«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2012-09-01 | #152, 2012-09-04 | #153, 2012-09-05


ԵԿԵՂԵՑՈՒ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՄՈՏ

Ինչ է զգում մարդը, երբ հավատքի տան դռներն իր առջեւ փակ է տեսնում: Վատ նշան է, կմտածի սնահավատը, Աստծո կամքն է, կասի հավատացյալը, հենց այնպես, պարզապես այցելուի մտքով ոչինչ էլ չի անցնի, որովհետեւ եկեղեցին էլ, աշխարհիկ մնացած ծառայությունների պես աշխատանքային իր ժամերն ունի, կասի, կշրջվի ու կգնա:

Ծաղկաձորը Հայաստանի հանգստի գոտիներից ամենահայտնին է ու զբոսաշրջության վայր է համարվում: Այս փոքրիկ քաղաքը աչքի է ընկնում ներկայանալի մի քանի հյուրանոցներով («Կեչառիս», «Ռոսիա», «Յուպիտեր»), մի շարք ռեստորան-խորտկարաններով, բացօթյա սրճարաններով: Քաղաքի կենտրոնը Ծաղկունյաց կոչվող շրջանաձեւ հրապարակն է, մի քանի նստարաններով, հաշված ծառերով, օրվա գրեթե բոլոր ժամերին անջուր շատրվանով, կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրիով եւ նորերս տեղադրված կրկեսի հայտնի արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի մի խեղճ արձանով. ճիշտ նույն զգացողությունը, ինչ Երեւանինն է:

Իհարկե, Օրբելի եղբայրների տուն-թանգարանը Ծաղկաձորի գուցե թե միակ նշանավոր մշակույթի օջախն է:

Քաղաքի շքեղությունը, սակայն, միջնադարի հայ ճարտարապետական գոհարն է, XI դարի Կեչառիսի վանական համալիրըՙ վերանորոգված եւ շրջակայքը բարեկարգված: Եվ յուրաքանչյուր այցելուՙ հանգստացող թե զբոսաշրջիկ, անպայման գոնե մեկ անգամ այցելում է եկեղեցական համալիր:

Շոգը այս ամառ Երեւանում ավելի էր սաստկացել: Մի քանի օրով շոգից փախածներսՙ Ծաղկաձորի անտառների զովին ապավինած, ցերեկներն, այնուամենայնիվ, այստեղ էլ արեւահարվելուց խուսափում, տնից դուրս չէինք գալիս, սպասում էինքՙ օրը երեկոյանա, արեւը մայր մտնի:

Հայոց պատմության դժվարին հարյուրամյակների միջով անցած Կեչառիսի վանական համալիրը ճարտարապետական նշանավոր կոթողներից է եւ պատահական չէ, որ իր կողմն է հրավիրում յուրաքանչյուր անցորդի ուշադրությունը: Օրվա տարբեր ժամերին Կեչառիսը տարբեր խորհուրդ ունի: Ընտրեցինք երեկոն: Մի տարեց կին թոռան ձեռքը բռնած եկեղեցու հենց դարպասներից հետ է դառնումՙ քթի տակ ինչ-որ բան ասելով: Մենք մտնում ենք եկեղեցու բակ, մոտենում կենտրոնական դռանը, փակ է, դուռն ամուր կողպված, փակ են դռները նաեւ մյուս եկեղեցիների: Հենց մուտքի մոտ, դարպասներին կից հուշանվերների խանութը, սակայն, բաց է, վաճառքումՙ հոգեւոր գրականություն, պատկերագրքեր, օրացույցներ, սրբանկարներ, քրիստոնեական հավատքի խորհրդանշաններով հուշանվերներ, խաչազարդեր, ծանոթ իրեր: Ներսում ասացին, որ եկեղեցին աշխատանքային ժամեր ունիՙ առավոտյան 9-ից մինչեւ 19.30: Երեսուն րոպե արդեն անց էր, եկեղեցին «աշխատանքային օրն» ավարտել էր, բայց հուշանվերների խանութը դեռ բաց էր, կիսատ գործեր կային... Եկեղեցու դռները փակում են, որովհետեւ թանկարժեք իրեր, գորգեր կան ներսում:

Առաջին անգամ եկեղեցի գնալիս, դռները փակ գտա: Սնահավատ չեմ, ոչ էլ մոլեռանդ հավատացյալ, խորապես գիտակցողն եմ քրիստոնեական արժեհամակարգի. արագ վանեցի մոտեցող մռայլ մտքերը... Հիշեցի տարիներ առաջ, երբ այս նույն վանական համալիր այցելեցինք լրագրող-մտավորականների մի խմբով, նաեւ արտասահմանցի թղթակիցների ընկերակցությամբ, շատ ուշ ժամ էր, գրեթե կեսգիշերն անց, բայց դռները փակ չէին: Խորհրդավոր պահեր ապրեցինք: Հիշեցի բժիշկ-բարեկամիս, այժմ Կանադա տեղափոխված, թե որքան էր վշտացել ու զարմացել, երբ Անգլիայից ժամանած հյուրերի հետ Երեւանից մեքենայով Հաղպատի վանքը տեսնելու էին գնացել, տեղ էին հասել երեկոյան ու եկեղեցու դռները, ցավոք, փակ գտել:

Կեչառիսի դարպասներից դուրս գալուց հայացքս հարեւանցի ընկավ պատի փորագիր գրություններին. վանական համալիրի վերանորոգման մասին մանրամասն տեղեկություններ էինՙ ռուսերենով եւ անգլերենով: Հայերենը իզուր էի փնտրում:

Կամաց-կամաց մթնում էր: Լուսնի գունատ ուրվապատկերը սպասում էր իր ժամին, երբ անտառը կվերածվի համասեռ մուգ զանգվածի, եւ ինքը դանդաղ կլողա ծառերի գագաթներին շատ մոտ, ասես քսվելովՙ տարածելով խորհրդավոր արծաթափայլը սառը մոլորակի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4