Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշմամբ ներման է արժանացել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը: Այդ լուրը կարծես ապտակ լիներ մեզ` հայերիս համար, եւ վրդովված մի շարք հայրենակիցներ միացան ՀՀԿ երիտասարդ կազմակերպության կազմակերպած ակցիային, որը տեղի էր ունենում Հունգարիայի պատվավոր հյուպատոսարանի դիմաց: Ակտիվիստները լոլիկներով հարվածում էին հյուպատոսարանի դռանը, Հունգարիայի դրոշին եւ վանկարկումՙ ամոթ: Հյուպատոսարանի շենքի մոտ դրված էր Գուրգեն Մարգարյանի նկարը, մասնակիցներին բաժանվեցին թերթիկներ Մարգարյանի եւ Սաֆարովի նկարներով` «Ամոթ Հունգարիա», «Ոճրագործը կարժանանա իր պատժին» մակագրություններով:
«Ազգը» զրուցեց բլոգեր Սերգեյ Չամալյանի հետ. «Պատրաստվում եմ մասնակցել բոլոր ակցիաներին: Այս ակցիայով ցանկանում ենք ասել, որ չենք մոռացել դաժանաբար սպանված ոչ մի հայի, եւ չեն մոռացվելու: Կառավարության այն անդամները, որոնք ընդունեցին որոշումն ու ազատ արձակեցին մարդասպանին, չեն վայելելու»: Ակտիվիստ Քնարիկ Ղազարյանն ասաց, որ երիտասարդներով հավաքվել են, որպեսզի Հունգարիայի պատվավոր հյուպատոսարանին ամոթանք տան, որ էքստրադիցիայի է ենթարկել, որն ուղղակի խայտառակություն է. «Երիտասարդների պարտքն է կանգնել յուրաքանչյուր զինվորի թիկունքին, եւ նման ոճրագործությունը չի կարելի այսպես թողնել»:
«Ազգը» զրուցեց Արցախյան պատերազմի մասնակից Միհրան Մովսիսյանի հետ, որը եւս մասնակցում էր բողոքի ակցիային. «Այսօրվա ակցիան ցույց է տալիս, որ մեր ժողովրդի ռազմահայրենասիրական ոգին բարձր է, եւ պատրաստ է դիմակայելու սրով եկած թշնամուն» Մ. Մովսիսյանը, անդրադառնալով հանցագործին ներում շնորհելուն, ասաց, թե սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հունգարիայի իշխանությունները բիզնեսային փոխհամաձայնության եկան: Հայաստանը սա պետք է նախատեսեր եւ կանխամտածված քայլեր կատարեր, սակայն հիմա եւս ուշ չէ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12-ին տեղի կունենա հավաք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որտեղ կներկայացվի պահանջագիր արտաքին գերատեսչության ղեկավարին: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն Հունգարիայի պատվավոր հյուպատոսարան, որտեղ տեղի կունենա բողոքի ակցիա:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ