Հայաստանի կինոկենտրոնի, RK films, Global film production-ի հետ համատեղ նկարահանվում է «Անունս Վիոլա է» հոգեբանական միստիկ դրաման:
Սկսվել են նկարահանումները, սակայն ֆիլմը հանդիսատեսի դատին կհանձնվի 2013թ` Երեւանում եւ Լոս Անջելեսում: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Ռուբեն Քոչարը, օպերատոր` Գեւորգ Գրիգորյան, կոմպոզիտոր` Էմմա Զարոբյան, նկարիչ-դիմահարդար` Արմեն Այվազյան, պրոդյուսեր` Նարինե Քոչար: Գլխավոր դերակատարներ` Մաքսանս Քուզուբաշյան, Ջանեթ Սպիցեր, Լուսինե Ալեքսանյան, Զարուհի Հակոբյան: Ֆիլմում ներկայացված է երիտասարդ աղջկա հոգեվիճակ` ազատության ձգտման եւ աշխարհընկալման ճանապարհին: Սիրո եւ ընկերության հասկացողությունը փոշիանում է շրջապատի եւ հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից: Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփության մեջ, մինչ այն պահը, երբ հանդիպում է Աննային: Նա փորձում է ապրել իր նոր ընկերուհու կյանքով, կարծելով, որ դա կլինի իր փրկությունը շրջապատից, որտեղ կորցրել էր իր «ես»-ը: Մտնելով ընկերուհու կյանքը, պարզվում է, որ ընկերուհին եւս ունի շրջապատում եւ ընտանիքում անհանդուրժողականության խնդիր եւ որ իր վիճակն ավելի հանդուրժելի էր, քան նոր ձեռք բերած կյանքում: Հարցի լուծումն է` անէանալ, ձուլվել բնությանը` միակ մարդկայինին:
Գլխավոր դերակատարները, որոնցից մեկը ԱՄՆ-ից է, մյուսը` Ֆրանսիայից, ազգությամբ հայեր են: Դերասանուհի Ջանեթ Սպիցերը (ԱՄՆ) արդեն հասցրել է նկարահանվել մի շարք կարճամետրաժ ֆիլմերում, Էրիկ Ռոբերտսի ու Մայքլ Մադսենի հետ «The Trophy» ֆիլմում, «Ghost girls» հեռուստատեսային պիլոտում` որպես գլխավոր դերակատար, «Virginity» ֆիլմում մարմնավորել է երիտասարդ աղջկա, որին ստիպել են վաճառել իր անմեղությունը: Ջանեթն իրեն երջանիկ է համարում, որ նկարահանվում է «Անունս Վիոլա է» հայկական ֆիլմում, քանզի ունի հայկական արմատներ եւ իր համար մեծ պատիվ է նկարահանվելու հայկական ֆիլմում, հայոց հողի վրա, եւ իհարկե տաղանդավոր հայ կինոռեժիսորի մոտ. «Երբ կարդացի սցենարը, ցնցվեցի գլխավոր հերոսով, քանի որ յուրաքանչյուր կին իր կյանքի ընթացքում առնչվում է նման իրավիճակի հետ, եւ կարծում եմ յուրաքանչյուր դերասանուհու համար մեծ պատիվ է խաղալ նման կերպար: Ես նաեւ զարմացած էի սցենարի խորության վրա, թե ինչպես է նա կարողացել այդքան լավ արտահայտել կանացի զգացմունքները»:
Իսկ մյուս դերասանը` Մաքսանս Կուզբաշյանը Եղեռնից մազապուրծ հայի ծոռ է: Դերասանը շատ զգացված է, որ իրեն հայկական ֆիլմում նկարահանվելու հնարավորություն ընձեռվեց: Մաքսանսն իր ուրախությունը հայտնեց Երեւան գալու կապակցությամբ, քանի որ երբեւէ չէր եղել Հայաստանում:
Ռուբեն Քոչարը ներկայացնելով ֆիլմն ասաց. «Ֆիլմն առաջին հայացքից մեր ժողովրդի մասին է, սակայն հետագայում արծարծվում են այնպիսի թեմաներ, որոնք համամարդկային են: Ես փորձել եմ պատմել երկու ընկերուհիների պատմություն` ներկայացնելով նրանց ապրումները, հոգեվիճակը: Չնայած գործողությունները կատարվում են Հայաստանում, սակայն այդ ամենը կարող է կատարվել յուրաքանչյուր երկրում: Ֆիլմում ամենակարեւորը աղջիկների հոգեբանական հարաբերություններն են», եւ հավելեց. «Յուրաքանչյուր մարդ իր քաղաքում անհարմարավետություն է զգում, միշտ մեզ թվում է, թե դրսում ավելի լավ է, եւ միայն շփվելուց հետո ենք հասկանում, որ ամենալավը մեր տունն է: Ֆիլմի հիմքում ընկած է այդ հարցը` երբեք մի նայիր դուրս, եւ մի փորձիր գեղեցիկը գտնել դրսում, այլ գտիր քո մեջ, քանի որ այն քո մեջ է լինում»:
Անդրադառնալով դերասանների ընտրությանը, Ռուբեն Քոչարն ընդգծեց. «Մենք պետք է շփվենք ամբողջ աշխարհի հետ, գտնենք մեր հայրենակիցներին, որոնք ապրում են դրսում եւ ունեն որոշակի հաջողություններ: Հայաստանում դերասանական դպրոցը սխալ ուղի է մտել եւ այդ ուղին նրանց տանում է կործանման, որն իմ խորին համոզմունքն է: Երկար ժամանակ է ֆիլմի համար դերասանների փնտրտուքով էի զբաղված, եւ այդժամ հասկացա, որ այսօր մեզ մոտ դերասանական դպրոց գոյություն չունի: Մեծ դժվարության առջեւ կանգնեցի դերասանական կազմ գտնելու ճանապարհին, նամանավանդ` կանանց հարցում, բայց հետո պարզվեց, որ տղամարդ դերասաններ գտնելն ավելի դժվար է: Այսօր սերիալները ստիպողաբար դառնալով մեր կյանքի մի մասը, նոր դպրոց են բերում, եւ ինձ համար անակնկալ էր, որ այսպիսի շրջադարձ կլիներ թատերական արվեստում, քանի որ մեծամասամբ «դերասանները» իրական կյանքը եւ բեմը չեն կարողանում տարբերել»:
Ռեժիսորը կիսվելով մեզ հետ իր կարծիքով, ասաց, որ իր ֆիլմը բավականին լուրջ է, եւ չի կարծում, որ կգտնվի որեւէ ռեժիսոր, որը կհերքի այն:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ