Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ ծանրորդները շարունակում են փայլուն ելույթները: Մրցումների հերթական օրը նշանավորվեց Անդրանիկ Կարապետյանի փառահեղ ելույթով, որը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցՙ գերազանցելով պոկում վարժության եւ երկամարտի համաշխարհային պատանեկան ռեկորդները մինչեւ 77 կգ քաշային կարգում:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը վստահ կատարեց 3 փորձերն էլՙ հաջորդաբար բարձրացնելով 140, 148 եւ 154 կգ: Վերջին ցուցանիշը պատանիների աշխարհի նոր ռեկորդ էր: Նա 19 կգ-ով առաջ անցավ 2-րդ տեղը զբաղեցրած ռուսաստանցի Արտյոմ Լեֆլերից:
Հրում վարժությունում էլ Անդրանիկն անգերազանցելի էր: Նա հաջորդաբար բարձրացնելով 170 եւ 176 կգ ծանրությունները, իր համար արդեն ապահովել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաեւ երկամարտի աշխարհի պատանիների նոր ռեկորդ էր սահմանելՙ ցույց տալով 330 կգ արդյունք: 3-րդ մոտեցմամբ Անդրանիկը փորձեց համաշխարհային նոր ռեկորդ սահմանել նաեւ հրում վարժությունումՙ պատվիրելով 183 կգ: Դա 1կգ-ով գերազանցում էր 2005-ի հոկտեմբերի 5-ին Աղվան Մելիքյանի ռեկորդային ցուցանիշը: Սակայն այս անգամ ծանրաձողը նրան չենթարկվեց:
Մրցակիցների նկատմամբ հայ ծանրորդի գերազանցության մասին է վկայում այն փաստը, որ նա 28 կգ-ով առաջ անցավ երկամարտում 302 կգ արդյունք ցույց տված ու 2-րդը ճանաչված Արտյոմ Լեֆլերից: Բրոնզե մեդալը նվաճեց իտալացի Անտոնիո Պիզոլատոն, որը երկամարտում ցույց տվեց 288 կգ (125+163) արդյունք:
Հաջող ելույթ ունեցավ նաեւ մեր անվանի ծանրորդ, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդինՙ Վարդանը: Նա երկամարտի 293 կգ (133+160) արդյունքով արժանացավ արծաթե մեդալի:
Վարդանը հաջող հանդես եկավ պոկում վարժությունումՙ հաջորդաբար բարձրացնելով 130 եւ 133 կգ: 3-րդ մոտեցմամբ թեեւ նա չբարձրացրեց 135 կգ-ը, սակայն արժանացավ ոսկե մեդալի: Նրա մոտակա մրցակիցներ, վրացի Բաչանա Կուխիլավան եւ բելառուս Արտյոմ Շահաուն ցույց էին տվել 130 կգ արդյունք:
Իսկ ահա հրում վարժությունն այնքան էլ հաջող չկատարեց Միլիտոսյանըՙ 3 փորձերից արդյունավետ օգտագործելով միայն մեկը, որի ժամանակ բարձրացրեց 160 կգ: Այս արդյունքով հայ ծանրորդը բրոնզե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Եթե Վարդանը հրեր 163 կգ-ը, ապա չեմպիոն կհռչակվեր: Նա երկամարտում ընդամենը 1 կգ զիջեց ոսկե մեդալը նվաճած բելառուս Արտյոմ Շահաուին: Բրոնզե պարգեւը բաժին հասավ ադրբեջանցի Էլխան Ալիգուլիզադային:
Մինչեւ 85 կգ քաշային ծանրորդների մրցապայքարում Ռուբիկ Կարապետյանը երկամարտի 298 կգ (130+168) արդյունքով գրավեց 4-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Իգոր Կոնոտոպը, որը երկամարտում ցույց տվեց 319 կգ (140+179) արդյունք: Արծաթե մեդալի արժանացավ թուրք Իբրահիմ Հալիլ Թուրանըՙ 308 կգ (136+172): Բրոնզե մրցանակակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Հոզանՙ 307 կգ (147+160):
Նկար 1. Անդրանիկ Կարապետյան
Նկար 2. Վարդան Միլիտոսյան