Ըստ նախնական հաշվարկի` այս սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզում դպրոց ոտք դրեցին մոտ 3300 առաջինդասարանցիներ: Նրանց կյանքում կարեւոր այդ մուտքը եւ ավանդական դարձած Գիտելիքի օրը հատկապես քաղաքային շատ դպրոցներում նշեցին հանդիսավոր պայմաններում:
Գյումրու դպրոցներից մեկի դիմաց, փոքրիկների առաջին զանգից առաջ կազմակերպված տոնական հանդիսության ձայները, բարձրախոսով ուժեղացված, լսելի էին դեռ հեռվից: Կրթօջախի շենքի առջեւ ծանոթ տեսարան էր` ծնողների ձեռքը բռնած, ծաղկեփնջերով գեղեցիկ ու քիչ շփոթված մանուկների շարքեր, նրանց դիմաց կանգնած ուսուցիչներ, այստեղ` նաեւ հատուկ հանդիսավար եւ բարձրախոսից հնչող տոնական խոսք ու երաժշտություն:
Եվ ահա հանդիսավարը, դիմելով փոքրիկներին, ասում է մոտավորապես հետեւյալը, թե հիմա իրենք դիմավորելու են Ձյունե թագուհուն, որի հետ ինչ-որ բան պիտի անեն (թե ինչ` չմտապահեցի), նաեւ ծափ տան երաժշտությունը սկսվելու հետ: Եվ սկսում է. «Հիմա, ուրեմն, գիտե՞ք ում ենք դիմավորում: Հիմա դիմավորում ենք, ուրեմն, Ձյունե թագու-հուն... Գնացի~~նք»: Եվ ուզում էիր ասել` սպասիր, այ մարդ. երեխաներից ոմանք տարակուսած այսուայնկողմ նայեցին, թե ուր են գնալու... Մինչդեռ հանդիսավարն ընդամենը ուզում էր ասել` սկսեցինք: Բայց քանի որ հայերեն չէր մտածում, այդպես ասաց` անտեղի թյուրիմացության մեջ գցելով այդ երեխաներին եւ առաջին դասից առաջ արդեն սխալ «հայերեն» սովորեցնելով...
Հիմա այդ հանդեսի օգո՞ւտն էր շատ, թե՞ վնասը:
Գ. Մ.