«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2012-08-31 | #151, 2012-09-01 | #152, 2012-09-04


ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵՑ. ՀԱՆՑԱԳՈՐԾԻ ՀԵՐՈՍԱՑՈՒՄԸ ԿՆՊԱՍՏԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԿԱ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ

Եռօրյա լռությունից հետոՙ երեկ, Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան էքստրադիցիայի հանձնման վերաբերյալ, դժբախտաբար ակնկալվածից ցածր մակարդակով, իր մտահոգությունն է հայտնել նաեւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը :

Ըստ պաշտոնական Մոսկվայիՙ Բաքվի եւ Բուդապեշտի գործողությունները հակասում են Անդրկովկասում լարվածության նվազեցման ջանքերին: Լուկաշեւիչը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը խոր մտահոգությամբ է ընդունել Բաքվի կողմից 2004-ին Հունգարիայում հայ սպային հատուկ դաժանությամբ սպանելու համար ցմահ դատապարատված Ռամիլ Սաֆարովին արդարացնելու, նաեւ դրան նախորդած էքստրադիցիայի որոշման մասին հաղորդագրությունները:

«Կարծում ենք, որ ադրբեջանական, ինչպես նաեւ հունգարական իշխանությունների գործողությունները հակասում են միջազգային մակարդակով համաձայնեցված ջանքերին, նախ եւ առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասով եւ տարածաշրջանում լարվածության նվազմանը», ասել է Լուկաշեւիչըՙ հավելելով, թե ակնկալում է, որ ստեղծված իրավիճակի համապատասխան գնահատականն ամենամոտ ժամանակ կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստին երեկ անդրադարձել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան : Նա համոզված էՙ որ Ադրբեջանի որոշումը ոչ միայն միջազգային իրավունքների նորմերին է հակասում, այլեւ կասկածի տակ է դնում հանցագործության հակազդման միջպետական համակարգի կենսունակությունը: Բորդյուժայի գնահատմամբՙ հանցագործի հերոսացումը կնպաստի տարածաշրջանում առկա լարվածությանն, ու այս դեպքում միջազգային հանրությունը չպետք է ուշանա կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու հարցում: Բորդյուժան որեւէ արդարացում չի գտել Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների քայլին, անկախ այն հանգամանքից, թե դա ինչ նպատակով է արված:

Հետաքրքրական է, որ Ադրբեջանին Սաֆարովի հանձնմանն առաջինն արձագանքել է ԱՄՆ-ն: Նախ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտահոգություն հայտնեց կատարվածի առնչությամբ, այնուհետեւ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն տարածեցՙ շեշտելով, որ Սաֆարովին ներում շնորհելը կշարունակի լարված պահել իրավիճակը տարածաշրջանում: Զարմանալի է, որ առայժմ հայտարարությամբ հանդես չի եկել համանախագահող երրորդ երկիրըՙ Ֆրանսիան, որեւէ հայտարարություն չի տարածել: Առայժմ լուռ են նաեւ Եվրոմիությունն ու ՆԱՏՕ-ն:

Հունգարիան ԵՄ անդամ պետություն է եւ այս քայլով խախտել է այն համամարդկային արժեքներն ու օրենքները, որոնք դավանում եւ որոնց հողի վրա հիմնվել է Եվրոմիությունը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա հենց այս կառույցի կազմակերպած դասընթացի ժամանակ է Ռամիլ Սաֆարովը կացնահարել հայ սպա Գուրգեն Մարգարյանինՙ հետեւաբար վերոնշյալ կառույցի տեսակետն ու հայտարարությունն էլ չափազանց կարեւոր են:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4