Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը` օլիմպիադայի 4-րդ տուրում 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով ֆիլիպինցիներին: Եթե նախորդ տուրում իսպանացիների նկատմամբ հաղթանակն ապահովել էր Լեւոն Արոնյանը, ապա այս անգամ մեր թիմին հաղթական միավոր պարգեւեց Գաբրիել Սարգսյանը, որն առավելության հասավ Օլիվեր Դիմակիտինգի նկատմամբ: Վեսլի Սո-Լեւոն Արոնյան, Օլիվեր Բարբոսա-Սերգեյ Մովսիսյան, Մարկ Պարագուա-Վլադիմիր Հակոբյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Կանանց մրցաշարում առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների մրցախաղը: Ավարտված 3 պարտիաներից հետո հաշիվը հավասար էր: Ամեն ինչ պետք է վճռեր Զեյնաբ Մամեդյարովայի եւ Էլինա Դանիելյանի մրցավեճը: Ցավոք, հայ շախմատիստուհին պարտվեց ու մեր հավաքականը մրցակցին զիջեց 1,5-2,5 հաշվով: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Լիլիթ Մկրտչյանը, որը խաղում էր Գուլնար Մամադովի հետ: Օլիմպիական մրցաշարում առայժմ շատ անհաջող է խաղում փորձառու Լիլիթ Գալոյանը, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց Թուրկան Մամեդյարովայից: Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց Խայալա Իսկանդարովայի հետ:
4 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը վաստակել է թիմային 8 միավոր եւ առաջատարների թվում է: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Հունգարիայի հավաքականները: Ահա գրանցված արդյունքներից մի քանիսը. ԱՄՆ-Հնդկաստան` 2-2, Ռուսաստան- Չինաստան` 3:1, Ադրբեջան-Գերմանիա` 2:2, Ուկրաինա-Լեհաստան` 3:1:
Հայաստանի կանանց հավաքականը թիմային 4 միավորով միջին դիրքերում է: