Ասադի վարչակարգի տապալման նրա հաստատակամությունը հաճելի անակնկալ էր Վաշինգտոնի համար
Օգոստոսի 28-ին Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուհամմեդ Մուրսին ուղեւորվել էր Չինաստան: Սա նրա, արաբական երկրները չհաշված, արտասահման կատարած առաջին այցն էրՙ պատմական, ինչպես նաեւ կարեւոր, քանի որ Չինաստանը Ռուսաստանի հետ ռազմավարական նշանակություն է տալիս Սիրիային եւ աջակցում նախագահ Ասադի վարչակարգին:
Ռազմավարական նշանակությունն ու աջակցությունը բավական էին, որ Սիրիայի քաղաքական զարգացումների շուրջը Պեկինի հետ մտքեր փոխանակելը լիներ Մուրսիի Չինաստան այցելության գլխավոր նպատակը: Երկու օր անցՙ օգոստոսի 30-ին, Եգիպտոսի նախագահն ուղեւորվեց Իրանի Իսլամական Հանրապետությունՙ մասնակցելու Թեհրանում հրավիրված Չմիանալու շարժման գագաթաժողովին:
Որքան էլ աշխատանքային լինի, այս այցը եւս պատմական էր, նաեւՙ աղմկահարույց: Այն առումով, որ այցի նախօրյակին Մուհամմեդ Մուրսին հանդես էր եկել Սիրիայի այսպես կոչված ճգնաժամը Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ ձեւավորվող շփման խմբի միջոցով կարգավորելու նախաձեռնությամբ, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսա հավանություն էր տվել դրան, Մուրսիի մամուլի քարտուղար Յասեր Ալին հայտարարել էր, որ Իրանում Եգիպտոսի նախագահը իր գործընկերոջ Մահմուդ Ահմադինեժադի հետ կքննարկի այդ նախաձեռնությունը, իսկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորյա Նուլանդը ճիշտ չէր համարել նախագահի մակարդակով Եգիպտոսի մասնակցությունը Չմիանալու շարժման թեհրանյան գագաթաժողովին:
Սակայն ելույթում Մուրսին համերաշխություն հայտնեց «օրինականությունը կորցրած դաժան վարչակարգի» դեմ պայքարող սիրիական ժողովրդին: Թերեւս նա դրանով Իրանին, ինչու չէ նաեւ Չինաստանին ու Ռուսաստանին հիասթափություն պատճառեց, իսկ ԱՄՆ-ինՙ հաճելի անակնկալ: Այսպիսով ակնհայտ դարձավ, որ նախագահ Մուրսին Թեհրան է մեկնել ոչ այնքան իր նախաձեռնությանն ընթացք տալու, այսինքնՙ Սիրիայի խնդիրը տարածաշրջանի երկրների միջնորդությամբ կարգավորելու, որքան նախագահ Ասադի վարչակարգի տապալման հարցում Իրանին համոզելու նկատառումով:
Քանի որ տապալմանը նախանձելի ջանասիրությամբ ձգտում է նաեւ Թուրքիան, ուստի կարելի է ենթադրել, որ Մուրսիի նախաձեռնությունը ուղղված է թուրքական ձեռնարկումների չեզոքացմանը, որպեսզի հանձնակատարի պատրաստակամությամբ ԱՄՆ-ի նկրտումներին ընդառաջելու հարցում շրջանցի վարչապետ Էրդողանի կառավարությանը:
Այդ դեպքում արդեն Եգիպտոսը որպես «չափավոր իսլամի» մոդել, Թուրքիայի այլընտրանքը կդառնա Վաշինգտոնի համար, Իսրայելի հետ անմիջական հարեւանությունն ու աշխույժ հարաբերությունները նախընտրելի կդարձնեն նրան: Պարզապես Սիրիային պարտադրված քաղաքացիական պատերազմում Վաշինգտոնի բուն նպատակը հայտնի չէ:
Նա այդ պատերազմը կազմակերպել է նախագահ Ասադի վարչակարգի տապալմա՞ն, թե՞ Սիրիայի մասնատման նպատակով: Համենայն դեպս միջազգային ասպարեզում շրջանառվում են ալավիներով բնակեցված Լաթաքիան, իր շրջակայքով Բաշար Ասադին զիջելու տարբերակները: Հետեւաբար Ասադի վարչակարգի տապալման թուրքական, ինչու չէ նաեւ եգիպտական ձեռնարկումներին Վաշինգտոնի ցուցաբերած անվերապահ աջակցությունը պետք է վերագրվի այդ ձեռնարկումներով մասնատման համար նախադրյալներ ստեղծելու ամերիկյան նկրտումներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ