՀ Ազգային ժողովը նիստ գումարի եւ այս հարցը քննարկի», երկրի ղեկավարը հանձնարարել է նամակներ ուղարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին եւ ակտիվացնել մեր դիվանագիտական ներկայացուցչությունները, ու այս հունգար-ադրբեջանական գործարքը դատապարտող ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հետ հրավիրված արտակարգ խորհրդակցության ժամանակ: Իսկ ԱԳՆ-ից հավաստիացրին, որ «պաշտոնական հայտարարություն անպայման լինելու է»: Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ ավելի վաղ գործել, հենց սկզբից, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Սաֆարովի էքստրադիցիան է պահանջում Հունգարիայից: Օրինակ, ի՞նչ կլիներ, եթե Հայաստանն էլ այդ ժամանակ նույն պահանջով դիմեր հունգարական արդարադատությանը: Իրավունք ունե՞ր, ավելին, քան Ադրբեջանը, քանի որ սպանվել է ի վերջո ՀՀ քաղաքացի, ՀՀ ԶՈւ սպա, ու Հունգարիան ոչ միայն կկանգներ հակակշռի առջեւ, այլեւ շատ ավելի մեծ բարոյական ու նաեւ իրավական հիմք կունենար Սաֆարովին էքստրադիցիա անելու Հայաստան, ոչ թե Ադրբեջան, քանի որ ՀՀ քաղաքացի ու ՀՀ ԶՈւ սպան եղել է Հունգարիայի պատասխանատվության տակ, որը, փաստորեն իր անվտանգության միջոցառումները խիստ թերի է կատարել, մեր տղան էլ չկա, ուրեմն նրան սպանողին պետք է պահի կա՛մ պատասխանատու Հունգարիան, կա՛մ տուժող Հայաստանը, եւ ոչ թե նրան որպես հերոսի սպասող Ադրբեջանը, ուրեմն` ամոթ Հունգարիա. կացին նաեւ դու ունես` դեռ ֆաշիստական ժամանակներիցդ եկած կացին:
Հ. Գ.- Ադրբեջան, «Թուրան» գործակալություն. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոպտորեն խախտել է Ադրբեջանի սահմանադրությունն ու այլ նորմատիվ ակտերը` ներում շնորհելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին գազանորեն կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, ում այսօր էքստրադիցիայի են ենթարկել Ադրբեջան: Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 82.2 հոդվածի համաձայն` երկրի ղեկավարը ներում կարող է շնորհել այն հանցագործներին, որոնք դատապարտված են ազատազրկման կոնկրետ ժամկետով, օրինակՙ 2, 3, 5 տարի: Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի վճռով դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարում: Ադրբեջանական քրեական օրենսգիրքը 82.3 հոդվածով սահմանվում է, որ ցմահ ազատազրկման ենթարկվածներին շնորհված ներումը կարող է փոխարինվել միայն մինչեւ 25 տարվա ազատազրկմամբ, սակայն ոչ ազատ արձակմամբ: Հետեւաբար, Իլհամ Ալիեւը ոչ մի հանգամանքում չէր կարող ներում շնորհելու հրամանագրով ազատ արձակել Սաֆարովին:
Բացի դրանից, Իլհամ Ալիեւի ստորագրած ներման հրամանագիրը ուղղակի հակադրվում է Ադրբեջանի դեռեւս 2001-ին հաստատված «Համաներման մասին» օրենքի 8.4 դրույթին, որով նախատեսվում է ցմահ բանտարկյալներին ներման շնորհելու հարցը քննարկել միայն դատապարտվածների կողմից 10 տարի ազատազրկման ժամկետը լրանալուց հետո: Կասկած չկա, որ սույն նորմատիվ ակտը, որը բացահայտորեն հակադրվում է սահմանադրությանն ու այլ նորմատիվ ակտերին, կդառնա համաշխարհային լրատվամիջոցների կողմից լայնորեն քննարկվող թեմա` բացասաբար ազդելով Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա»: