«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2012-08-30 | #150, 2012-08-31 | #151, 2012-09-01


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑՙ «ԶԳՈՒՇԱՑԵՔ, ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ» ՄԵԿԱՄՍՅԱԿ

Երեկ լրագրողների հետ հանդիպեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ Վերջինս ներկայացրեց ուսումնական տարվա սկզբին կատարված ճանապարհային անվտանգ երթեւեկությանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին ու դրանց հետագա ընթացքը: Տարիներ շարունակ նոր ուսումնական տարվա սկզբին ոստիկանությունը անցկացնում է անվտանգ երթեւեկության տասնօրյակՙ դպրոցականներին տուն-դպրոց-տուն ճանապարհը եւ երթեւեկությունն անվտանգ անցկացնելու ուղղությամբ, սակայն էլի գրանցվում են վթարներ: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով տասնօրյա անվտանգ երթեւեկության միջոցառումների փոխարեն անցկացվելու է «Զգուշացեք, երեխաներ են» միամսյակ ծրագիրը: Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, ասաց Նորիկ Սարգսյանը, որ տասնօրյա աշխատանքները չեն բավականացնում երեխաներին ամառային հանգիստ, աշխույժ կյանքից միանգամից անցնելու դպրոցական կարգուկանոնին. Այդ մասին է նաեւ վկայում նախորդ տարիների վիճակագրությունը, օրինակՙ 2011-ին գրանցվել է 6 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ), որի հետեւանքով վիրավորվել են 6 դպրոցահասակ երեխաներ, տասնօրյակից հետո երեխաների մասնակցությամբ պատահարների քանակը կրկնապատկվել է, հետագա 20 օրերին գրանցվել են 25 ՃՏՊ, 1 զոհ, 25 վիրավոր:

Օգոստոսի 15-ից «Զգուշացեք, երեխաներ են» ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են մայրաքաղաքի ու մարզերի դպրոցների ճանապարհամերձ տարածքները, տեղադրվել են նշաններ, արվել են գծանշումներ եւ վերացվել են թերությունները, տեղեկացրեց պրն Սարգսյանը: ՃՈ-ի աշխատակիցները հանդիպումներ են ունեցել դպրոցների տնօրենների հետ, լսել նրանց առաջարկությունները, որոնք ընդգրկվել են մեկամսյակի ծրագրում: Պրն Սարգսյանը, կարեւորելով լրատվամիջոցների դերը ոստիկանության աշխատանքները պատշաճ լուսաբանելու գործում, հորդորեց ու խնդրեց մեկամսյակի ընթացքում լուսաբանել, «քանի որ պարզ է, միայն ՃՈ-ով ցանկալի արդյունքի հնարավոր չէ հասնել»:

Նա կոչ արեց նաեւ մեր ազգաբնակչությանը, մանկավարժներին, որ յուրաքանչյուրը իր օրինակով նպաստի անվտանգ երթեւեկության միամսյակի աշխատանքներին: Իսկ բոլոր վարորդներին պրն Սարգսյանը խնդրեց եւ պահանջեց «մեկամսյակի ընթացքում լինել առավել զգոն, չցուցաբերել ավելորդ շտապողականությունՙ հատկապես դպրոցների մոտակայքով անցնելուց, լինել առավել ուշադիր: Երեխաներին դպրոց տանող ծնողներին, որոնք իրենց ավտոմեքենաներով փակում են դպրոցներին հարող ճանապարհների բանուկ մասերը ու խցանումներ առաջացնումՙ կտուգանվեն ՃՈ-ի կողմից ամենախիստ պատժամիջոցներով»: Կրկին անգամ շնորհավորելով նոր ուսումնական տարվա առիթով, պրն Սարգսյանը ցանկացավ առաջին հերթին անվտանգ երթեւեկություն եւ հաջողություններ ուսման մեջ:

«Ազգի» բազմաթիվ անգամ բարձրացրած հարցը վերաբերում էր Նոր Նորքի 4-րդ զանգվածի միակողմանի ճանապարհային անցումին, որտեղ չնայած կա գծանշում, գետնանցումով մայթից մայթ անցնելը շատ վտանգավոր է, ու հենց այդ անցումի գծերի վրա երեք վթար է գրանցվել, երբ դպրոցականները դիմացի մայթում գտնվող դպրոց են շտապել: Անկախ նրանից, որ նշան կա այդ վայրում, խաչմերուկից միանգամից բարձր արագությամբ սլացող վարորդները պարտավորված են զիջել: Չեն զիջում հետիոտնին կամ եթե 1-ին ու 2-րդ գծից զիջում են, ապա 3-րդ չնկատվող գծից ամեն պահ հնարավոր է վթարի ենթարկվել:

Նորիկ Սարգսյանը ճանապարհային ոստիկանության երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Դանիել Դանիելյանի եւ «Ազգի» հետ եղան նշված վայրում. ուսումնասիրեցին տեղանքը եւ, հաշվի առնելով ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, խոստացան առաջիկա օրերին Գայի պողոտայի երկու գետնանցումների սկզբնամասում տեղադրել 4 նախազգուշացնող նշաններ։ Հուսանք, որ այս քաշքշուկը վերջապես կստանա իր լուծումը, եւ հետիոտն անվտանգ կարողանա երթեւեկել։

Սեպտեմբերի 1-ի առավոտյան ժամը 8-ից բոլոր դպրոցների եւ ուսումնական հաստատությունների ու խաչմերուկների մոտ ուժեղացված հսկողություն եւ ծառայություն կիրականացնեն ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մինչեւ երեկո:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4