«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ԼԻԴԻՑԵԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Օգոստոսի 31-ին Պրահայից 10 կմ հեռավորության վրա գտնվող Լիդիցե գյուղավանի հուշահամալիրում կնքվեց հայ-չեխական համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին հուշահամալիրի տնօրեն Միլոշ Չերվենցլը եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Հուշագրի ստորագրումին նախորդած հանդիպմանը, որին ներկա էին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հուշահամալիրի այլ պատասխանատուներ, քննարկվեցին ապագա համագործակցության ծրագրերը: Հայկ Դեմոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից իրականացվող աշխատանքները, նշելով, որ դրանցում մեծ տեղ է հատկացվում նաեւ միջազգային այլ թանգարանների եւ ինստիտուտների հետ համագործակցությանը: Պարոն Չերվենցլը իր հերթին ներկայացրեց հուշահամալիրում տեղակայված պատկերասրահի եւ թանգարանի գործունեությունը, նշելով, որ այն նույնպես ծավալվելու ծրագրեր ունի, եւ պետք է ընդգրկի ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի պատմությունը, այլեւ դրան նախորդող եւ հաջորդող տարիների պատմությունը:

Թե կոնկրետ ինչ հնարավորություններ է տալիս ստորագրված հուշագիրը, մենք խնդրեցինք մեկնաբանել Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանին : Վերջինիս կարծիքով, համագործակցության հուշագրով նախատեսվում են ցուցահանդեսների, հրատարակությունների փոխանակումներ, ցեղասպանագետների փոխայցեր: Ըստ դեսպանի, ամեն տեսակի համագործակցություն կարելի է իրականացնել այս հուշագրի շրջանակներում: «Առ այսօր Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտն ու Լիդիցեի հուշահամալիրը ոչ մի համագործակցություն չեն ունեցել: Հայոց ցեղասպանության հարցը շատ լայն չի լուսաբանվել, թեեւ եղել են կոնֆերանսներ եւ այլ միջոցառումներ: Այս հուշագրով մենք փորձելու ենք ե՛ւ հայ մշակույթը ներկայացնել ընդհանրապես, ե՛ւ թե ցեղասպանության հարցըՙ մասնավորապես: Ցուցանմուշների փոխանակումը կվերաբերի ոչ միայն ցեղասպանության թեմային, այլեւ երկու երկրների մշակույթներին», ասաց դեսպանը:

Իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի կարծիքով, Լիդիցեի հուշահամալիրը շատ տպավորիչ է, պատմությունըՙ նույնպես: Աղերսները Հայոց ցեղասպանության որոշ դրվագների ակնհայտ են:

«Հայոց ցեղասպանությունը նաեւ եվրոպական հիշողության կարեւոր դրվագներց մեկն է, եւ այս հուշահամալիրի հետ համագործակցության միջոցով մենք նույնպես եւս մի առիթ կունենանք ներկայացնելու Հայոց ցեղասպանության պատմությունը նոր լսարանի առջեւ: Նաեւ մեր հանրությանը պետք է ներկայացնենք այն ողբերգությունները, որ պատուհասել են այլ ժողովուրդների: Մեր նպատակն է լինելու համատեղ ջանքերով կանխարգելել նման ողբերգությունները: Այստեղ կարող ենք ներկայացնել ցեղասպանությանը զոհ գնացած հայ երեխաների ողբերգությունը, որը կարող է դառնալ առանձին ցուցադրության թեմա, քանի որ Լիդիցեում զոհ գնացած երեխաներին նվիրված առանձին նախագծեր նույնպես իրականացվում են», եզրափակեց Հայկ Դեմոյանը:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Լիդիցեի զոհված երեխաների հուշարձանին:

Հիշեցնենք, որ 1942 թվականին գերմանացի նացիստները Լիդիցե գյուղը հիմնահատակ ոչնչացրին, սպանելով նաեւ գյուղի 500 բնակիչներից 340-ին, այդ թվումՙ 82 երեխաների: Չեխիայում Ադրբեջանի դեսպանությունը տարիներ շարունակ փորձում էր այս գյուղի պատմությունը շաղկապել Խոջալուի ողբերգությանը եւ նույնիսկ համանուն փողոց բացել Լիդիցեում, ինչը հայկական կողմի ջանքերով կասեցվեց: Ադրբեջանցիներն այստեղ ունեցել են մի քանի ցուցահանդեսՙ նվիրված Խոջալուի դեպքերին:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4