«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2012-09-01 | #152, 2012-09-04 | #153, 2012-09-05


ԱՐՑԱԽ. ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 3-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԸ

2012 թվականի օգոստոսի 8-15-ը Շուշի քաղաքում տեղի ունեցավ Արցախի «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության սկաուտական շարժման երրորդ բանակումը:

Օգոստոսի 8-ին տեղի ունեցած բանակումի բացման արարողությանը մասնակցում էին պետական բազմաթիվ պաշտոնյաներ, հոգեւոր հայրեր ու ծնողներ, ինչպես նաեւ Ստեփանակերտի, Շուշիի եւ Քաշաթաղի մասնաճյուղերը:

Արցախի սկաուտական շարժումն ունի երեք տարվա պատմություն եւ հովանավորվում է Արցախի պետության, հատկապես նախագահի կողմից, ինչը մեծ խթան է այս նորամանուկ շարժման զարգացման գործում:

Բանակումին մասնակցում էին նաեւ Հայաստանի անկախացումից հետո առաջին սկաուտական շարժմանՙ «Հայկազուններ-Հայ արիներ» սկաուտական շարժման հիմնադիրներ, անդամներն ու պատասխանատուները: Բանակումի կազմակերպչական խմբում էին նաեւ Իրանից ժամանած փորձառու սկաուտ պատասխանատուներ, որոնք աշխատում էին իրենց փորձը փոխանցել Արցախի նորակառույց սկաուտական շարժմանը:

Բանակումը տեղի ունեցավ Շուշի քաղաքի նախկին Գագարինի անվան պիոներական ճամբարի տարածքում, որտեղ ոչ մի շինություն չկա: Տարածքն ազատ էր, ծառաշատ գեղեցիկ բնությամբ ու կուսական անտառով: Սկաուտները մեկ շաբաթ բնակվեցին վրաններում: Նրանց առօրյան սկսվում էր մարզանքով, ստուգայցով, որտեղ խմբակները ստանում էին գնահատականներ, իսկ ամենաբարձր գնահատականը «Հաղթող դրոշակին» արժանանալն էր: Օրվա աշխատանքների բացման արարողությունից հետո մեկնարկում էին սկաուտական գիտելիքների դասընթացները, խաղերը, պարերը, երգերը, մրցույթները, արշավները, օրն ավարտվում էր 21.30-ի խառույկահանդեսով:

«Հայկի սերունդ» կազմակերպությունը նպատակադրել է այս բանակավայրը դարձնել համահայկական սկաուտական եւ երիտասարդական ճամբար, որից կարող են օգտվել ոչ միայն Արցախի ու Հայաստանի սկաուտներն ու երիտասարդները, այլ նաեւ սփյուռքահայ երիտասարդությունն ու սկաուտները: Բանակավայրը կարող է ծառայել նաեւ որպես տարածաշրջանի երիտասարդական տարբեր բնույթի ճամբարների կենտրոն: Նրանք նախապատրաստում են այս բանակավայրի շինությունների ու տարածքի դասավորման նախագիծը, որը ներկայացվելու է տարբեր հովանավորների: Ցանկացողներն իրենց կարողության չափով կարող են օգնել, աստիճանաբար ստեղծել հնարավորություններ, որպեսզի այս վայրն օգտագործվի ամբողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր հովանավոր կարող է օժանդակել կառուցելու որեւէ շինություն, օրինակ` խոհանոց, պահեստ, խաղադաշտ եւ այլն: Այդ օբյեկտները կկրեն հովանավորների անունները: Կազմակերպությունը հույս ունի, որ սփյուռքի, Հայաստանի ու Արցախի բարերարները կնպաստեն այս ազգօգուտ եւ նոր սերնդի դաստիարակման համար կարեւոր գործին:

Օգոստոսի 15-ին բանակումն ավարտվեց: Փակման արարողությունը նույնպես մեծ հանդիսավորությամբ նշվեց: Մասնակցում էին պետական բազմաթիվ պաշտոնյաներ, հոգեւոր հայրեր ու ծնողներ:

Փակման արարողության ընթացքում որոշ սկաուտներ ստացան լավագույն սկաուտի վկայագրեր, Իրանի եւ Երեւանի պատասխանատուները ստացան շնորհակալագրեր` աջակցության համար:

Իրանից ժամանած Ռուբիկ Սարդարյանը ` որպես Արցախում սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը եւ սկաուտական շարժման խորհրդատու, Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակի կապակցությամբ, արժանացավ պետական ոսկե հուշամեդալի:

Բանակումի փակումից հետո սկաուտական շարժման սկաուտապետը, պատասխանատուները եւ որոշ խմբակների պատասխանատուներ սփյուռքում սկաուտական շարժման հետ ծանոթանալու եւ դասընթացներ անցկացնելու նպատակով օգոստոսի 21-ին մեկնեցին Թեհրան:

Հաջողություն ենք մաղթում այս նորամանուկ շարժման ակտիվիստներին:

Դիմում ենք բոլոր բարերարներին ու սկաուտական փորձառու պատասխանատուներին` հնարավորությունների սահմաններում օգտավետ լինել Արցախում սկաուտական շարժման զարգացմանն ու տարածմանը:

Ռ. Ս.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4