Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հերթական 2 տուրերում Հայաստանի տղամարդկանց հավաքականը շատ կարեւոր ու սկզբունքային մրցախաղեր անցկացրեց չեմպիոնի տիտղոսի գլխավոր հավակնորդների թվին դասվող Ուկրաինայի եւ Ռուսաստանի շախմատիստների հետ:
Ուկրաինացիների հետ 5-րդ տուրի մրցավեճի ելքը վճռեց Լեւոն Արոնյանը, որն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին: Մեր մյուս շախմատիստները պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Սերգեյ Մովսիսյանն ու Ռուսլան Պոնոմարյովը, Վլադիմիր Հակոբյանն ու Անդրեյ Վոլոկիտինը, Գաբրիել Սարգսյանն ու Պավել Էլյանովը:
Այդ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով գերազանցելով նույնպիսի արդյունք ունեցող ռուսներին, գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 9-ական միավորով առաջատարներին հետապնդում էին Ադրբեջանի եւ Խորվաթիայի հավաքականները: Ռուսները 2,5-1,5 հաշվով պարտության մատնեցին հունգարացիներին, նույնպիսի արդյունքով խորվաթները հաղթեցին ֆրանսիացիներին, ադրբեջանցիներն էլ առավելության հասան կանադացիների նկատմամբ (3,5-0,5):
Երեկ ռուսների հետ մրցավեճում գրանցվեց ոչ-ոքի: Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում 2 թիմերի առաջատարներ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Կրամնիկի հանդիպումը, որն ավարտվեց ռուս գրոսմայստերի հաղթանակով: Արոնյանն օլիմպիադայում առաջին պարտությունը կրեց: 2-րդ խաղատախտակի վրա Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին: Կարյակին-Հակոբյան, Սարգսյան-Յակովենկո պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Առաջատարների միջեւ գրանցված ոչ-ոքին հնարավորություն տվեց ադրբեջանցիներին 11 միավորով հավասարվելու Հայաստանին ու Ռուսաստանին: Նրանք 3:1 հաշվով հաղթեցին խորվաթներին:
Կանանց մրցապայքարում Հայաստանի հավաքականի համար 5-րդ եւ 6-րդ տուրերը հաղթական էին: 5-րդ տուրում մեր ընտրանին 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց Անգլիայի հավաքականին: Մեր թիմից հաղթեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանըՙ պարտության մատնելով Անիա Կորկեին եւ Սարահ Հեգարտիին: Մարիա Կուրսովան հաշտություն կնքեց Սաբրինա Չեւանեսի հետ: Իսկ Աննա Հայրապետյանը պարտվեց Կանվալ Բաթիային:
Հաջորդ մրցախաղում մեր շախմատիստուհիները 3,5:0,5 հաշվով առավելության հասան արգենտինացիների նկատմամբ: Միակ կես միավորը մրցակցին զիջեց Էլինա Դանիելյանը` հաշտություն կնքելով Կարոլինա Լուջանի հետ: Վերջապես հաջող խաղաց Լիլիթ Գալոյանը, որը 3 անընդմեջ պարտություններից հետո հաղթեց Մարիա Ֆեռնանդեսին: Լիլիթ Մկրտչյանը պարտության մատնեց Մարիա Պլազաոլային, Մարիա Կուրսովան էլ հաղթեց Էլեն Մարտինեսին:
6 տուրից հետո ՀՀ հավաքականը վաստակել է 8 միավոր: 11-ական միավորով առաջատարներն են ռուսներն ու լեհերը: Ռուսները ոչ-ոքի խաղացին Չինաստանի հետ, որը վաստակեց 10 միավոր, իսկ լեհերը 3,5:0,5 հաշվով հաղթեցին սերբերին: