«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻ ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱՅԻ «ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱ՞Ն ՀԵՏԱԳԻԾԸ»

vesti.az-ի փոխանցմամբՙ Հունգարիայից Ադրբեջան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի «հարցերով զբաղվել է ռուսաստանցի հայտնի գործարար եւ Վլադիմիր Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը»: Իլհամ Ռահիմովը Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի կենտրոնական խորհրդի անդամ է, այլ տեղեկություններով` կառույցի փոխնախագահ: Նա միաժամանակ «Ռիսսկո» ԲԲԸ գլխավոր տնօրենն է: Ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: Եվ իրոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցին է:

Ռահիմովին են պատկանում Մոսկվայում հայտնի առեւտրային եւ զվարճալիքի «Եվրոպեյսկի», «Գրանդ», «Մոսկվա» համալիրները, «Սլավյանսկայա- Ռեդիսոն», «Ուկրաիանա- Ռեդիսոն» առաջնակարգ հյուրանոցները, ինչպես նաեւ մի շարք այլ կոմերցիոն նախագծեր: Որոշ ժամանակ առաջ Ռահիմովը «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությանն ասել է, որ երբ ինքն աշխատում էր Բաքվում, «հյուր էին գալիս համակուրսեցիներ, այդ թվում եւ Վլադիմիր Պուտինը, մենք համակուրսեցիներով հաճախակի ենք հավաքվում»:

Ընդսմին, Ռահիմովը նաեւ ասել է, որ եթե Վլադիմիր Պուտինը իր անունը հրապարակավ չհիշեր ընկերների շարքում, ապա ինքը երբեք այդ մասին չէր խոսի: Այս պահին, սակայն, առավել հետաքրքրական է թվում, թե ինչո՞ւ է vesti.az-ը Սաֆարովին էքստրադիցիա ենթարկելու հարցում թույլ տվել «տեղեկատվական արտահոսք»: Բացառված է, որ դա պատահականություն է կամ լրագրողական «շատախոսություն»:

Դիտարժան է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Սաֆարովի հարցի լուծումը կապել է հունգարական կողմի հետ «տեւական ժամանակ տարված աշխատանքի» հետ, իսկ ադրբեջանական լրատվամիջոցը մատնանշում է Իլհամ Ռահիմովի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համակուրսեցու, առանձնահատուկ դերակատարությունը:

Ըստ երեւույթին, սա մի թափանցիկ ակնարկ է, թե ինչ «բարձր մակարդակով» են ընթացել հունգարական կողմի հետ բանակցությունները: Շատ հնարավոր է, որ ադրբեջանական քարոզչությունը նաեւ մեզ հասկացնում է, որ Սաֆարովի էքստրադիցիան տեղի է ունեցել ՌԴ նախագահի գիտությա՞մբ: Սաֆարովն ինքը APA գործակալությանը խոստովանել է, որ դա իր «համար անսպասելի էր»:

Այսպիսով պարզ է դառնում, որ ցմահ ազատազրկման դատապարտվածի արտահանձնման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ոչ թե իրավական, այլ բիզնես-քաղաքական համաձայնությունների հիման վրա: Իսկ դա խիստ կասկածի տակ է դնում նման իրավիճակների համար միջազգային ընթացակարգերի օրինականությունը, սասանում հավատը եվրոպական արդարադատության նկատմամբ, որը հավակնում է ունիվերսալության:

Ոչ ոք ապահովագրված չէ այն հեռանկարից, որ վաղը աշխարհի որեւէ երկրում ադրբեջանցին կարող է գայթակղվել Սաֆարովի հանդեպ ներողամտությունից եւ Ադրբեջանում հերոսանալու մտքից ու դարձյալ սպանել հայի: Գործարքը, որ Ռամիլ Սաֆարովի դեպքում կայացվել է արդարադատության թիկունքում, չի բացառված, որ դառնալու է «նախադեպային»: Մինչդեռ դատարանի օրինական եւ բեկման ոչ ենթակա վճիռը պետք է վեր լիներ զգացմունքներից եւ հատկապես բիզնես-քաղաքական շահերից:

Վ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4