Երբ Սիրիայում վիճակը դարձավ պայթյունավտանգ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ԱՄՆ-ից զանգահարեց եւ տեղեկացրեց, որ բարեգործական ակցիա է ցանկանում կազմակերպել սիրիահայերի համար: Ինչպես «Ազգին» ասաց Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը , սփյուռքի նախարարի հրավիրած խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարվել է ու որոշվել, որ ավելի ճիշտ կլինի սիրիահայ երեխաներին տեղափոխել երկշաբաթյա ճամբարային հանգստի: Այդ գործը իրականացնելու համար կոնգրեսը տրամադրում է 43 000 ԱՄՆ դոլար, եւ արտահերթ չվերթով 149 սիրիահայ երեխաներ ժամանում են Հայաստան:
Ուրբաթ օրը ՀՀԿ փոխնախագահներ Արամ Սարգսյանը եւ Վլադիմիր Աղայանը , միության անդամները «Ազգ» օրաթերթի ներկայացուցչի հետ այցելեցին Հանքավանի «Լուսաբաց» ճամբար: Հանքավանի չքնաղ բնության գրկում տեղակայված ճամբարի մուտքի մոտ հյուրերին դիմավորեց ճամբարի տնօրեն Աշոտ Ավետիսյանը : Հյուրերը զրուցեցին ճամբարականների հետ, ծանոթացան նրանց առօրյային: ՌՀՄ փոխնախագահ Վլադիմիր Աղայանը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ի հետ համատեղ սիրիահայ երեխաների համար կազմակերպելու են համերգ: Այդ անակնկալը ոգեւորեց երեխաներին, եւ նրանք ծափողջույններով դիմավորեցին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Գառզուի անվան արվեստի դպրոցի (տնօրենՙ Տատյանա Սաղաթելյան) սաներին: Քիչ անց ելույթ ունեցան արվեստի դպրոցի չորս պարախմբերը, ժողովրդական, էստրադային խմբերը, անհատ կատարողները, որոնց էլ միանալով ճամբարականները շրջան կազմեցին, ու հայկական քոչարին թնդաց սարերն ի վեր:
Քիչ անց ճամբարի հրաշալի միջոցառմանը միացավ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը : Նախարարը ողջունեց սիրիահայ երեխաներին, մաղթեց, որ միշտ հիշեն իրենց հայրենիքում անցկացրած օրերը ու եթե կորոշենՙ վերադառնան հայրենի օրրան: Այնուհետեւ Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արա Աբրահամյանին, Արամ Սարգսյանին, Վլադիմիր Աղայանինՙ սիրիահայ երեխաներին տոնական գեղեցիկ օր ու մայր հայրենիք նրանց այցը կազմակերպելու համար:
Անմոռանալի այդ մի քանի ժամերը երբեք չեն ջնջվի երեխաների հիշողությունից, որոնք եռագույնը ձեռքերին զիլ ձայնով երգում էին, պարում ու ամուր դոփում, որ իրենց ձայնը տարածվի ու հասնի իրենց ծնողներին: Բոլոր նրանք, ում հետ «Ազգը» զրուցեց, հուզված իրենց շնորհակալությունն էին հայտնում նման հրաշալի երկշաբաթյա հանգիստ ու անմոռանալի ժամեր պարգեւելու համար: «Մենք սիրեցինք մեր հայրենիքը եւ այլեւս նրանից չենք բաժանվի: Եթե ոչ հիմա, ապա մոտ ժամանակներս կգանք Հայաստան, մեր հիմնական տունըՙ մեր վերջավորությունն այս հողում է...», ասում էին Սոսեն , Անդրանիկը , Սաթենը , Արմանը , Լեւոնը , Մարիամը ...
Սիրիահայերը սեպտեմբերի 4-ին կմեկնեն Հայաստանիցՙ կրկին վերադառնալու ակնկալիքով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Հանքավան-Երեւան