1981 թվականի մարտի 7-ից Երեւանում շահագործվեց մետրոն, որը տարիներ անց անվանվեց քաղաքական գործիչ, մեր երկրի երկարամյա ղեկավար Կարեն Դեմիրճյանի անվամբ: Անցել է շուրջ 31 տարի, եւ «Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն երբեւէ չի դադարեցրել իր աշխատանքը, չնայած երեք տասնամյակի ընթացքում շատ սարքավորումներ հնացել են եւ մասնակի վերանորոգվել: Մայրաքաղաքի այդ կարեւոր փոխադրամիջոցի տնօրեն Փայլակ Յայլոյանի հետ «Ազգը» զրուցեց եւ խնդրեց տեղեկացնել, թե ինչ աշխատանքներ են տարվում մետրոպոլիտենի արդիականացման շուրջը եւ ովքեր են ֆինանսավորում այդ ծրագրերը:
«Իրավացի եք, որ 31 տարի մետրոն շահագործելուց բնականաբար մեծ խնդիրներ առաջացած կլինեն, եւ պատահական չէ, որ մեր կառավարության աջակցությամբ ձեռնամուխ եղան մետրոպոլիտենի վերականգնման ծրագիր կոչված միջոցառմանը, որը մեծ ներդրումներ է պահանջում: Կառավարության աջակցությամբ այդ ծրագիրը ֆինանսավորվեցՙ Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկի եւ Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրոմիության հարեւանության օգնության հանձնախմբի կողմից ներդրվեցին գրանտային միջոցներ»: Ընդհանուր թվում յուրաքանչյուրը ներդրել է 5 միլիոն եվրո, ծրագրի առաջին փուլով նախատեսված էր, ինչպես ասաց պրն Յայլոյանը, նոր տնտեսական գնացքների ձեռքբերում: Իսկ թե ինչ գործառույթ է իրականացնում տնտեսական գնացքը, տնօրենը պարզաբանեց. «Երբ մետրոն կեսգիշերին դադարեցնում է իր աշխատանքը, մինչեւ լուսաբաց տնտեսական գնացքը մտնում է գիծ եւ կատարում է վերանորոգման աշխատանքներ թունելներում, գծի ամրացման, շվալների փոխման: Մի խոսքովՙ գետնի տակ եղած տնտեսությունում, որը ուղեւորը չի տեսնում, այդ վեց ժամվա ընթացքում կատարում են սպասարկման աշխատանքներ, որից հետո միայն առավոտյան ժամը 6-ն անց 30-ից մետրոն իր դռներն է բացում ուղեւորների առջեւՙ անվտանգ ու ապահով: Ահա այդ տնտեսական գնացքը, 60 հատ անվասայլակ ենք ձեռք բերել, գլխամասային բոլոր վագոնների տակ փոխարինվել են բոլոր անվասայլակները, փոխվել են 30 կմ բարձրավոլտ մալուխները, շարունակվում են 30 տարվա պատմություն ունեցող փայտակոճերը, որոնք վթարային վիճակում էին: Ծրագրի ավարտին փոխվելու են նաեւ ու արդիականացվելու են բոլոր պոմպակայաններըՙ գրունտային ջրերի հեռացման նպատակով: Այս թվարկածս ծրագրի առաջին փուլին է վերաբերում, որի ավարտը կլինի 2013 թվին»:
«Ազգի» հաջորդ հարցը վերաբերում էր վերջերս կնքված նոր վարկային պայմանագրին եւ թե ինչ է նախատեսվում երկրորդ փուլով, տնօրենը պարզաբանեց. «Այո, նույն բանկերի կողմից, նույն չափաբաժնով (15 միլիոն եվրո- Մ. Մ.) ներդրումները կիրականացվեն 2013-ից, որում նախատեսված է դրենաժային թունելի շարունակություն, ինչպես գիտեք, 15 տարի այդ շինարարությունը մնացել է կիսատ «Զորավար Անդրանիկ» կայարանի հատվածում, եւ մյուս թունելների ջրամեկուսացման աշխատանքները պետք է շարունակվեն: Իհարկե, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ փուլում հնարավոր են մեծ խնայողություններ, որոնք էլ կդրվեն կոնկրետ շարժակազմերի նորացման, վագոնների արդիականացման խնդիրների լուծման վրա»:
«Ազգը» փորձեց տեղեկանալ, թե ինչ աշխատանքներ են տարվում մետրոյի նոր կայարաններ կառուցելու շուրջը, որպեսզի քաղաքի կենտրոնը բեռնաթափվի, ծայրամասերում բնակվողների երթեւեկը հեշտանա, եւ որ ամենակարեւորն է, լուծվի օդի աղտոտման կանխման հարցը: «Նման ծրագիր դեռ 30 տարի առաջ ներկայացվել է, դրանց շուրջը անընդհատ խոսում ենք, անընդհատ հարց է բարձրացվում, սակայն այդ հարցը ֆինանսական մեծ ներդրումներ է պահանջում, որը այսօր մենք դժվարանում ենք լուծել»: Իհարկե շատ լավ կլիներ, որ նոր կայարաններ բացվեին, սակայն պարզից էլ պարզ է, որ բարդ ու դժվարին է գումարներ հայթայթել, երբ մոտավոր հաշվարկով միայն «Աջափնյակ» կայարանի անավարտ շինարարությանը անհրաժեշտ է 100 միլիոն դոլար: Իհարկե, հարցը օրակարգում է, եւ ինչպես ասաց պրն Յայլոյանը, քաղաքապետի հանձնարարությամբ բանակցություններ են վարել տարբեր միջազգային կազմակերպությունների հետ:
Իսկ մետրոյի արժեքի կրկնակի դարձնելը օգնե՞ց, թե՞ վնասեց եւ արդյոք ուղեւորների թիվն էլ նվազեցՙ պարոն Յայլոյանը ասաց. «Մետրոյի սակագինը 100 դրամ դարձնելը միայն օգուտ բերեց: Եկամուտներն ավելացան, եւ դրանք դրվում են մետրոպոլիտենի կայարանների աշխատանքների, շարժասանդուղքների, վագոնների նորացման, ինժեներական կառույցների արդիականացման, մի խոսքովՙ անվտանգության խնդիրների վրա»: Այսօր մետրոպոլիտենում աշխատում են 1150 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 117.000 դրամ: Այսօր արդեն մետրոյի գնացքները աշխատում են ամբողջովին էլեկտրոնային համակարգով, 10 կայարաններում տեղադրված են տեսախցիկներ, որոնցով շուրջօրյա հսկվում է մետրոյի եւ ուղեւորների շարժը: Նոր վագոնները շատ հարմարավետ են եւ աշխատելու են համակարգիչներով, սեպտեմբերի 1-ից 6 այդպիսի վագոն կմտնի շարժակազմ:
«Ազգի» հարցինՙ արդյոք գրանցվե՞լ են գողություն, գրպանահատում եւ այլ հանցագործություններ, տնօրենը միանաշանակ ասաց, որ որեւէ դեպք չի գրանցվել եւ մետրոյի կայարաններում 180 ոստիկաններ անվտանգությունը ապահովում են: Մեկ նորություն էլՙ մետրոյի կայարաններումՙ արդեն տեղադրվել են նստարաններ պլատֆորմի վրա (Երիտասարդական կայարան), եւ այդ լավ գործը կշարունակվի ու կգեղեցկացվի նաեւ ծաղիկներով, պատմում էր մետրոպոլիտենի տնօրենը եւ իր աշխատավայրից էկրանի վրա հսկում էր մետրոյի 10 կայարանների տվյալ պահի շարժը: Իսկ օրվա ողջ շարժը ձայնագրվում է ու պահվում է 15 օր: Հուսանք, որ կգտնվեն ֆինանսներ եւ կկառուցվեն նոր կայարաններ, որը երեւանցիների վաղեմի երազանքն է, հատկապես ծայրամասերի բնակիչների:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ