«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2012-08-31 | #151, 2012-09-01 | #152, 2012-09-04


ԲՈՂՈՔԻ ՆԱՄԱԿՙ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Իսրայելում Հունգարիայի Հանրապետության դեսպան պարոն Զոլտան Զսենտգեորգի.

Ներո՛ղ եղեք, ես դիվանագետ չեմ, ուստի իրերը պիտի կոչեմ իրենց անուններով:

Ես եւ տիկինս եղել ենք Ձեր հիասքանչ երկրում (1986, Հայաստանից) մեր գործընկերների հրավերով եւ վայելել նրա բարի, ժպտադեմ ու սիրալիր ժողովրդի անչափ հարգալից հյուրասիրությունը, շրջագայել ողջ երկրով մեկ, դիտել նրա պատմական, տեսարժան վայրերը, խմել Տոկայի հոյակապ գինի, որը դեռ մեծ Վոլտերն էր գնահատել, անվանելով այն «Տոկայի յանտար», մասնակցել մի շարք ժողովրդական եւ պետական տոնախմբություն-միջոցառումներին, մասնավորապես օգոստոսի 20- ի պետական գլխավոր տոնինՙ «Սուրբ Իշտվանի օրը» նվիրված Հունգարիայի առաջին թագավոր Իշտվանի թագադրությանը, որի շնորհիվ քրիստոնեությունը մուտք գործեց երկիր...Այո, քրիստոնեությունը մուտք գործեց Հունգարիա ...

Պարո՛ն դեսպան. Քրիստոնեական ո՞ր սկզբունքի վրա հիմնվելով Ձեր երկրի իշխանությունները Ադրբեջանին հանձնեցին հանցագործ մարդասպան Ռամիլ Սաֆարովին, դրանով իսկ դե ֆակտո ներելով նրա կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահար անելը, այն էլ հայ սպայի քնած ժամանակ, լոկ այն պատճառով, որ Գուրգենը հայ էր: Նա ժամանել էր ներկայացնելու Հայաստանը Ձեր երկրում, «ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում» կազմակերպված լեզվի ուսուցման դասընթացներին:

Արդյո՞ք Հունգարիան անարգանք չզգաց իր հանդեպ, երբ հյուրի կարգավիճակով օտարերկրացին անարգում է հյուընկալող երկրի օրենքները, մարդ է սպանում: Պարո՛ն դեսպան, իսկ գուցե ադրբեջանցու արարքը շարունակությո՞ւնն է 1526 թվի Մոխաչյան պատերազմի, որից հետո թուրք բարբարոսները սրի քաշեցին ոչ միայն հունգարներին այլեւ չեխերին ու խորվաթներին: Վստահ եմ, Ձեր երկրի պատմությանը, նամանավանդ ողբերգական էջերին, Դուք ավելի եք քաջատեղյակ: Եվ այսօ՞ր...,

... Ես վստահ եմ, որ շուտով Հունգարիայի իշխանավորների տոնական սեղաններին Տոկայի գինու փոխարեն կդրվի ադրբեջանական նավթը, որը միայն Հունգարիայի դեպքում չէ, որ օգտագործվում է իբրեւ սառը զենք, բայց, գայթակղիչ...

Շնորհավորո՛ւմ եմ:

ՆՈՒԲԱՐ ԱՍԼԱՆՅԱՆ, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ, Հայֆա, Իսրայել

Նամակի անգլերեն տարբերակը ուղարկված է հասցեատիրոջը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4