Առաջարկում է «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը
ՏԻՄ-ի սեպտեմբերի 9-ի ընտրությունների նախաշեմին, սրանից ամիսներ առաջ, Գյումրու բարեփոխման «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության ծնունդը, նրա անդամներից համայնքային նոր ավագանու անդամության թեկնածուների յոթհոգանոց միասնական թիմի եւ Գյումրու զարգացման միասնական ծրագրի ստեղծումը կարող են մեզանում նոր մշակույթի ձեւավորման հիմք դառնալ: Անշուշտ` եթե հասարակությունն ինքը պատրաստ լինի դրան եւ ընդառաջ քայլ անի ընտրություններում:
Գյումրու զարգացման այս ծրագիրն, այսպիսով, «Քաղաքը մերն է» նախաձեռնության ընդհանուր եւ ավագանու անդամության նրա յոթ թեկնածուների նախընտրական ծրագիրն է: Նրա նախաբանում մասնավորապես նշվում է, որ քաղաքացիական նախաձեռնությունը գալիս է ավագանու աշխատանքի որակը բարելավելու եւ արդյունավետ կառավարում ապահովելու, տեղական ինքնակառավարման որակապես նոր մշակույթ ձեւավորելու համար: Իսկ ծրագիրը, ինչպես նշում են հեղինակները, պարունակում է Գյումրու առաջիկա 15-20 տարիների հիմնական մարտահրավերների պատասխանները` այնպես, ինչպես իրենք զորել են մշակել: Այդ խիստ ծավալուն փաստաթղթի գեթ առանձին կարեւոր հարցադրումներ փորձենք հակիրճ ներկայացնել:
Տնտեսություն
Չորս մասից կազմված այս ծրագրի հայեցակարգային ուղղություններից են բյուջեն ինքնահոսայինից ծրագրային դարձնելու գաղափարը, մարդակենտրոն քաղաքային մշակույթի եւ կյանքի կառուցումը, բնակավայրի կենտրոնի ու մյուս թաղամասերի կենսական միջավայրի կոնտրաստի նվազեցումը, արտաքին կապերի զարգացումն ու քաղաքի սնուցման այլընտրանքային աղբյուրների ձեւավորման խնդիրները:
Տնտեսությանը վերաբերող առաջին մասում նշվում է, որ Գյումրու բնակչության արտագաղթի հիմնական պատճառներից մեկը արդյունաբերության աղետալի վիճակն է: 1980-ական թվականներին քաղաքի տնտեսությունում զբաղվածների թիվը 75 հազարից ավելի է եղել, այդ թվում 45 հազարն աշխատել են արդյունաբերական ձեռնարկություններում: Նշված տարիներին Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի 8 տոկոսը բաժին է ընկել այս քաղաքին, իսկ 21-րդ դարի սկզբին այդ ցուցանիշը կազմել է 1,5 տոկոսը: Երբեմնի տեքստիլագործների, ինժեներների ու շինարարների քաղաքը վերածվել է առեւտրավաշխառուական բնակավայրի:
Ծրագրի հեղինակները հարկ եղած համագործակցության շրջանակներում գործնական քայլեր ձեռնարկելու հնարավորություն են տեսնում քաղաքի մասնավորապես սննդի, թեթեւ, շինանյութերի արդյունաբերության եւ մեքենաշինական մի քանի ձեռնարկություններ որոշակի ծավալներով վերաշահագործելու համար: Նախատեսվում է ավագանու եւ քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Շիրակի ու հանրապետության լավագույն տնտեսագետների հետ համատեղ 2013 թվականին մշակել արդյունաբերության զարգացման համալիր ծրագիր, որից հետո ՏԻՄ-ը դիմելու է հանրապետության կառավարությանը եւ հնարավոր դոնորներին ու շահագրգիռ գործարարներին` համատեղ ֆինանսական ներդրումներ կատարելու առաջարկներով: Մյուս կողմից, համայնքային բյուջեում ավագանին որոշակի գումար պետք է հատկացնի քաղաքի տեղական արդյունաբերությունը խթանելու, մասնավորապես` կոոպերացիոն արտադրության զարգացման համար: 1920-ական թվականներին, ինչպես նշվում է, Գյումրին ներկայիս համեմատ ավելի վատ վիճակում է եղել, սակայն տեղական արդյունաբերության զարգացման շնորհիվ կարողացել է կարճ ժամանակում դուրս գալ սոցիալ-տնտեսական ճգնաժամից: Նախատեսվում է ուսումնասիրել եւ քննարկել ձեռնարկությունների տեղական հնարավոր արտոնությունների, այդ թվում ավագանու իրավասությունների շրջանակներում հողի հարկի եւ գույքահարկի չափերի փոփոխության, քաղաքում գործարարության զարգացման համայնքային հիմնադրամ ունենալու նպատակահարմարությունը, Գյումրիում բացել առեւտրաարդյունաբերական պալատ, որի նպատակը կլինի մարզում արտադրված ապրանքների իրացման խնդիրներով զբաղվելը:
Բավական ուշադրություն է նվիրվում արտադրական ենթակառուցվածքներին: Ի թիվս բազմաթիվ այլ միջոցառումների, առաջարկվում է քաղաքային ավտոկայանի վերակառուցում կամ տեղափոխում Կայարանամերձ հրապարակ, միջպետական եւ հանրապետական մայրուղիների երթուղիների փոփոխություն, որպեսզի դրանք շրջանցեն քաղաքի կենտրոնական հատվածը: Քաղաքաշինության բաժնում կարեւորված են, մասնավորապես, «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի կարգավիճակի վերականգնումն ու նրա հետագա զարգացումը, բնակավայրի գոտեւավորման նոր նախագծի մշակումն ու ընդունումը: Այսօր համարյա կազմալուծված է Գյումրու քաղաքային տրանսպորտը, որտեղ միակողմանի տերուտնօրենը երթուղայինների «գծատերերն» են: Ծրագրում խնդիր է դրվում ձեւավորել քաղաքային ուղեւորափոխադրման տնտեսություն, ամեն տարի ձեռք բերել որոշակի քանակությամբ նոր ավտոբուսներ, նորից ստեղծել քաղաքային ավտոբուսային պարկ, նորոգման համակարգ, իրական մրցակցային պայմաններ, հսկողություն սահմանել երթուղիների սպասարկման որակի նկատմամբ:
Սոցիալական
Ծրագրի երկրորդ մասը նվիրված է սոցիալական ոլորտին, որի բաժիններից առաջինը անօթեւանության խնդրի կարգավորումն է եւ սրա հետ կապված մի շարք հարցերում տեղական ինքնակառավարման մարմնի անելիքները: Փաստաթղթում բերված հաշվումներով այսօր Գյումրիում, ընդհանուր առմամբ, անօթեւան է մոտավորապես 6 700 ընտանիք` 29 500 մարդ կամ քաղաքի փաստացի բնակչության մոտ 25 տոկոսը: Նրանց թվից պետությունն այժմ ճանաչում է միայն երկրաշարժի հետեւանքով անօթեւան 2 200 ընտանիքների` իր կողմից փոխհատուցման իրավունքը: Պետության կողմից փոխհատուցման ոչ ենթակա մնացած 4500 ընտանիքների թվում են, նաեւ, երկրաշարժից անօթեւան եւ չհաշվառված, պետության կողմից հաշվառված, ուսումնասիրված եւ մերժված, սեփական տներ կորցրած որոշակի թվով ընտանիքներ, խոշորացած եւ կիսված 1900 ընտանիքներ: Երկրաշարժից անցած շուրջ քառորդդարյա ժամանակամիջոցում այդ աղետից անօթեւան ընտանիքների կազմերն անդամների թվով եւ կառուցվածքով աճել են, եւ շատ դեպքերում, ասենք, 1988 թվականի 5 հոգանոց ընտանիքը դարձել է 8-10-12 հոգի: Այդ ընտանիքներին երկրաշարժին կորցրածի չափով բնակարանի հատկացումը, ինչը նախատեսված է ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 10-ի N 432 որոշմամբ սահմանված կարգով, չի լուծում ընտանիքի բնակարանային խնդիրը. ընտանիքի անդամների մի մասը տեղափոխվում է նոր ստացած բնակարան, իսկ մյուսները դատապարտված են մնալ տնակներում:
Եթե նրանց խնդիրները պետությունը համեմատաբար կարճ ժամանակում լուծած լիներ, անօթեւանների ընդհանուր թիվն այսօր քաղաքում ավելի քան քառակի պակաս կլիներ, արձանագրված է ծրագրում: Ու եթե այժմ էլ նման եւ նշված այլ խնդիրների լուծումների տարբերակներ չգտնվեն, քաղաքում անօթեւանների թիվը 5 տարի հետո կաճի 10-15 տոկոսով, 10 տարի հետո կաճի 20-30 տոկոսով, եւ այսպես շարունակ: Ծրագրում առաջարկվող տարբերակներ են պետական բնակարանաշինության շարունակումը, բարեգործների, բարեգործական կազմակերպությունների, գործընկեր երկրների կառավարությունների հիմնարկների ներգրավումը, տեղի անօթեւանների համար մատչելի եւ երկարաժամկետ վարկերով բնակարանաշինության խթանման մեխանիզմի մշակումն ու ներդրումը, որոշ կատեգորիաների համար էլ` համայնքային, պետական, բարեգործական միջոցներով կառուցվող սոցիալական բնակարանների կամ արժանապատիվ հանրակացարանների կառուցումն ու ժամանակավոր օգտագործման տրամադրումը:
Փաստաթղթում արձանագրվում է, որ Գյումրիում դեռ շարունակում է գերակայող մնալ նաեւ սոցիալական օժանդակության անհրաժեշտությունը: 2012 թվականին աղքատությունը Շիրակի մարզում 47 տոկոս է, եւ սննդի, հագուստի, կացարանի, առողջապահության, կրթության եւ մասնագիտացման հարցերում ուղղորդված օժանդակության կարիք կա: Սոցիալական բաղադրիչն արդյունավետ օգտագործելու եւ խոցելի խմբերին հետզհետե գործունակ ու ինքնաբավ դարձնելու նպատակով նախատեսվող քայլերից են քաղաքապետարանի սոցիալական քաղաքականությունն իրագործելու կոչված սոցիալական հիմնադրամի ստեղծումը, սոցիալական ձեռնարկությունների հիմնումը, առանձին խմբերի մասնագիտական ուսուցման կազմակերպումը եւ այլն: Մանրամասն հարցադրումներ կան նաեւ` կապված կրթության, առողջապահության, մշակույթի, հոգեւոր կյանքի զարգացման, զբոսաշրջության խթանման, քաղաքացիների հանգստի, ժամանցի պայմանների ստեղծման հետ:
Բավական մանրամասն մշակված են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության ծրագրի նաեւ երրորդ ու չորրորդ մասերը` շրջակա միջավայր եւ Շիրակի մարզի կայուն զարգացում, տեղական ինքնակառավարում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ