Հարգարժան խմբագրություն
Սիրով ծանոթացա Ձեր թերթում (31 օգոստոսի 2012 թ.) տպագրված Արտեմ Դավթյանի «Պետք է վերացվի անջրպետը համայնքի ղեկավարի եւ բնակչի միջեւ» հոդվածում Այգեստանի գյուղապետի թեկնածուի արտահայտած մտքերին:
Սկզբից ասեմ, որ յոթ տասնյակս բոլորած, երեք համալսարանի դիպլոմ ունեցող, նախկինում ինժեներ, իրավախորհրդատու, դատախազ աշխատած, երկու գրքի հեղինակ Սոկրատ Հովսեփյանս ստիպված եմ անդրադառնալ նրա որոշ մտքերին, որոնք անձնական վիրավորանք են պարունակում իմ հասցեին: Պարզապես զարմանում եմ, որ միշտ զուսպ կեցվածք դրսեւորած Ձեր թերթը տպագրել է նրա զազրախոսությունները:
Ասեմ, որ 70 տարեկան ծերուկս առողջական որեւէ պրոբլեմ չունի, այդ մասին նա քաջ տեղյակ է: Տղամարդկային ոչ մի որակ չեմ կորցրել առ այսօր:
Գյուղապետության չորս տարիներին գյուղում իմ ղեկավարությամբ կատարվել են այնքան մեծ ծավալի աշխատանքներ, որը չեն կատարվել անգամ խորհրդային 70 տարիների ընթացքում:
Միայն թվերՙ անցկացվել է 18 կմ խմելու ջրագիծ, վերանորոգվել են մանկապարտեզը, գյուղապետարանի շենքը, գրադարանը, մշակույթի տունը: Անցկացվել է 3 կմ գազատար եւ այլն: Կարճ կապեմ, գյուղում կատարվել է մոտ 170 միլիոն դրամի աշխատանք, իսկ բյուջեից չի օգտագործվել եւ ոչ մի լումա, այն էլ ասեմ, որ դրսից էլ որեւէ լումա օգնություն չի եղել:
Ավագանու նոր ընտրության ժամանակ ՀՀԿ-ի կողմից (մի՞թե որեւէ մեկը բռնել էր Դավթյանի ձեռքից, որ 19 թեկնածու էլ իր կուսակցությունն առաջադրեր) առաջադրել է 9 թեկնածու, որից միայն մեկն է ՀՀԿ-ի անդամՙ Անուշ Գրիգորյանը:
Ոռոգման ջրի հարցով կասեմ, թե այդ բնագավառում եղած պրոբլեմները ինչ արագությամբ են բարձրացվել ջրային պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի առջեւ եւ այդ բնագավառում երկու հանցագործների նկատմամբ ում դիմումի հիման վրա են Արտաշատի ոստիկանության բաժնում նյութեր նախապատրաստվել եւ 600 հազարի չափով վերականգնվել պետությանը պատճառած վնասը:
Ինչ վերաբերում է իմ հողերի ջրելուն, ասեմ: Ես գյուղում ունեմ իմ եւ երեխաներիս անունով 2 հա հող, որից 0,2-ը սեփականաշնորհված է, իսկ մնացածը գնել եմ:
Արտե՛մ, դու երբեւէ կով պահե՞լ ես, կովի տակ մաքրե՞լ ես, հող փորե՞լ ես, ջուր արե՞լ ես, խոզի տակ մաքրե՞լ ես: Իսկ ես այդ ամենն արել եմ, երբ դատախազ էի: Արտե՛մ, չկա գյուղացի, որ իմ կաբինետն ազատ չմտնի, ինձնից խորհուրդ, օգնություն չստանա:
Արտե՛մ, սեպտեմբերի 7-ին, ժամը 19-ին քեզ հրավիրում եմ Մշակույթի տան բակում իմ կողմից կազմակերպվելիք հանրահավաքին:
Ե՛կ եւ եթե բան ունես ասելու, ազատ արտահայտվի՛ր:
Հանրահավաքից թող երեւա, թե ո՞վ ով է:
ՍՈԿՐԱՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Այգեստանի գյուղապետ, գյուղապետի թեկնածու
(Նամակը հրատարակվում է որոշ կրճատումներով - ծ. խ.)