«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԶԵՑ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչին համապատասխան բովանդակությամբ նամակ է հղել ՀՀ արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նամակում մասնավորապես նշվում է.

Խորը վրդովմունքով եւ հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարքՙ մարդասպանություն գործած անձինՙ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը:

Եվրոպական արժեքները համամարդկային են եւ այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 Strasbourg Convention on the Transfer of Sentenced Persons) հենց այդ արժեքի գիտակցմամբ է սահմանում դատապարտյալի փոխանցման հնարավորությունը:

Սակայն եվրոպական ոչ պակաս արժեքներ են նաեւ արդարությունն ու պատժի անխուսափելիությունը:

Իմ խորին համոզմամբ Դուք պարտավոր էիք իմանալ մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուց հետո նրա հետագա ճակատագիրը: Դուք պարտավոր էիք իմանալ, որ ազգային թշնամանքի շարժառիթով սպանություն կատարած անձին հանձնում եք մի երկիր, որտեղ նրան հերոսացնում են: Դուք պարտավոր էիք գիտակցել, որ այդ հերոսացումը ապտակ է առաջին հերթին Հունգարիայի արդարադատությանը, եւ ընդհանրապես, ողջ եվրոպական արժեհամակարգին, որը մարդակենտրոն է, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, նրա կյանքը, նրա հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Թույլ տվեք չհավատալ ձեր անկեղծությանը, որ փոխանցման համար Ձեզ բավարարել է Ադրբեջանական կողմի ինչ-ինչ հավաստիացումներ:

Դուք պարտավոր էիք ադրբեջանական կողմից հավաստիացում եւ երաշխիք ստանալ առ այն, որ մարդասպանը պետք է Ադրբեջանում շարունակեր իր պատժի հետագա կրումը: Ավելին, նման հավաստիացում ստանալու պարագայում, անգամ, դուք պարտավոր էիք չփոխանցել մարդասպանինՙ գիտակցելով, որ այդ հավաստիացումները սին են, քանզի այդ մարդասպանը տարիներ շարունակ հերոսացվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:

Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի:

Սակայն Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը եւ ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին , արդարացնողե մարդու:

Հիմք ընդունելով վերոշադրյալը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրոպայի Խորհրդում եւ մյուս միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության հետ փոխհարաբերությունները խզելու մասին:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4