Նախագահ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով Շիրակում էր եւ մասնակցել է Գյումրիի` ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված բազմապրոֆիլ բուժկենտրոնի բացման արարողությանը: Այս կենտրոնի կառուցումն ու սարքավորումը Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում են, որը համաֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը:
Նախագահն այցելել է նաեւ Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ ավելի վաղ եւս այցելել էր եւ խոստացել խնդիրների լուծում: Այս հիվանդանոցը եւս նորոգվել է կարճ ժամանակում եւ հագեցել ժամանակակից սարքավորումներով:
Մանրամասների մեջ չխորանալով անդրադառնանք նախագահ Սարգսյանի` շրջայցից հետո լրագրողների հարցերին տված պատասխաններին, ուր մի շարք, այդ թվումՙ քաղաքական, գնահատականներ են հնչել: Անդրադառնալով ադրբեջանցի մարդասպանին ազատ արձակելուց եւ Հայաստանի կտրուկ արձագանքից հետո զարգացումներին` նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ուղղությամբ հետեւողական, հաշվենկատ եւ սթափ շարունակելու են աշխատել ինչպես գործընկերային հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում` այդ մասին պարբերաբար տեղյակ պահելով մեր հասարակությանը. «Բայց օգտվելով առիթիցՙ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին եւ խնդրել, որ նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետեւ Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ:
Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, եւ մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որ մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքներին»:
Լրագրողներից մեկը առաջիկա կիրակի սպասվող Գյումրիի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ այն հարցին, թե ինչու ՀՀԿ-ն սեփական թեկնածուով չի գնում ընտրությունների, Սերժ Սարգսյանը հակադարձել է. «Իսկ ո՞վ է ասել, որ Սամվել Բալասանյանը օտար մարդ է: Եվ ի՞նչ է նշանակում, ընդհանրապես, սեփական թեկնածու: Գիտեք, այս առիթով ես ուզում եմ, որ մեկ անգամ եւս անդրադառնանք վերջին շրջանում տարբեր ժարգոններով հրապարակվող նյութերինՙ հենց այս «սեփական», «օտար», այսպես ասածՙ «դաբրո», «զապրետ» գողական տերմիններին: Ուզում եմ, որ բոլորի համար պարզ, հստակ, հասկանալի լինի, որ կուսակցությունները ստեղծվում են նրա համար, որպեսզի կարողանան ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: Մարդիկ մտնում են կուսակցություններ, որպեսզի իրենք եւս ակտիվորեն մասնակցեն քաղաքական իրադարձություններին: Իսկ ընտրություններից առավել քաղաքական իրադարձություններ չեն կարող լինել: Ուստի բնական է, որ կուսակցությունը, կուսակցության ղեկավար մարմինը կամ կուսակցության ղեկավարը պետք է սատարի կոնկրետ կուսակցականի կամ կոնկրետ անհատի: Սա` այս մասով: Այո՛, իրականությանը համապատասխանում են մամուլի այն պնդումները, որ Սամվել Բալասանյանին ես եմ առաջարկել առաջադրվել քաղաքապետի թեկնածու: Այո՛, դա այդպես է: Նախ համարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեզ թշնամի կուսակցություն չէ եւ ոչ էլ հակառակորդ: Մենք աշխատում ենք ընդհանրապես կայացնել արդյունավետ որոշում, օպտիմալ տարբերակ եւ եթե որեւէ տեղ առաջադրում ենք թեկնածու, ապա ծանրութեթեւ ենք անում, նկատի ունեմ, իհարկե, խոշոր համայնքները, եւ, հաշվի առնելով բոլոր «թեր» ու «դեմ»-երը, նոր միայն առաջադրում ենք քաղաքապետի թեկնածու: Կոնկրետ պարագայում, իմ կարծիքով, Սամվել Բալասանյանը լավագույնս կարող է լուծել այս համայնքում առկա խնդիրները: Նախ մթնոլորտ պետք է փոխվի Գյումրիում, եւ կարծում եմ, որ Սամվել Բալասանյանը կարող է այդ մթնոլորտը փոխել», ասել է Հայաստանի նախագահը:
Մ. Խ.